Barcamp Artsakh 2013-ը`շուտով` Շուշիում
Հուլիսի 24-28-ը Շուշիում տեղի է ունենալու Barcamp Artsakh 2013-ը: Barcamp-ի գերնպատակն է՝ ներկայացնել Արցախն ինտերնետում:
Barcamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005 -ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ Սովորաբար Barcamp են անվանում Տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և Նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, որն ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Barcamp-ի փիլիսոփայությունը հետևյալն է. չկան հատուկ հրավիրված բանախոսներ, մասնակիցներն իրենք և զեկույցներ են տալիս, և քննարկում դրանք։ Հակառակ ավանդական կոնֆերանսի՝ այստեղ օրակարգը ձևավորվում է մասնակիցների կողմից և վերջնական տեսք է ստանում միայն միջոցառման բացումից հետո. մասնակիցները սպիտակ թղթի վրա, ըստ ժամերի, դասավորում են իրենց զեկույցների թեմաները:
Արցախի կրթական հիմնադրամի տնօրեն, միջոցառման կազմակերպիչներից Վլադիմիր Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում Barcamp անցկացնելու գերնպատակը նախևառաջ ինտերնետում Արցախի մասին դրական տեղեկատվության տարածումն է:
«Մեր հարևանը միշտ փորձում է Արցախը ներկայացնել՝ որպես անվերահսկելի, ավերված ինչ-որ տարածք, որտեղ տիրում է անտերություն և այլն: Այսինքն` ամեն անգամ փորձում են մեր մասին խոսել միայն բացասական ձևով, իսկ այս միջոցառումը նպաստում է ինտերնետում Արցախի մասին դրական տեղեկատվության տարածմանը, հատկապես, երբ դրսից մասնագետներ են հրավիրում Արցախ, որոնք և, բնական է, 99%-ով դրական ինֆորմացիա են տարածում Արցախի մասին»,- ասաց Վ. Գրիգորյանը` նշելով, որ մի բան է, երբ իրենք` տեղաբնակներն են գրում ինտերնետում Արցախի մասին, և բոլորովին այլ` երբ այդ մասին գրում են հյուրերը:
Ըստ Վ. Գրիգորյանի` այս տարի միջոցառմանը կմասնակցի մոտ 40 հոգի Հայաստանից, լինելու են նաև հատուկ հյուրեր` Արմեն Արեյանն՝ ԱՄՆ-ից, ով զբաղվում է ինտերնետում կայքերի առաջխաղացմամբ և հաջողակ բիզնեսմեն է ՏՏ ոլորտում, և Գերտ Լաուրսենը Դանիայից, ով պրոֆեսիոնալ վեբ-մաստեր է:
Այս միջոցառումը կլինի թվով երրորդ Barcamp-ն Արցախում. առաջին անգամ Արցախում Barcamp կազմակերպվել է 2010 թվականին`Ստեփանակերտում, իսկ այնուհետև` Շուշիում:
«Առաջին Barcamp-ի ժամանակ մենք գրանցել էինք մոտ 55 հազար գրառումներ Արցախի մասին համացանցում մեկ տարվա կտրվածքով, երկրորդ Barcamp-ը կազմակերպելիս գրառումների քանակն անցել է 70 հազարից: Բնական է, որ 99%-ով դրական ինֆորմացիա է գնացել Արցախի մասին»,- ասաց Վ. Գրիգորյանը` նշելով, որ երբ որևէ դրական գրառում է գնում Արցախի մասին, մեր «հարևաններն» ինչ-որ հիստերիայի մեջ են ընկնում և սկսում են անմիջապես Արտգործնախարարության մակարդակով, և այլն, արձագանքել այդ ամենին, իսկ այս պարագայում իրենք պարզապես ի վիճակի չեն լինում այս տեղեկատվական հոսքին արձագանքել, որովհետև ինֆորմացիոն հոսքը շատ մեծ է լինում:
«Այստեղ ամեն ինչը քաղաքականություն է, նույնիսկ ՏՏ ոլորտի միջոցառումը նույնպես քաղաքականություն է: Պատկերացրեք՝ մի անգամ Հունգարիայից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ երիտասարդներ էին եկել Արցախ, մենք անմիջապես այդ մասին ինֆորմացիա էինք գրել, ու հաջորդ օրն Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա ուղղեց Հունգարիայի արտգործնախարարությանը: Այսինքն` նրանք այնքան արագ արձագանքեցին, որ մենք անգամ զարմացանք, իսկ այս դեպքում, երբ հյուրեր ենք հրավիրում դրսից, և մենք դա նկարներով, մեկնաբանություններով տեղադրում ենք համացանցում, 0 արձագանք է լինում, որովհետև ինֆորմացիան այնքան շատ է ստացվում Արցախի մասին, որ իրենք լռում են. ֆիզիկապես ի վիճակի չեն լինում ինչ-որ բան անել»,- ասաց Վ. Գրիգորյանը:
Նա նշեց նաև, որ բացի ինտերնետում Արցախի մասին տեղեկատվության տարածումից, միջոցառումը նպաստում է նաև ոլորտի մասնագետների փորձի փոխանակմանն ու կրթական նպատակ է հետապնդում:
Ըստ Վ. Գրիգորյանի` այս տարի միջոցառմանը մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև հուլիսի 17-ը: Կազմակերպիչները կարողանալու են հոգալ Հայաստանից 40 մասնակցի համար հյուրանոցային և սննդի ծախսերը, նախապատվությունը տալու են նախևառաջ՝ ՏՏ ոլորտի մասնագետներին, բլոգերներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Միջոցառման Facebook-ի էջը այստեղ.