Շ.Ֆյուլե. Մենք երբևէ չենք ասել` դադարեցրեք այս կամ այն տիպի հարաբերությունները ռուս գործընկերների հետ, ճիշտ հակառակը

«Չեմ կարող մեկնաբանել այն, թե արդյոք Ռուսաստանի կողմից ճնշում կա՞ Հայաստանի վրա, թե՞ ոչ, դուք ինձ ասեք»,- այսօր Երևանի «Արմենիա մարիոթ» հյուրանոցում Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական միության (ԵՄ) ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին:

Վերջինիս ներկայացուցիչը կատարել էր հարցադրում, թե Հայաստանում շատերը Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը և Ադրբեջանին զենքի մատակարարումը համարել են ուղղակի ճնշում` Հայաստանին ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրից ետ պահելու և Մաքսային միությանը միացնելու համար` հետաքրքրվելով, թե ո՞րն է պարոն Ֆյուլեի գնահատականը այս հարցի վերաբերյալ:

Սրան Aravot.am-ի լրագրողն իր հերթին ավելացրեց, թե արդյոք ԵՄ-ն պատրաստվո՞ւմ է հանդուրժել Հայաստանի կոմլեմենտար ` Արևմուտքի և Հյուսիսի միջև հավասարակշռելու քաղաքականությունը: «Այդուհանդերձ ես հետևում եմ լրատվությանը. տեղյակ եմ գազի գներից, սպառազինության իրացումից, տեղյակ եմ նաև մի շարք այլ հարցերից, բայց…մեր գործընկերների հետ մեր հարաբերություններում ճնշում հասկացությունը տեղ չունի»,- շարունակեց Շտեֆան Ֆյուլեն:

ԵՄ-ի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նշեց, որ Եվրոպական միությունն իր քաղաքականությունը կառուցում է այնպես, որպեսզի հարաբերությունները բոլորի համար հանգեցնեն «հաղթական արդյունքի»:

Կարդացեք նաև

«Եթե հարցը դրվի ուղիղ կերպով, այսինքն` արդյոք Ասոցացման համաձայնագիրը սահմանափակելու է Հայաստանի հնարավորությունները և պոտենցիալը շարունակել իր հարաբերությունները իր ուղղակի և անուղղակի հարևանների հետ, պատասխանը հստակ է` ո´չ: Հակառակը` սա կուժեղացնի Ձեր հնարավորությունները և Ձեր դիրքը` փոխհամագործակցել Ձեր հարևանների և գործընկերների հետ: Սա միայն կամրացնի Ձեր դիրքերը տարածաշրջանային համագործակցության շրջանակներում»,- ասաց Շ. Ֆյուլեն:

«Մենք ուզում ենք լինել թափանցիկ և կանխատեսելի և´ Ձեզ համար, և´ ռուս գործընկերների: Մենք նրանց շատ հստակ ենք ասել, որ ուրախ ենք աշխատել մի կողմից` եվրահանձնաժողովի և մյուս կողմից եվրասիական հանձնաժողովի հետ»:

Ըստ Շ. Ֆյուլեի` եվրասիական հանձնաժողովն այժմ պետք է դիմակայի միասնական դաշտ ստեղծելու մարտահրավերին, և լավագույն սցենարի դեպքում` այդօրինակ կարգավորող դաշտը կարող է միանգամայն համահունչ լինել Եվրամիության կարգավորող դաշտի հետ: «Եթե չլինի ամբողջական ներդաշնակություն, ապա գոնե պետք է ապահովի այդ երկու տնտեսական տիրույթների տարրական համատեղելիությունը»,- ասաց պրն Ֆյուլեն: Իսկ այս համատեղելիությունը եվրոպական և եվրասիական տնտեսական տիրույթների միջև, ըստ ԵՄ-ի հանձնակատարի, կարևոր է այն իմաստով, որ հնարավորություն կստեղծի ապագայում Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ստեղծել ազատ առևտրի գոտի, որի շնորհիվ կվերանա առևտրային անջրպետը երկու ինտեգրացիոն նախագծերի միջև:

«Մենք հստակ ասում ենք մեր բոլոր գործընկերներին, որ Ասոցացման համաձայնագիրը և Արևելյան գործընկերությունն առհասարակ որևէ կերպ չեն դնում քաղաքակրթական ընտրության հարց, դա անհեթեթություն է: Մենք երբևէ չենք ասել մեր գործընկերներին` դադարեցրեք այս կամ այն տիպի հաղորդակցությունները, հարաբերությունները կամ համագործակցությունը ռուս գործընկերների հետ, ճիշտ հակառակը:

Մենք չենք  ուզում, որ Ասոցացման համաձայնագիրը որևէ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի ավանդական կապերի և համագործակցության վրա, լինի դա Ռուսաստանի Դաշնությունը, թե այլ անմիջական կամ անուղղակի հարևան»,-այսպիսի հետաքրքիր հայտարարություն արեց Շտեֆան Ֆյուլեն: «Մենք սա ասում ենք նաև Մոսկվայում…Ինչո՞ւ պետք է մեր գործընկերներից որևէ մեկին հանդեպ այլ դիրքորոշում ցույց տանք: Ուստի մենք միայն խրախուսում ենք շարունակել այն համագործակցությունը, որը կա Ռուսաստանի հետ, որը նաև Դուք եք կարևորում»,- ավելացրեց ԵՄ-ի հանձնակատարը:

Տեսանյութեր

Լրահոս