Վերջապես տպագրվեց «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք» գիրքը
Այսօր` հուլիսի 4-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ աստղագետ, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տիեզերագիտական խմբակի ղեկավար Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք» գիտահանրամատչելի գրքի շնորհանդեսը:
Շուրջ 25 տարի` Ավետիք Գրիգորյանի ջանքերով գիտատեխնիկական ուղղվածության «Տիեզերք» ակումբներ են գործում Երևանի երկու կրթօջախներում՝ «Քվանտ» վարժարանում և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որտեղ նույն դասընթացը վարում է նրա աշակերտներից մեկը՝ Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ Լևոն Արամյանը: Աստղագետը տարիներ շարունակ իր հնարավորությունների սահմաններում՝ անվճար հիմունքներով, փորձում է գիտելիքներ փոխանցել ապագա սերունդներին: Այս տարիների ընթացում Ա. Գրիգորյանի արտադպրոցական պարապմունքներին հաճախած սաներից շատ-շատերն աշխարհի տարբեր երկրներում շարունակել են գիտությամբ զբաղվել և մեծ հաջողությունների հասնել՝ աշխատելով խոշորագույն ընկերություններում:
Իր գիտելիքները փոխանցելու և դասընթացը շատերին հասանելի դարձնելու համար աստղագետը գիտահանրամատչելի գիրք էր գրել՝ «Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք», որը մատչելի կերպով աշակերտին է հասցնում այնպիսի լուրջ ու խորը գիտելիքներ, որոնք հասու են համարվում միայն ուսանողների համար: Գիրքն, ըստ հեղինակի, երեխայի մոտ աշխարհայացք է ձևավորում: Երկար տարիներ` 5-6 տարի, աստղագետը փորձում էր միջոցներ գտնել գիրքը տպագրելու համար, և վերջապես երկար սպասվածը իրականություն է դարձել:
Շնորհանդեսի ընթացքում գրքի և հեղինակի մասին իրենց ելույթներում բարձր գնահատականներով հանդես եկան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, ՀՀ ԿԳՆ Տեխնիկական ստեղծագործության հանրապետական կենտրոնի տնօրեն Ֆերդինանդ Ղարիբյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Էլմա Պարսամյանը և այլք:
«Դարերի խորքից՝ դեպի Տիեզերք» գիրքը հետաքրքրաշարժ, գիտահանրամատչելի պատմություն է ճանաչման այն ուղու մասին, որն անցել է մարդկությունն օդագնացության, ավիացիայի, աստղագիտության և տիեզերագնացության բնագավառներում՝ սկսած քարե դարից մինչև մեր օրերը, ինչպես նաև գալիք տիեզերական ապագայի մասին: Գիրքը քայլ առ քայլ ընթերցողին պարզ, սովորական գաղափարներից խոր, բազմակողմանի բնագիտական ու տեխնիկական գիտելիքներ է սովորեցնում, նրա մեջ հետաքրքրասիրություն է արթնացնում, զարգացնում ստեղծագործելու ձգտումը, ինչպես նաև տալիս է համապարփակ աշխարհայացք Տիեզերքի և նրա ուսումնասիրության մասին:
Գրքի հեղինակ Ավետիք Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ ուրախ է, որ վերջապես մեր իրականության մեջ հայտնվեց բացատրող գիրք, այսինքն` գիրք, որն իսկապես կհասկացնի, կոգևորի, կհետաքրքրացնի և աճող սերնդին կոգեկոչի դեպի գիտություն:
«Հակառակ դեպքում՝ մենք իրենց այդ դոգմատիկ գրքերով և հանրագիտարաններով միայն տեղեկություններ ենք տալիս, սակայն ոչինչ այդտեղ չի բացատրվում, այլ պարզապես նրանց սովորեցնում ենք, որ դա է գիտելիքը, և դրանով սահամանափակվում է այդ ամենը: Սակայն կարևոր է ոչ միայն պարզապես գիտելիքն իմանալը, այլև պատանիների`որպես ստեղծագործ անհատների և հետազոտողների ձևավորվելը»,- ասաց Ա. Գրիգորյանը` նշելով, որ իր գիրքն ուղղված է հենց այդ նպատակին: Նրա խոսքով` 464 էջ գունազարդ գիրքը տպագրվել է 2000 տպաքանակով և անհատույց բաժանվելու է Հայաստանի, Արցախի և Ջավախքի դպրոցներին:
«Ճիշտ է, գիրքը գուցե բոլորին չհասնի, սակայն կփորձենք գիրքը նաև որոշ գրադարաններում էլ ներկայացնել, որպեսզի հիմնական`թիրախ ընթերցողին այն հասանելի լինի»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Տեղեկացնենք, որ գիրքը հնարավոր դարձավ տպագրել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և ՀՀ Կրթության և գիտության նախարարություն համաֆինանսավորման միջոցով: Ընդհանուր առմամբ միայն տպագրության վրա ծախսվել է մոտ 10 մլն դրամ:
Կարելի է գրքից հատվածներ ընթերցել գրքի կայքէջում: