ԱՊՀ երկրների կինոն Գյումրիում
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 9-ին Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ «ԱՊՀ երկրների կինոն` ԱՊՀ մշակութային մայրաքաղաքում» խորագրով ծրագրի պաշտոնական բացումը, որն ազդարարվեց Բորիս Խլեբնիկովի «Երկար երջանիկ կյանք» ֆիլմի ցուցադրությամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ երկրների միջպետական համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ, ինչպես նաև «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի աջակցությամբ:
Բացման արարողությանը ներկա էին ծրագրի կազմակերպիչները, հյուրեր ԱՊՀ երկրներից, ինչպես նաև ներկայացուցիչներ Գյումրիի քաղաքապետարանից: Շնորհակալական խոսքեր հնչեցին Գյումրիի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ցուցաբերած աջակցության համար: Կինոյի տոնը մշակութային մայրաքաղաքում շարունակվելու է 5 օր`հուլիսի 9-13-ը:
Ընդհանուր առմամբ՝ ցուցադրվելու է 16 ֆիլմ՝ նախկին ԱՊՀ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ուկրաինան, Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, և այլ երկրներ: ԱՊՀ երկրների կինոների ցուցադրությունը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Գյումրիի համար նորություն չէ, ծրագիրն իրականացվում է թվով երրորդ անգամ` այս անգամ առավել մեծ ուշադրություն դարձնելով քաղաքի` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք լինելու փաստին: Բազմաթիվ նոր ֆիլմերի կողքին, թվով 16-րդ ֆիլմը, որը ցուցադրվելու է Գյումրիում, լինելու է Գեորգի Դանելիայի կողմից 1977 թվականին նկարահանված հանրահայտ «Միմինո» ֆիլմը` ի պատիվ ֆիլմի 35-ամյակի: Ռուսական կինեմատոգրաֆիան կներկայանա ընդհանուր առմամբ 6 ֆիլմով:
Հայաստանն իր հերթին՝ այս անգամ փառատոնին ներկայացել է երկու ֆիլմով, որոնցից մեկը Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ» ֆիլմն է:
Ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը հատուկ մրցանակներ շնորհեց Միջպետական համագործակցության հումանիտար հիմնադրամի ներկայացուցիչներին, իսկ Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ներկա հյուրերին և հանդիսատեսին ներկայացրեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղերձը, որին հաջորդեց ծրագրի կազմակերպիչների և հյուրերի ողջույնի խոսքը: