«Դատապարտյալների մոտ գերիշխում է չբողոքելու, իրական վիճակը թաքցնելու սովորույթը, որը բխում է քրեական ենթամշակույթից»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Երևանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ հրատարակել է «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ» միջանկյալ զեկույցը:

Զեկույցում անդրադարձ է կատարվել հացադուլ հայտարարած անձանց խնդիրներին: Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ խուցը մոտ 15-17քմ տարածքով, չվերանորոգված և կիսախոնավ սենյակ է, որը ջեռուցվում է մեկ էլեկտրական սալիկի միջոցով: «Նման պրակտիկան անընդունելի է, քանի որ հացադուլ հայտարարած անձն,  ով արտահայտում է իր բողոքը, փաստացի հավասարեցվում է այն անձանց, որոնց նկատմամբ հիմնարկի վարչակազմի կողմից տույժ է կիրառվել: Բացի այդ, պատժախցերում առկա պայմանները հանգեցնում են/կարող են հանգեցնել այնտեղ պահվող անձանց առողջական վիճակի վատթարացման, ինչի արդյունքում խախտվում է վերջիններիս՝ առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը: Ազատազրկված անձինք քնում են նույն փայտյա մահճակալների վրա:

Արձանագրվել են նաև դեպքեր, երբ հացադուլ հայտարարած անձինք չեն մեկուսացվել և պահվել են ընդհանուր խցերում, որտեղ նրանք ականատես են եղել այլ բանտարկյալների սնվելու գործընթացին: Սույն վերաբերմունքն, ըստ էության, հանդիսանում է հոգեբանական լուրջ ճնշման միջոց: Շարունակվում է չլուծված մնալ նաև հացադուլ հայտարարած ազատազրկվածների նկատմամբ ամենօրյա անհրաժեշտ բժշկական հսկողության ապահովման խնդիրը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս 2012-ին պատիժը կրող տասնյակ անձինք իրենց բողոքն արտահայտելու միջոց էին ընտրել հացադոըւլը, ԱԿՄ-ն խիստ մտահոգիչ է համարում, որ այդ խումբ անձանց իրավունքները և պարտականությունները որևէ իրավական ակտով կարգավորված չեն»,- նշված է զեկույցում:

Անդրադառնալով պատժախցերին՝ զեկույցը կազմողները նշել են, որ պատժախցերը գտնվում են ոչ միայն խիստ անբարեկարգ և հակասանիտարահիգիենիկ վիճակում, այլ նման ծայրահեղ անբարենպաստ պայմաններում պահվում են առողջական խնդիրներ ունեցող ազատազրկված անձինք, ում նման պայմաններում նույնիսկ բժշկական պատշաճ օգնություն հաճախ չի տրամադրվում:

Այցելությունների ընթացքում զեկույցը պատրաստած խումբն արձանագրել է ինքնավնասման դեպքեր, «որոնք վկայում են դատապարտյալների և հիմնարկի աշխատակազմի միջև կայուն և արդյունավետ հաղորդակցման բացակայության մասին»: Ըստ զեկույցի՝ այցելությունների ընթացքում արձանագրված մեկ այլ կենցաղային հարց է սննդի պատշաճ ապահովումը, ինչը ոլորտի մշտական ու արդիական խնդիրներից է: «Մասնավորապես՝ նախաճաշի կամ ճաշի համար համար պատրաստված սննդից շատ քիչ դատապարտյալներ են օգտվում («Նուբարաշեն» ՔԿՀ-ի 38 խցից՝ միայն երկու խուց, ընդ որում, շատ քիչ քանակությամբ), սակայն հետագայում առանձնազրույցների արդյունքում պարզվել է, որ նույնիսկ այդ մի քանի դատապարտյալներն էլ իրականում չէին օգտվում հիմնակի առաջարկած սննդից»,- ասված է զեկույցում:

Հեղինակները նաև նշել են, որ դատապարտյալները հիմնարկում չգիտեն, թե ինչպես, ինչ մեխանիզմներով և միջոցներով կարելի է պաշտպանել սեփական իրավունքները: «Դատապարտյալների մոտ հիմնականում գերիշխում է չբողոքելու, ճշմարտությունը չասելու, չհամագործակցելու, իրական վիճակը թաքցնելու սովորույթը, որը բխում է քրեական ենթամշակույթից: Այս տեսակետից սեփական խնդիրների լուծման համար իրենց իրավունքները պաշտպանող մարմինների հետ համագործակցելու փոխարեն՝ դատապարտյալները հակված են կամ զուսպ տանելու իրենց հանդեպ իրականացված խախտումները, մինչև ազատ արձակումը, որից հետո իրենց վարքը դարձյալ դառնում է  անկանխատեսելի, կամ իրենց ազատության սահմանափակում ենթադրող անօրինական գործողություններն իրենց խցակիցներից ավելի թույլերին մեղսագրելը՝ ստեղծելով ներխմբային հիերարխա»,- ասվում է զեկույցում:

Արտաքին զննության անցկացում և անհետաձգելի բուժօգնություն բաժնում հեղինակները նշել են, որ առկա է բուժանձնակազմի համալրվածության խնդիրը, բացակայում են համապատասխան բժշկական սարքավորումներ և անհրաժեշտ դեղամիջոցներ, ինչպես նաև ոչ պատշաճ կերպով են լրացվում բժշկական փաստաթղթերը. «Խիստ անբարեկարգ վիճակում են գտնվում բուժկետերը, մասնավորապես՝ չկա կենտոնացված ջեռուցում, հիվանդասենյակները ջեռուցվում են էլեկտրական սալիկներով, որոնք շատ հաճախ հին են և անսարք: Հիվանդների համար անհարմար դասավորվածություն ունեն բուժհիմնարկի մասնաշենքերը: Այսպես, հիվանդ ազատազրկվածը (ջերմողը կամ խնամքի կարիք ունեցողը) անբարենպաստ եղանակային պայմաններին ստիպված է դուրս գալ մասնաշենքից՝ իրեն անհրաժեշտ ներարկումները կամ դեղորայքը ձեռք բերելու խնդրով, քանի որ ոչ կանխատեսելի դեղորայքի անհրաժեշտություն առաջանալու դեպքում ՔԿՀ-ն չի կարող արագ կազմակերպել գնումը: Արձանագրվել են բողոքներ առ այն, որ «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխվելը և այնտեղ բժշկական օգնություն ստանալը կատարվում է որոշակի դրամական գումարի դիմաց, հակառակ դեպքում բուժհիմնարկ տեղափոխելը կա՛մ միանգամից մերժվում է, կա՛մ էլ անհարկի ձգձգվում («Նուբարաշեն» ՔԿՀ): Բացի այդ՝ հիվանդասենյակները գտնվում են ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակում: Մի շարք բողոքների համաձայն՝ հիմնարկի բժշկի կողմից նշանակված դեղերը հիվանդին ոչ միայն չեն օգնել, այլև վերջիններիս մոտ հանգեցրել են ալերգիաների և նոր հիվանդությունների առաջացման: Որոշ ՔԿՀ-ների բուժկետում գտնվող հիվանդ դատապարտյալներն իրենց միջոցներով են դեղամիջոցներ ձեռք բերում»:

Տեսանյութեր

Լրահոս