Տնտեսական պուճուրիկ ցնցումներ
Շաբաթվա ամենացնցող տնտեսական իրադարձությունը կատարվեց Արագածոտի մարզում: Մոտ 200 գյուղացիներ փակել էին Երևան-Վանաձոր մայրուղին: Մարդիկ պահանջում են վճարել իրենց թոշակները, որոնք չեն վճարվում արդեն երկու ամիս: Եվ այս ամենը կատարվում է գազի, էլեկտրաէներգիայի ու տրանսպորտի ուղեվարձերի թանկացման ֆոնին: Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը խոստացել է ծանոթանալ մարզում առաջացած խնդիրներին: Այս տեղեկատվությունը կարելի է որակել զավեշտական: Նախարարին հավանաբար մի քանի շաբաթ անհրաժեշտ կլինի ուսումնասիրելու համար, թե ինչ է կատարվում թոշակների ոլորտում: 2000-ից ի վեր թոշակները մեր երկրում բաժանվում էին ճիշտ ժամանակին: Այս ոլորտում դժգոհություններ չկային տարիներ շարունակ: Ոլորտում պարբերաբար ցնցումներ լինում էին, իհարկե:
Իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում էին կենսաթոշակների ու նպաստների ցուցակների ճշգրտման ու բեռնաթափման մասին: Խոսում էին համակարգի կատարելագործման մասին, նոր օրենք ընդունում: Բայց այդ ամենը չէր խանգարում թոշակները ճիշտ ժամանակին վճարել: Նույնիսկ այն պահին, երբ քրեական գործ հարուցվեց, ու ձերբակալվեց Կենսաթոշակային հիմնադրամի ղեկավար կազմը: Ձերբակալվեց համարյա ամբողջությամբ: Հիմա մեր իշխանությունները կրկին զբաղված են կենսաթոշակային ցուցակների ճշգրտմամբ: Անցած ամիս նույնիսկ պաշտոնապես դիմեցին թոշակառուներին` ասելով, որ ցուցակների ճշգրտման պատճառով կարող են որոշ մարդկանց անուններ թյուրիմացաբար դուրս մնալ:
Հետևաբար` հայցում էին թոշակառուների ներողամտությունը: Պարզ ասած` լրիվ 19-րդ դարին հարիր վիճակ: Այն դեպքում, որ մեր երկիրը 1994թ. ի վեր 100-ավոր մլն դոլարներ է վարկ վերցրել կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու համար: Իսկ Կառավարությունը հնարավոր (հաճախ` նաև անհնար) բոլոր առիթներով խոսում է նոր տեխնոլոգիաների, ինովացիաների ու նման այլ բաների ներդրման ու զարգացման մասին: Նույնիսկ կառավարման ոլորտում ներդրման մասին:
Բայց իրականում մեզ կառավարում են հաշվետար Կորեյկոյին վայել մեթոդներով: Մայրաքաղաքային աշխատասենյակներում բազմած պաշտոնատարներից շատերը չեն կարող պատկերացնել, թե ինչ արժեք ունի 30 հազար դրամանոց թոշակը: Հատկապես գյուղական բնակավայրերում: Նրանց համար դժվար է պատկերացնել, որ գյուղացիների մի մասը կանխիկ վճարվող կենսաթոշակից է վճարում գյուղի խանութից վերցրած հացի պարտքը: Ինչպես նաև սպառած գազի ու էլեկտրաէներգիայի վարձը:
Վարձ, որի վճարման ժամկետը երբեք չի հետաձգվում: Ավելին, անցած շաբաթ գյուղացիներին արդեն այցելել են գազի ու լույսի մարդիկ: Այցելել ու նոր` բարձրացած սակագներով պայմանագիր են կնքել: Պայմանագիր, որ պետությունը հաստատել է` գազի մատակարարին իրավունք տալով անջատել սպառողի խողովակը անգամ 300 դրամ չվճարած պարտքի դիմաց: Իսկ սպառողը 300 դրամը վճարելուց հետո ստիպված պիտի ևս հինգ հազար դրամ մուծի, որ մատակարարը բարեհաճի անհրաժեշտ միացումները կատարել:
Ու այս ամենը կատարվում է այն պահին, երբ օդում կախված է տրանսպորտի թանկացումների սպառնալիքը: Ցանկացած մարդու համար էլ պարզ է, որ տրանսպորտային փոխադրումների թանկացումը գնաճին նոր տեմպ է հաղորդելու: Տրանսպորտի նախարարն արդեն բացատրել է, որ «տրանսպորտի թանկացումը լինելու է` ի օգուտ ժողովրդի»: Ավագ սերունդը կհիշի, որ խորհրդային տարիներին ալկոհոլի, ծխախոտի նույնիսկ կարագի թանկացումները ԽՍՀՄ ղեկավարությունը հիմնավորում էր «բազմամիլիոն աշխատավորներից ստացած դիմում-խնդրանքներով»:
Միանգամայն ակնհայտ է, որ որքան շատ բարձրանա տրանսպորտի վարձը` այնքան առողջ կդառնա բնակչությունը: Քայլելն առողջարար զբաղմունք է:
Դրան զուգահեռ` որքան պակասեն քաղաքային տրանսպորտով երթևեկողները` այդքան կնվազի ավտոբուսների քանակը: Իսկ դրանց արտանետումների կրճատումը կմաքրի քաղաքային օդը, ինչ պատճառով քաղաքում քայլելն ավելի առողջարար զբաղմունք կդառնա: Որքան առողջ լինի բնակչությունն` այնքան ավելի երկար քայլելու ի վիճակի կլինի: Ու այսպես` մինչև անվերջություն: Մարազմատիկ նման հիմնավորումներ հորինելը բարդ չէ: Հատկապես, որ բնակչությունը գիտի, որ թոշակ-նպաստների ու աշխատավարձերի բարձրացմանը դեռ երեք տարի պետք է սպասել: Նախընտրական խոստումները` որպես կանոն, կատարվում են հաջորդ ընտրությունների սեմին: Կատարվում են, իհարկե, մասամբ:
«168 ԺԱՄ»