Ո՞ւմ է ձեռնտու ՀՅԴ-ի պառակտումը. մամուլ
««Ասել, թե ոչինչ չկա՝ ճիշտ չէ, բայց նաև ասել, թե պառակտված է՝ դա էլ ճիշտ չէ»,- Aravot.am-ի հարցին՝ որտեղի՞ց են ծնվել ՀՅԴ հայաստանյան մարմնում գոյություն ունեցող պառակտումների և ՀՅԴ-ի՝ երկու թևերի բաժանվելու մասին խոսակցությունները, և ովքե՞ր են ցանկանում պառակտել ՀՅԴ-ն, այսպես պատասխանեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.
«Պարոն Մանոյանի կարծիքով՝ դա ձեռնտու է դրսի ուժերին: Նա մանրամասնեց. «Ես կասեի, որ Դաշնակցությունը պառակտված տեսնելու ցանկությունը և տարբեր թևերի բաժանելը գոնե 80-90 տարվա պատմություն ունի»:
Մյուս կողմից էլ՝ Կ. Մանոյանը չի ժխտում, որ կուսակցության ներսում խնդիրներ կան, ու նշում է. «Ասել, որ մեր կուսակցության մեջ ոչ մի խնդիր, ոչ մի տարակարծություն չկա՝ ճիշտ չէ: Կուսակցությունը միշտ էլ ցույց տվել է, որ իր ներքին խնդիրներն ինքը կկարողանա լուծել, և դրսի ուժերի այն բոլոր ցանկությունները, որ Դաշնակցությունը տեսնեն պառակտված, միշտ էլ ձախողվել են»:
Հետաքրքրվեցինք՝ ի վերջո խնդիրը ո՞րն է: Պարոն Մանոյանը պատասխանեց. «Կուսակցությունում տարբեր մարդիկ, տարբեր տեսակետներ, մոտեցումներ, հարցեր կան: Բայց Դաշնակցության համար դա ընդունված է, իր ողջ գոյության ընթացքում հաճախ եղել են հարցեր, որոնք միշտ էլ կուսակցությունը կարողացել է հաղթահարել»»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: