Զգոն եղեք. ինտերնետում կատարված յուրաքանչյուր գրառում կարող է գաղտնալսվել
«Մշտապես պետք է հաշվի առնել, որ սոցիալական ցանցերը վերահսկվում են տարբեր ձևերով: Այսինքն` ի սկզբանե այդ հանգամանքը հաշվի առնելով պետք է սոցիալական ցանցերում ցանկացած մեկի հետ շփվել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով` մի կողմից` գաղտնիք կրող մարդիկ պետք է զգուշություն պահպանեն, իսկ մյուս կողմից՝ պարտադիր չէ, որ գաղտնիք կրես` ինչ-որ գաղտնիքներ չբացահայտելու համար:
«Օրինակ` զինծառայողները, երբ անընդհատ լուսանկարվում են զորամասերում և տեղադրում են այդ նկարներն ինտերնետում, պետք է զգույշ լինեն: Իհարկե, մեկ-երկու նկարը կարող է որևէ բան չասել, բայց եթե բոլորի լուսանկարներն իրար գլխի հավաքես՝ շատ սիրուն կարող ես կազմել հայկական բանակի մասին պատկերը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` նշելով, որ յուրաքանչյուր գրառում, որը սոցիալական ցանցում` Facebook-ում և այլ ցանցերում արվում է, իր մեջ ռիսկեր ունի, և բոլորովին կարևոր չէ, որ դա միայն դուք և ձեր ընկերն եք տեսնում: Բացի այդ, ըստ փորձագետի` շատերին կարող է թվալ, որ դա ինչ-որ հասարակ բան է, ուղղակի նկար ես տեղադրում ինտերնետում, սակայն այդ ամենը կարող է իր մեջ ինչ-որ ռիսկ պարունակել:
«Այդ իմաստով, հանրային իրազեկման խնդիր կա Հայաստանում: Մարդիկ չգիտեն նախևառաջ, որ իրենց գրածը կարող են կարդալ, բացի այդ, նրանք չգիտեն, թե ինչպե՞ս կարող են այդ ամենից պաշտպանվել: Ցանկացած բան, եթե գրում եք, պահվում է, եթե անգամ դուք ջնջեք ձեր նամակները կամ նույնիսկ սոցցանցում բացված հաշիվը՝ ձեր էջը: Օրինակ, սոցիալական ցանցում այդ ամենը տվյալ ընկերության բազաներում կարող է մնալ հավերժ, իսկ մի օր էլ ինչ-որ հաքերային խումբ կարող է կոտրել, օրինակ` Facebook-ի սերվերները և ձեր բոլոր գրառումները բաց տեղադրել ցանցում: Որևէ մեկը չի կարող ասել, որ նման բան չի կարող լինել:
Այնպես որ, ոչ մի համակարգ 100%-ով պաշտպանված չէ»,- ասաց փորձագետը: Ս. Մարտիրոսյանի խոսքով` այդ ամենը նման է համակարգչից ինչ-որ փաստաթուղթ ջնջելուն. «Օրինակ` եթե մարդիկ համակարգչում ինչ-որ մի ֆայլ գցում են աղբամանը, համարում են, որ այդ ֆայլը ջնջվեց, իրականում այդ ֆայլը կարելի է հետո վերականգնել: Նույնիսկ, եթե աղբամանից էլ են ջնջում, դա ևս կարելի է վերականգնել, և եթե անգամ համակարգիչը ֆորմատ են անում՝ կրկին այն կարելի է վերականգնել: Իհարկե, կան հատուկ ծրագրեր, որոնց միջոցով, եթե ինչ-որ բան 100% ուզում եք ջնջել, ապա հնարավոր է դա անել, բայց այդ դեպքում տվյալ ծրագրերը այդ ջնջած փաստաթղթի տեղում (հասցեում) 7 անգամ ինչ-որ բան են ձայնագրում, որպեսզի հանկարծ որևէ բան չմնա նախորդ ջնջած փաստաթղթից»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով` որոշ մարդիկ, ովքեր տիրապետում են պետական գաղտնիքներին, հատկապես պետք է ուշադիր լինեն ինտերնետում: Իսկ այն մարդիկ, ովքեր հույժ գաղտնի ինֆորմացիայի են տիրապետում, նրանց շարժուձևը պետք է վերահսկել ընդհանրապես նաև կյանքում՝ ո՞ւմ հետ են շփվում, ո՞ւմ հետ են խոսում, ո՞ւմ հետ են նամակագրության մեջ, որովհետև այդ կերպ թշնամին կարող է շատ հեշտությամբ տիրապետել այդ տվյալներին:
«Պետք է ուշադիր լինել և հետևել պաշտպանության տարրական կանոններին: Այսինքն` եթե դու անձամբ տվյալ մարդուն չես ճանաչում, ապա չարժե նրա հետ որևէ նամակագրություն հաստատել, մանավանդ, որ ինտերնետային շփումը հոգեբանորեն մի քիչ տարբերվում է սովորական շփումից. առաջինի պարագայում մարդիկ ավելի հանգիստ են և շուտ են վստահում դիմացինին»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Ըստ նրա` օրինակ` ինտերնետային շփման միջոցով տղամարդը շատ հանգիստ կարող է այնպես անել, որ կինը սիրահարվի իրեն` դրանից բխող բոլոր հետևանքներով, և հաճախ կարող են պատմել մանրամասներ, որոնք հետագայում կարող են չարամտորեն օգտագործվել իրենց դեմ:
«Եթե դու աշխատում ես հատկապես պատասխանատու մի վայրում, ուրեմն պետք է խուսափես նման շփումներից, և այն, ինչը մենք իրական կյանքում ենք անում` լվացվում ենք, հետևում ենք հիգիենայի կանոններին, տան դուռը փակում ենք, իսկ բանալու տեղը ոչ մեկին չենք ասում, այդ նույնը պետք է անել նաև համացանցում»,- ասաց Տիգրան Քոչարյանը` նշելով, որ կամ պետք է ինտերնետ չմտնել, կամ էլ իմանալ, որ քո բոլոր տվյալները տարբեր աստիճաններով կարող են հասանելի դառնալ, օրինակ` Wi-Fi կապ առաջարկողից սկսած, մինչև, ենթադրենք, ԱՄՆ հատուկ ծառայություններ, դրանք կարող են ձեր բոլոր տվյալներին տիրապետել: «Ամեն դեպքում` ամենաճիշտն այն է, որ եթե իրոք գաղտնիք պարունակող անձ եք կամ ինչ-որ մի գաղտնիք պարունակող հաստատությունում եք աշխատում՝ ուղղակի ձեր բերանը փակ պահեք, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց փորձագետը:
Փորձագետները խոսեցին նաև Skype-ի հնարավոր գաղտնալսման թեմայի մասին, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում հանրության շրջանում: Փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով` եթե դատարանի որոշում կա, ապա Skype-ին պաշտոնապես կարելի է դիմում ուղարկել, նրանք համագործակցում են ուժային կառույցների հետ, և եթե եղել է դիմում, և դա համարվել է օրինական պահանջ, ապա Skype-ը դրվում է գաղտնալսման տակ:
Ըստ փորձագետի` Microsoft-ի 2012 թվականի տվյալների համաձայն` Հայաստանից եղել է Skype-ի գաղտնալսման 2-3 դիմում, 6 հաշիվների (account)-ի վերաբերյալ, սակայն բոլորը մերժվել են: «Իրենք չեն գրում, թե ինչո՞ւ են մերժել, բայց, կարծում եմ, որ լուրջ օրինական հիմք չի եղել, դրա համար էլ մերժվել են դիմումները»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով` Skype-ի դեպքում փոքր-ինչ ավելի դժվար է գաղտնալսելը, քան, օրինակ` մեր հեռախոսազանգերի դեպքում, որոնց ձայնագրությունները կարող է մեկ էլ հայտնվեն ինչ-որ մի խմբագրությունում, և այդպես էլ ոչ ոք չիմանա, թե ո՞վ է գաղտնալսել այս կամ այն մարդու հեռախոսազանգը:
«Skype-ի անվտանգությունը ինքնին բավականին բարձր է: Skype-ը գնաց այդ համագործակցությանը, որովհետև շատ երկրներ, հատկապես, Չինաստանը, Ամերիկան և այլն, մեղադրում էին Skype-ին, որ այդ ծառայությունը թույլ է տալիս ահաբեկիչներին շփվել առանց գաղտնալսման հնարավորության, դրա համար էլ իրենք գնացին այդպիսի փոխզիջման»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Նա նշեց նաև, որ կան նաև այլ տիպի գաղտնալսումներ:
Օրինակ, ԱՄՆ-ում հայտնի է, որ Ոստիկանությունը կամ այլ տիպի ծառայությունները վիրուսներ են տեղադրում համակարգչի մեջ, որոնք ասես գաղտնալսող սարքեր լինեն:
«Սա պաշտոնապես չհերքվող բան է, որ այնտեղ նմանատիպ հնարավորություններ կան: Հայաստանի մասին մենք նմանատիպ տեղեկատվություն չունենք»,- ասաց Ս. Մարտիրոսյանը: Նա նշեց նաև գաղտնալսման այլ տարբերակի մասին, երբ վերահսկվում են խողովակները, այսինքն` ձեր գրած հաղորդագրությունը անցնում է մի քանի օղակներով: «Օրինակ, եթե սրճարանում Facebook-ով ինչ-որ հաղորդագրություն եք գրում, այն սկզբից Wi-Fi-ով միանում է սրճարանի ռաութերին, հետո այդտեղից գնում է պրովայդերի մոտ, հետո այդտեղից նոր դուրս է գալիս Հայաստանից:
Այդ ընթացքում կարող են գաղտնալսումներ լինել, այստեղ հարցը նաև նրանում է, թե դուք ինչպե՞ս եք օգտվում Facebook-ից: Այն ունի երկու հնարավորություն՝ լռելյայն (default), երբ միանում եք հասարակ կապի, այսինքն` http-ի, բայց կարելի է նաև Facebook-ի անվտանգության համակարգի միջոցով միացնել անվտանգ դիտարկումը, իսկ այդ դեպքում Facebook-ը կանաչ գույնի https-ով է աշխատում, իսկ դա նշանակում է, որ այն անվտանգ է»,- ասաց Ս. Մարտիրոսյանը` նշելով, որ, եթե դուք միացնում եք https-ը, ձեր գրառումները արդեն կոդավորված ձևով են գնում, ինչը բարդացնում է դրանց հետևելու գործընթացը: Փորձագետը, սակայն, չգիտեր՝ արդյոք Հայաստանում նման բան արվո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ բացահայտ նման բան չի եղել:
Փորձագետի խոսքով` բջջային հեռախոսը, Wi-Fi կապը, ինտերնետի համար նախատեսված կրիչները (ֆլեշկա) աշխատում են ռադիոկապով, ինչը նշանակում է, որ դուք ուղիղ եթերով հեռարձակում եք ինչ-որ հաղորդագրություն, որը, եթե կոդավորված չի գնում, ապա այն կարող է հասանելի դառնալ ոչ միայն գաղտնի ծառայություններին, այլև, օրինակ` Wi-Fi-ով սրճարանում ձեր գրածին կարող են հետևել այն պատանիները, որոնք օրինակ` Android-ի համար application են ներբեռնել, որը կարողանում է բռնացնել այդ կապը, որով դուք գրում եք բաց ձևով:
«Այդ կոդավորումը պետք է միացնել: Օրինակ, Yahoo էլեկտրոնային փոստը մինչև վերջերս չուներ այդ անվտանգ կապը, նրանք հունվարից են միացրել դա, բայց այնպես են միացրել, որ օգտվողը դրանից օգտվելու համար այն ձեռքով պետք է կարգավորի և միացնի, ինչպես, օրինակ, Facebook-ի պարագայում է, իսկ օրինակ Gmail-ում էլ. փոստից անվտանգ օգտվելու հնարավորությունը լռելյայն (default) այդպես է, այն անկախ քո տեղեկացվածությունից՝ միացնում է քեզ հենց սկզբից https-ով, որպեսզի դու անվտանգ լինես»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Ընդհանուր առմամբ` ըստ երկու փորձագետների` ինտերնետում պետք է զգուշ և զգոն լինել, քանի որ շատ մեծ է ռիսկը, որ ձեզ կգաղտնալսեն:
«168 ԺԱՄ»