Բաժիններ՝

Կյանքը պատկերներից է բաղկացած, ուղղակի մեզ մնում է կենդանացնել այդ կյանքը

2013 թվականի նոյեմբերի 2-8-ը կմեկնարկի «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնը: Այս տարին հատկանշական է, քանի որ լրանում են փառատոնի 5-րդ և Հայաստանում անիմացիայի 75-ամյակները:

168.am-ը զրուցել է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունու հետ:

– Պարոն Քասունի, կպատմե՞ք փառատոնի նախապատրաստական աշխատանքների մասին, ո՞ր փուլում եք գտնվում:

– Մենք հունվարից սկսել ենք փառատոնի նախապատրաստական աշխատանքները: Մեզ համար հուլիս ամիսն ամենաթեժն է, քանի որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին արձակուրդի մեջ ենք լինելու: Կարող եմ ասել, որ մինչև այս ամսվա վերջ ծրագրի 70%-ը պատրաստ կլինի, իսկ արդեն սեպտեմբերից` վերսկսելով աշխատանքները, կգնանք դեպի 100% նախապատրաստման: Աշխատանքները հունի մեջ են:

Կարդացեք նաև

– Այս տարի լրանում է փառատոնի 5-ամյակը, տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել, որո՞նք կառանձնացնեք:

– Վստահ եմ, որ տարիների ընթացքում ձեռքբերումներն ավելի շատ են լինելու, և ամեն տարի փոքր-փոքր ձեռքբերումներ ունենալով` շատանալու է մեր ձեռքբերումների պաշարը: Ընդհանուր խոսելու փոխարեն` կուզենամ ավելի մանրամասնել մեր ունեցած ձեռքբերումները: Մեր ձեռքբերումներից մեկն այն է, որ հայ երիտասարդների մոտ անիմացիայի հանդեպ սերն աշխուժացել է: Այլ բան է, որ քաղաքում կա անիմացիա, կան վարպետներ, այլ բան է, երբ այն դառնում է տարին մեկ հանդիպման մի վայր, որտեղ հանդիպում են տարբեր սերունդներ: Ձեռքբերումներից է նաև այն փաստը, որ շատացել է դիմողների քանակը: Նկատի ունենանք, որ եթե 2009 թվականին մենք ընդունում էինք վերջին երկու տարվա արված ֆիլմերը, ապա 2012-ից ընդունում ենք միայն վերջին մեկ տարվա աշխատանքները:

Մյուս ձեռքբերումն այն է, որ միջազգային հանրությունում և փառատոնային հասարակությունում մենք մեր տեղը գրավել ենք: Դեռևս փառատոնը չսկսած` ես համաձայնություն էի ձեռք բերել աշխարհի թիվ մեկ փառատոնի` Անսիի հետ: Այս համագործակցությունը շարունակելով` 2012 թվականին փառատոնի գլխավոր տնօրեն Տիցիանա Լոսքին պաշտոնապես դարձավ մեր խորհրդի անդամ: Արդեն հինգերորդ տարին է, որ համագործակցում ենք այս փառատոնի հետ: Սրանք լուրջ ձեռքբերումներ են:

Հավելեմ, որ անցյալ շաբաթ մեր կայքում մեկնարկեցինք մի էջ, որը հնարավորություն է տալիս փառատոնին ֆինանսապես աջակցել: Առաջին նվիրատվություններն արել են բոլորովին այլ ազգի ներկայացուցիչներ, ովքեր անիմացիայի սիրահարներ են: Այս ամենը մեզ համար շատ հուզիչ է: Սա նշանակում է նաև, որ մեր միջազգային հարաբերություններն առողջ ու պարարտ հողի վրա են գտնվում:

– Կարելի՞ է ասել, որ «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնական նպատակներից մեկը թաքնված հայ անիմատորներին ի հայտ բերելն է:

– Իրականում ոչ մեկը թաքնված չէ, ուղղակի նրանք մեզ համար անհայտ են: Ոչ մեկը թաքնվելու նպատակ չունի, պարզապես տարբեր խնդիրների պատճառով անհայտ են մնում: 2009 թվականին մենք հայտնաբերեցինք մի շարք ստուդիաներ, որոնք անիմացիոն խաղերով են զբաղվում: Զուգահեռ՝ հայտնաբերեցինք երիտասարդների, ովքեր թաքուն աշխատում են: Սա բավականին խրախուսելի էր: Եթե մենք կարծում էինք, որ 2-3 ստուդիա ունենք և մի քանի անհատներ, այժմ պարզեցինք, որ կան մարդիկ, ովքեր կան, զբաղվում են անիմացիայով, սակայն մենք իրենց չենք ճանաչում: Հետ ենք վերադառնում մեր առաջին ձեռքբերմանը, այսինքն՝ արդեն կա մի միջավայր, որտեղ բոլորը կամա-ակամա հավաքվում են և ծանոթանում: Այնպես որ, անիմատորները թաքնված չեն, հայտնաբերելու խնդիր կա:

– «Life is a picture. Make the picture alive»… սա փառատոնի կարգախո՞սն է:

– Սա իմ անձնական կարգախոսն է, որը վերածվեց փառատոնի կարգախոսի: Որպես նկարիչ` միշտ ունեցել եմ այս կարգախոսը, ու երբ փառատոնը մեկնարկեց, դարձավ նրա կարգախոսը: Կյանքը պատկերներից է բաղկացած, ուղղակի մեզ մնում է այդ կյանքը կենդանացնել:

vrej

– Պարոն Քասունի, տարբեր առիթներով մտահոգություն եք հայտնել, որ ֆինանսական միջոցները սուղ են: Այս տարի է՞լ այս խնդրին բախվեցիք:

– Այո, կրկին այս խնդրի առջև ենք կանգնած, բայց կարող եմ ասել, որ մի փոքր ավելի լավ վիճակում ենք գտնվում: Շատերը մեզ մեղադրում են, որ այս առումով լավ չենք աշխատում, բայց մենք շատ լավ ենք աշխատում: Ֆինանսների սղության պատճառով մենք չենք կարողանում մեր աշխատակիցներին պահել, այդ պատճառով էլ 2-3 հոգով ենք աշխատում: Հունվարից ի վեր աշխատում ենք և այնպես ենք գործում, կարծես վաղը փառատոնն է լինելու:

Մենք, փառք Աստծո, ոչ ծրագրերի, ոչ էլ հյուրերի խնդիր ունենք, խնդիրը միայն ֆինանսն է, բայց կարծում եմ, որ այս խնդիրն էլ արդեն լուծվում է: Մեկուկես միլիոն դրամը, որը մենք ստանում ենք պետության կողմից, չի կարող նույնիսկ մեկ հյուրի ծախսերը փակել: Եթե պետությունն ավելի շատ աջակցեր, և մենք հնարավորություն ունենայինք ավելի մեծ աշխատակազմով աշխատել, ավելի լավ կլիներ: Այս տարի, քանի որ Հայաստանում անիմացիայի 75-ամյակն է, մենք պետության կողմից ավելի մեծ բյուջե ենք ակնկալում:

«ՌեԱնիմանիան» այս հինգ տարիների ընթացքում ապացուցեց, որ կա ու պիտի մնա, ամեն գնով շարունակվի: Մեր փառատոնը ոչ միայն Հայաստանում միակ անիմացիոն փառատոնն է, այլև ողջ տարածաշրջանում այս ֆորմատով առաջինն է: Չպետք է մոռանանք, որ տարածաշրջանն էլ նման փառատոն անցկացնելու հնարավորություն ունի, բայց մենք առաջինն ենք, ու կարող եմ հպարտանալ, որ տարածաշրջանում եթե ինչ-որ փառատոն են ցանկանում անել, մեր կայքէջին հետևելով են ծրագրեր մշակում, հյուրեր հրավիրում: Նույնիսկ, եթե նրանք ավել ֆինանսներ ունենան, դժվար թե մեզ հասնեն, քանի որ մենք այնպիսի հետաքրքիր ծրագրեր ենք մշակել, որ նրանք դժվար թե կարողանան անել: Մեր բոլոր ծրագրերը հիմնված են մարդկային և պրոֆեսիոնալ հարաբերությունների վրա:

– Արդեն 15 տարի Հայաստանում եք բնակվում, ամբողջությամբ հարմարվե՞լ եք մեր իրականությանը:

– Չեմ ուզում հարմարվել: Ես 2012 թվականից  ՀՀ քաղաքացի եմ, այսքան տարի ապրել եմ այստեղ` հասկանալու ինչն ինչոց է: Մինչ փառատոնը սկսելը ես այստեղ բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ էի, հենց սկսեցի գործունեություն իրականացնել, պատկերը փոխվեց: Համոզված եմ, որ եթե ես բիզնեսմեն լինեի, վարչապետից սկսած՝ բոլորը կհանդիպեին ինձ հետ, մինչև իսկ Սփյուռքի նախարարը ներդրումներիս համար ինձ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան կտար: Ինչո՞ւ մշակութային գործունեության ոլորտում նույնկերպ չեն վարվում: Այստեղ անընդհատ խոսում են սփյուռահայերին աջակցելու մասին, մի՞թե չկա մի մարդ, որ զանգի ինձ և հարցնի` ինչո՞վ կարող եմ օգնել:

vrej1

Վերջին հինգ տարիների ընթացքում հասկացա, որ չեմ հարմարվել այս միջավայրին, չնայած 2012-ին գիտակցաբար որոշեցի ՀՀ քաղաքացի դառնալ: Եթե ես այս պայքարը շարունակում եմ, ապա պետք է շարունակեմ՝ որպես ՀՀ քաղաքացի: Վերջիվերջո, երբ անում ես մի բան, սիրելով ես անում և ամբողջությամբ նվիրվում ես դրան:

Չեմ ուզում հարմարվել այս սուտ իրականությանը, իրական իրականություն եմ ուզում: Մենք պետք է համախմբվենք, սիրենք իրար և «քլնգելու» փոխարեն, կներեք այս բառի օգտագործման համար, կառուցողական քննադատությամբ զբաղվենք: 2007 թվականից սկսած բոլորին ասում էի՝ արեք նման փառատոն, ես կաշխատեմ, կօգնեմ ձեզ: Բոլորն ասացին, թե՝ դու արա, մենք քեզ կօգնենք: Ես սկսեցի անել, բոլորը լքեցին: Միայն մի քանիսը կողքիս կանգնեցին, ովքեր ամեն տարի աջակցում են ինձ:

– Աշխատանքի բերումով շատ արվեստագետների հետ եմ աշխատում, և շատերը մտահոգություն են հայտնում, որ այստեղ չեն գնահատվում, և նախընտրում են դրսում աշխատել: Ձեզ ի՞նչն է այստեղ պահում:

– Ինձ պահում է սերը: Չեմ ուզում միստիկական բաներ ասել, բայց ես իմ գործը սիրում եմ: Դուբայից, Քաթարից, Թբիլիիսից տարբեր հրավերներ եմ ունեցել, բայց բոլորը մերժել եմ: Եթե գնամ այնտեղ, մեզ մոտ ի՞նչ կլինի: Միշտ երազել եմ Հայաստանում ապրելու ու ստեղծագործելու մասին, այդ պատճառով էլ փորձում եմ այստեղ իմ լուման ներդնել: Սա լիրիկական սիրահարվածություն չէ, ամեն ինչ ռեալ է, ու ես ցանկանում եմ իմ գործունեությունն այստեղ շարունակել: Երբեմն պահեր են լինում, մտածում ես` «վերջ», բայց միշտ մի լույս է վառվում, սկսում ես մտածել, որ դեռ հնարավորություններ կան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս