«ԴՈՒԵՏ» միջազգային թատերական առաջին փառատոնը Գյումրիում
Հուլիսի 1-8-ը Գյումրիում անցկացվեց «ԴՈՒԵՏ» միջազգային թատերական փառատոնը` «Գյումրին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում: 8 օր շարունակ Գյումրին լցված էր արվեստի այն շնչով, որը պակասում էր քաղաքին տարիներ շարունակ: Թատերական այս տոնին նախորդում էր կազմակերպիչների տքնաջան աշխատանքը չորս երկար ու ձիգ ամիսներ: Արդյունքում` կայացած փառատոն, վերածնվող թատրոն և, իհարկե, նոր ակնկալիքներ երկու տարի անց սպասվող փառատոնից:
«ԴՈՒԵՏԻ» հիմնական առանձնահատություններից էր փառատոնային ֆորմատը, համաձայն որի՝ կարող էին մասնակցել երկու գործող անձ ունեցող ներկայացումները: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ լինելով թվով առաջինը` փառատոնը «ձեռք բերեց» միջազգային կարգավիճակ` իր հարկի տակ ընդունելով թատերախմբեր Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամներն էին ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը, դերասան Վարդան Պետրոսյանը, կինոռեժիսոր Լևոն Մինասյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վահե Շահվերդյանը, դրամատուրգ Աննա Աղասարյանը, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը և դերասան Անատոլի Կոտը: Փառատոնի յուրաքանչյուր օր հագեցած էր ներկայացումներով՝ ամեն օր 2- 4 ներկայացում:
Բացումն ազդարարեց Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի մեջ»» ներկայացումը: Փառատոնին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող դերասաններ Լալի Մեիգնանը և Թիերի Շաղպիոն՝ Ֆրանսիայից, «Տեքստեր» դրամատիկական կատակերգությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը՝ «Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»» դրամայով, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, Մհեր Մկրտչյանի անվան Արտիստական թատրոնը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչպես նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողական թատրոնը և այլ թատրոններ ու թատերախմբեր:
Փառատոնի հանդիսավոր փակումը տեղի ունեցավ հուլիսի 8-ին՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:
Գյումրին սպասում էր նման իրադարձության, քաղաքն այս 8 օրերի ընթացքում ասես վերածնվում էր` մոռանալով անցյալն ու շարժվելով առաջ: Փառատոնի փակման արարողության ժամանակ դերասան Վարդան Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իր հայրը մեծացել է Գյումրու որբանոցում և պիես է բեմադրել այստեղ` իրեն հարազատ թատրոնի բեմում: Դիմելով հանդիսատեսին՝ նա խնդրեց, որ գյումրեցիները երբեք չլքեն թատրոնը, քանզի, ինչպես եկեղեցի ասելով՝ հասկանում ենք ոչ միայն կառույցը, այլև հավատացյալներին, ովքեր լցնում են եկեղեցին, այնպես էլ թատրոն ասելով՝ չպետք է հասկանալ լոկ շենքի պատերը: Թատրոնը՝ հանդիսատեսն է:
Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամներն իրենց խոսքերում բազմիցս նշեցին, որ տպավորված են և փառատոնի կազմակերպչական աշխատանքներով, և քաղաքացիներով, ովքեր ոչ մի ներկայացում առանց հանդիսատեսի չթողեցին:
Թատրոնի տոնը Գյումրիում ավարտված է: Հաջորդ հանդիպումը կլինի երկու տարի անց՝ նույն տեղում, «ԴՈՒԵՏ» միջազգային փառատոնի շրջանակներում: