Բաժիններ՝

Փարվիզի տխուր պատմությունը՝ երևանյան կինոփառատոնում

Իրանական «Փարվիզ» ֆիլմը «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի ֆավորիտներից է՝ ոչ միայն դերասանական խաղի, ռեժիսորի վարպետության, սցենարի յուրահատկության ու էմոցիոնալ լինելու, այլև՝ գլխավոր դերակատար հայկական ծագում ունեցող Լևոն Հաֆթվանի շնորհիվ: «Ոսկե ծիրանը» նախկինում ևս անդրադարձել է իրանական կինոարվեստին, որը միշտ էլ սիրվել է հայ հանդիսատեսի կողմից։ Դա հատկապես ուրախություն է պատճառում ֆիլմի ռեժիսոր Մաջիդ Բարզեգարին, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ հպարտ է երևանյան կինոփառատոնին իր ֆիլմը ներկայացնելու առիթով:

«Իրանական լուրջ կինոն երկար անցյալ ունի: Այն տարբեր ժամանակաշրջաններ է ապրել՝ հասարակական ու քաղաքական տեսանկյունից: Իմ կարծքով հիմա այն ժամանակն է հասունացել, որ իրանական ռեժիսորների նոր սերունդը, անկախ կողմնակի խնդիրներից՝ քաղաքական իրադրությունից, հասարակական բարքերից, նոր ձայն ու արժեք ստեղծի կինոարվեստի մեջ»,- ասաց ռեժիսորն՝ ավելացնելով, որ «Փարվիզը» նկարահանվել է հենց այս սկզբունքները հաշվի առնելով: Մաջիդ Բարզեգարի հավաստմամբ, ֆիլմը ներկա իրանական քաղաքական ու հասարական մթնոլորտի արծարծումն է:

Հերոսը՝ Փարվիզը, 50-ամյա տղամարդ է, ով ապրում է սովորական կյանքով: Նա լուռ է ու բարի, գումար է վաստակում տարաբնույթ աշխատանքներով, օգնում է բոլորին: Նրան սիրում են իր թաղամասում, թեև բոլորն էլ միակարծիք են, որ Փարվիզն անհաջողակ է կյանքում: Նա ապրում է իր անբարեհամբույր հոր հետ, ով մի օր հանկարծակի հայտարարում է, որ պատրաստվում է ամուսնանալ: Մի քանի օր անց հայրը բնակարան է վարձում Փարվիզի համար և նրան վռնդում է տանից: Սեփական հոր նման արարքն օրինակ է ծառայում շրջապատի մյուս անդամների համար, և հասարակությունը հետզհետե մեկուսացնում է Փարվիզին: Հասարակության անտարբերությունն ու մերժողական վերաբերմունքն այնքան են խորանում, որ մարդուն վերածում են իրական գիշատիչի: Ռեժիսորին հաջողվել է վարպետորեն և սյուժետային հարթ զարգացման միջոցով արտահայտել համամարդկային արդիական այս հիմնախնդիրը: Պարզաբանելով ֆիլմի սյուժեն` ռեժիսորն ասաց, թե «ամեն մեկն՝ անկախ նրանից՝ որտեղ է ապրում, կարող է իր մեջ Փարվիզ ունենալ»: Հենց սա է, որ ժապավենը դարձնում է համամարդկային ու տպավորիչ:

«Մենք աշխատում ենք, որ մեր կինոն ունենա իրանական ձայն, բայց առնչվի համամարդկային խնդիրներին: Փարվիզն այն մարդկանց մասին է, ովքեր անտեսվում են, հասարակության կողմից, չեն նկատվում: Իսկ նման մարդիկ աշխարհում շատ են»,- պատմեց իրանցի ռեժիսորը: Նա վստահություն հայտնեց, որ իր կարծիքով, կայուն կյանքով ապրող ցանկացած մարդ, ով կանտեսվի իր կողմից սիրված մարդկանց կողմից, կտար այն ռեակցիան, ինչ Փարվիզը:  «Դա երեսուն տարվա ճնշման պոռթկումն էր»: Իսկ թե ինչպե՞ս է հաջողվում միջազգային մակարդակի ֆիլմեր ստեղծել, ռեժիսորի մեկնաբանությամբ` հեշտ չէ, բայց հետաքրքիր է. «Մենք ֆինանսական խնդիրներ ունենք, ինչպես նաև որոշ սահմանափակումներ, որոնք դժվարացնում են աշխատանքը: Օրենքի սահմանափակումները պետք է կարողանանք հարգել, բայց միևնույն ժամանակ ստեղծենք նորը: Ֆինանսական դժվարոթյունները մեզ մոտ մեծ են շատ, բայց դիմադրում ենք, այնպիսի փողերով ենք կինո նկարում, որ երևի ձեզ համար է զարմանալի լնի»: Իր ֆիլմերն էլ ցուցադրման իրավունք Իրանում չունեն, բայց նրա հավաստմամբ, սա իրեն չի հիասթափեցնում նոր ժապավեններ ստեղծելու հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս