«Հայկական կողմը հասել է այնտեղ, որտեղ զիջելը մահացու հարված է հասցնում ազգի արմատական շահերին»
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վերջերս վաճառած «Սմերչի» փաստի, եւ վերջին շրջանում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի պահվածքի եւ հայկական երկու հանրապետություններում այդ առնչությամբ քննարկումների մասին Karabakh-open.info-ն զրուցել է արցախցի անկախ վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանի հետ։
Ըստ վերլուծաբանի 21-րդ դարն արժեքները վերագնահատելու շրջան է, այդ թվում՝ քաղաքականության մեջ կարծրատիպերից հրաժարվելու. Հայաստանի համար դա արտաքին աշխարհում «հավերժական բարեկամ» ունենալու պատրանքն է: Մինչդեռ մեր ռազմավարական եւ հավերժական բարեկամ Ռուսաստանը պաշտոնական բարձր մակարդակով նշել էր, որ իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է եւ առաջնորդվելու է գլխավորապես իր ազգային եւ աշխարհաքաղաքական շահերով, ու Հայաստանի հետ բարեկամությունն ամենեւին էլ չի բացառում մյուս գործընկերների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ (նաեւ ռազմա-տեխնիկական եւ տնտեսական) ոլորտներում համակողմանի հարաբերությունների զարգացումը:
Երկրորդ կարծրատիպը, ըստ Դավիթ Կարաբեկյանի, «բոլորին սեփական արշինով չափելն է» եւ ներքին քաղաքականության մեջ արմատավորված սկզբունքներով արտաքին քաղաքական ասպարեզում ազգային շահերը պաշտպանելու արատավոր պրակտիկան:
«Արտաքին աշխարհում իրադարձությունները զարգանում են շատ դինամիկ կերպով: Բարձր դինամիկան ենթադրում է ավելի մեծ ճկունություն, նախաձեռնողականություն՝ սպասվող մարտահրավերներին օր առաջ պատրաստ լինելու ունակությունը: Այն, ինչ երեկ նոր էր` այսօր կարող է հնանալ:
Միգուցե հայկական կողմը «Իսկանդեր Մ» կոմպլեքսը Հայաստանում տեղակայելու փաստով ոգեշնչված էյֆորիայի մեջ ընկնելու փոխարեն ավելի հաշվենկատ եւ հեռատեսորեն գնահատեր իրավիճակը, մշակեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում վերազինման քաղաքականությունը: Ի դեպ, «Իսկանդեր Մ» համալիրները ՀՀ տեղակայելու մասին լուրը ուղեկցվում էր հայկական ռազմական «փորձագետների» «մեծ եղբորը» (Ռուսաստանի-խմբ.) հասցեագրված հիացական-շնորհակալական բարձրակոչերով: Մինչդեռ որոշ ժամանակ անց Արցախյան պատերազմի բովով անցած հրամանատարները մատնանշում էին, որ «Իսկանդեր Մ»-ը տրամադրվել էր Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական հենակայանին, իսկ Հայաստանում նույնիսկ համալիր շահագործող մասնագետ չկա: Լայն առումով վերազինումը եւ արդիականացումը ենթադրում է նաեւ մտածողության իներտության հաղթահարում եւ նոր ժամանակի ոգուն համահունչ գործելաոճի որդեգրում»,- նշել է վերլուծաբանը, ում կարծիքով՝ ընդունելով «փոքր եղբոր» (Հայաստան-խմբ./)կեցվածք եւ ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին հարցերում առաջնորդվելով «մեծ եղբոր» կամքին չհակառակվելու, բարյացակամ վերաբերմունքն ամեն գնով պահպանելու կեղծ-իրապաշտական կարգախոսով՝ հայկական կողմը հասել է այնտեղ, որտեղ զիջելը մահացու հարված է հասցնում ազգի արմատական շահերին: Օրինակներն, ըստ նրա, բազում են՝ սկսած «Մարս» գերժամանակակից գիտա-տեխնիկական համալիրի եւ Հայաստան – Իրան խողովակաշարի «Հայռուսգազարտ» ձեռնարկության վաճառքից, տխրահռչակ մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից, վերջացրած՝ «Շանթ» լրատվական գործակալության լրագրողին Ռուսաստանի քաղաքական ղեկավարությանը քննադատելու համար աշխատանքից հեռացնելուց:
«Մեծ եղբորը» չզայրացնելուց բացի, բավականին հաճախ շահարկվում է նաեւ հակառակորդի կողմից մշտապես առկա եւ ուժգնացող վտանգի մասին թեզը, ընդ որում` ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերում՝ «ողջամիտ» փաստարկներն առ այն, որ «թշնամին» կարող է օգտվել մեր անմիաբանությունից, եւ չափազանց քաղաքական ակտիվությունը վտանգի տակ է դնում ազգի միասնությունը:
Որքանո՞վ է այս իրավիճակում հավանական պատերազմական գործողությունների վերսկսումը եւ ի՞նչ պետք է անի հայկական կողմը հարցերին ի պատասխան Դավիթ Կարաբեկյանը նկատել է, որ Ադրբեջանում հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ եւս ուժգնանում են եւ ռազմատենչ հռետորաբանությունը, եւ Ադրբեջանի տնտեսական զարգացման ու արտաքին աշխարհում հեղինակության աննախադեպ աճի մասին շահարկումները: «Ստեղծված իրավիճակում տեղին չէ ոչ «մեծ եղբոր կողմից» դավաճանվելու եւ նրա կողմից ագրեսիվ հարեւանների նկրտումներին տուրք տալու մտավախություններով պայմանավորված հիստերիան, ոչ ճակատագրին, կամ նրան, որ հանգամանքների բերումով ամեն ինչ կկարգավորվի»,- ընդգծել է վերլուծաբանը՝ հիշեցնելով սրբ. Գրիգոր Տաթեւացուն, ով ամեն մեղքի ետեւում տեսնում է թերահավատությունը՝ նշելով, որ այն բերում է հպարտության եւ կեղծիքի: Ինչ կարգի քաղաքական գործիչ լինի` ղեկավար, թե՝ շարքային, ցանկացած իրավիճակում`ճգնաժամային, թե՝ կայուն, պետք է ազնիվ լինի Աստծո, ժողովրդի, իր առջեւ եւ որոնի ոչ թե արդարացումներ, այլ՝ լուծումներ, ոչ թե բացատրություններ, այլ՝ ելքեր,-գտնում է նա:
Մայնդորֆյան հռչակագրից եւ մադրիդյան սկզբունքներից ավել ի՞նչ զիջումներ կարող են պարտադրվել հայերին: «Մի պահ պատկերացնենք մեր բարեկամ Ռուսաստանի, ժամանակին եւս հայերի մեծ բարեկամ համարվող Ֆրանսիայի, այնուհետեւ ԱՄՆ-ի կողմից բազում անգամ «նորոգված» մադրիդյան սկզբունքների իրականացումը։ Մի՞թե Վանի 1915թ. պաշտպանության ժամանակ, 1917 – 1923թթ., խորհրդային տարիներին եւ հետխորհրդային շրջանում մեր ռազմավարական բարեկամն անշահախնդրորեն պաշտպանել է իր «կրտսեր եղբոր» շահերը եւ սպառազինություն մատակարարելիս նկատի ունեցել ոչ թե սեփական, այլ՝ հայ ժողովրդի հավաքական շահերը։
Հիշենք Վանի անկումը եւ հազարավոր արեւմտահայերի տարագրումը, Նժդեհի կողմից նկարագրված թուրք-բոլշեւիկյան դաշինքի հանցագործությունները 1917-1921թթ., «Կոլցո» ռազմագործողությունը, Շահումյանի անկումը, 1993-ի ձմռան հազարավոր զոհերը եւ 1994-ին պարտադրված բիշքեքյան սկզբունքները եւ բարեկամների հետ հարաբերությունները կառուցենք առանց պատրանքների։ Մի՞թե ժամանակակից հայոց պատմության բախտորոշ պահերին ուժերի հավարակշռությունը եղել է հայերիս համար ավելի նպաստավոր, հայոց պետություններն՝ ավելի հզոր, աշխարհն՝ ավելի բարյացակամ, Ուկրաինան կամ Գերմանիան «ավելի քրիստոնեական», Ռուսաստանը կամ Ֆրանսիան ավելի հայասեր, ԱՄՆ-ը՝ ժողովրդական: Ըստ իս՝ մեր հարուստ պատմությունը թելադրում է բոլոր հարցերի պատասխանը: Պետք է միայն ուշադիր լինել պատմության դասերի նկատմամբ»,- կարծում է Դավիթ Կարաբեկյանը: