Բաժիններ՝

Երբ 21-րդ դարում լույսը երազանք է դառնում. Քաշաթաղի շրջանում ընդհանրապես տեղյակ չեն «Սմերչի» առքուվաճառքից

Եթե Ղարաբաղի մի քանի շրջաններում և Ստեփանակերտում քաղաքացիներին անհանգստացնում է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից «Սմերչ» զինատեսակի ձեռքբերումն ու դրա հետևանքները, Քաշաթաղի շրջանի Եզնագոմեր համայնքում, որն ընդգրկում է Եզնագոմեր, Սպիտակաջուր և Շրվական գյուղերը, ընդհանրապես տեղյակ չեն այդ մասին: Պատճառը ոչ թե նրանց անտարբերությունն է, այլ 21-րդ դարում թերևս զարմանալի այն փաստը, որ նրանք նույնիսկ լույս չունեն, որ տեղեկանան, թե աշխարհում ինչ է կատարվում: Այս մասին գրում է karabakh-open.info-ն:

Նրանց աշխարհն այսօր իրենց՝ մինիմալ պայմաններից զուրկ տներն են, այգիներն ու անասունները, առանց լույս անցկացված ցանկացած օրը, մոտակա վայրի բնությունն ու անուշահոտ ծաղիկները, գայլերն ու հաճախ հանդիպող արծիվները: Իհարկե, մի կողմից կարելի է ասել, որ մարդն այստեղ մարդ է մնացել ու հեռու է գլոբալիզացիայից, այս կամ այն քաղաքական գործչի տեղի-անտեղի հայտարարություններից, սակայն կան մինիմալ բաներ, որոնք լուրջ խնդիր են այդ երեք գյուղերի բնակիչների համար:

LXH0

LXH2

Կարդացեք նաև

Փոքրիկ Լիանան, Աստղիկն ու Նարեկը, ովքեր ապրում են Եզնագոմեր գյուղում, գաղափար անգամ չունեն մուլտֆիլմերի, էլ չեմ խոսում համակարգչի ու համակարգչային խաղերի մասին, հեռուստացույց տեսել են մեկ կամ մի քանի անգամ, այն էլ Հայաստանում բնակվող բարեկամների տանը: Այս փոքրիկ հերոսներին նայելով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս դարում չեն ապրում, ու կամա, թե ակամա մի քանի դար ետ ես նայում: Այս փոքրիկների պարզ ու անմեղ աչքերում կարելի է տեսնել ամեն ինչ, եւ այն, որ նրանք նույնիսկ երազանք չունեն. ինչի՞ մասին երազեն, երբ գյուղի կյանքից ու անլույս երեկոներից բացի ոչինչ չեն տեսել: Լիանան ասում է, որ Երեւանում ապրող բարեկամների տանը համակարգիչ տեսել է ու գիտի, որ խաղում են տարբեր խաղեր, բայց չի ցանկանում այն ունենալ, քանի որ միացնել չի կարող: Հո՞ լամպից չի միացնելու, այն միակ լամպից, որի լույսի ներքո իր հասակակիցները դաս էին սովորում նախորդ դարում:

Այս ամենը, սակայն, փոքրիկներին չի մտահոգում ու նրանք շարունակում են սիրել իրենց ծննդավայրը, ապրել ու դպրոց հաճախել, խաղալ իրենց ամենօրյա խաղերը՝ խոտածածկ ու շներով առատ գյուղի փողոցներում. այստեղ ամեն մի փոքրիկ գիտի ինչպես դիմավորել հերթական հաչող շանը, ով փորձում է մասնակիցը լինել մանկական խաղի:

Ի տարբերություն փոքրիկների, երիտասարդներն այդ պայմաններից հոգնել են. ասում են, որ նրանց համար շատ ձանձրալի է գյուղում, որտեղ լույսը երազանքի նման մի բան է դառնում, որտեղ ամեն մի պաշտոնյա այցից հետո խոստանում է երկու շաբաթից կամ մեկ ամսից լույսի հարցը լուծել, սակայն նման պայմաններում ապրող հերոս երեխաները տարիներով լամպի կամ մոմի լույսի ներքո շարունակում են դասերը սովորել՝ հաճախ իրար խանգարելով ու իրար հետ կռվելով, քանի որ երեկոյան հավաքվում են ընդամենը մեկ լամպի շուրջ:

Այսպես էլ ապրում են՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհից ընդամենը 50-60 կմ, իսկ էլեկտրաէներգի ունեցող հարեւան Բերդիկ գյուղից շուրջ 10 կմ հեռավորության վրա գտնվող այս երեք գյուղերում:

Անահիտ Դանիելյան
karabakh-open.info

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս