Բաժիններ՝

Ջրառատ Մասիսում խմելու ջուրը փողով են գնում

Ժամանակին, երբ Հայաստանի լեգենդար խմելու ջուրը վաճառեցինք ֆրանսիացիներին, իրենք էլ սկսեցին հաշվիչներ տեղադրել, և ամենաշատ խնդիրներն ունեցան Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի բնակիչները: Ժամանակին ջրառատ, ճահճային համարվող տարածքներում ջուրն այնքան առատ էր, որ շատերը ծորակ ու փական չունեին, և ջուրն անընդմեջ էր հոսում: Իսկ երբ սկսեցին ջրաչափ ու փական տեղադրել, ջրի ճնշումին 50 տարվա վաղեմության, արդեն հողի տակ փտած ու ժանգոտած խողովակները չէին դիմանում: Այն ժամանակ նոր սեփականատերերը խոստովանեցին, որ սխալ տեղից էին սկսել, պետք է սկզբում խողովակաշարերը փոխվեին:

Սակայն մեկ տասնամյակի ընթացքում մարզի ու շրջանի խմելու ջուրը  պակասեց Հեղնար աղբյուրի նման: Պակասեց, դարձավ «ժամով», ու երեկոյան ժամը 21:00-ից հետո բնակչության խմելու ջուրը կտրում են՝ դաշտերում մինչև երեկոյան տասն աշխատող գյուղացիներին զրկելով քաղաքակրթության գյուտից, այն է՝ գազատաքացուցիչով լողանալու հաճույքից: Իսկ ինչ վերաբերում է խմելու ջրի որակին, համ ու հոտին, ինչպես բնակիչներն են ասում՝ «ավելի լավ է չխորանանք»: Կամ պիտի թունավորվես, ընկնես հիվանդանոց, կամ փորացավ ընկնես ու զուգարանից դուրս չգաս, կամ էլ` վճարես: Մասիսի գյուղերում, հատկապես՝ փոքր երեխա ունեցողները, վաղուց «կռանտի ջուր» չեն խմում: 50 հազարանոց ապարատ են տեղադրում, և ամեն օր փողով ջուր գնում՝ 6 լիտրը 350 դրամով: Իսկ այն մարդիկ, ովքեր դրա հնարավորությունը չունեն, մետաղյա բիդոնները լցնում են ավտոմեքենան, գնում հասնում են Նուբարաշեն՝ Գառնու ջուր բերելու: Համ խմել է լինում, համ էլ անվտանգ է:

Իսկ ջրմուղի թեժ գիծը` 1-71-ը, միշտ չէ, որ պատասխանում է: «Այդպիսի համար գոյություն չունի»,- բարեհամբույր ու անընդհատ «պատասխանում» է ինքնապատասխանիչը: Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան զայրացած մտել է փոստ, թեժ գծի համարն իմացել, զանգել ու մի լավ շշպռել… Փաստորեն, լավ վիրավորվել են թեժ գծում, զայրացել և մյուս բնակիչներին թողել ինքնապատասխանիչի հույսին:

Արարատի մարզ

Կարդացեք նաև

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս