Իշխան Զաքարյանը շեղվել է «գծից»
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած քննարկումը` բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ, շատերի կողմից գնահատվեց` որպես հերթական շոու, շարժեց շատերի զարմանքը, որովհետև անդրադարձ կատարվեց վերջին շրջանի ամենաաղմկահարույց երևույթներին` Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվությանն ու դրա հիման վրա Դատախազություն դիմելու անհրաժեշտությանը:
Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը գործող համակարգի համար, որը, ըստ նրա, ձգտում է դեպի բռնատիրություն, քննարկումը բնական համարեց ու կոչ արեց` լուրջ չվերաբերել սրան: Մեզ հետ զրույցում ՀԱԿԿ անդամը նշեց, որ սրանից հետո բոլորը պետք է հասկանան, որ ՀՀ-ում լուրջ փոփոխություններ լինել չեն կարող: Վահագն Խաչատրյանի գնահատմամբ, այդ խորհրդակցությունը ոչ թե անձերի, անհատների պաշտպանությանն էր ուղղված, այլ` գործող համակարգի: «Անհատներն այդտեղ դեր չեն խաղում: Գործող համակարգին վտանգ էր սպառնում, և հարկավոր էր նման խոսք ասել` այ, մի քիչ տեղներդ որ նստեքգ այլ բան չկա` այդպես պետք է լիներ: Գործող այս համակարգը միայն այս ձևով է կարողանում գոյատևել, որովհետև ոչ մարդկային ռեսուրս ունեն, ոչ վստահության: Մի իշխանություն, որը ոչ լեգիտիմ ճանապարհով է ձևավորվում, համակարգը պահելու ձևը միայն սա է»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Ըստ նրա` տնտեսական այն «հաջողությունները», որոնց մասին իշխանությունը նախկինում խոսում էր, այլևս չեն գործում: «Համակարգի պահպանման համար նրանք պարզապես նման քայլեր են իրականացնում: Բայց իշխանության գործունեության հարցում պետությունն է վտանգվում: Մարդիկ այլևս չեն ոգևորվում` չկա նման բան, որ արթնանան ու ոգևորված աշխատանքի գնան: Բայց հակառակն է տեղի ունենում` շատերը սրա արդյունքում կհարցնեն իրենց` ինչո՞ւ նախորդ օրը չհեռացանք, չթողեցինք Հայաստանը»,- ավելացրեց նա:
Հարցին, թե Սերժ Սարգսյանի այդ ելույթից հետո ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ու գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը աշնանը կվերանշանակվե՞ն իրենց պաշտոններում, Վ. Խաչատրյանը պատասխանեց. «Ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Իշխան Զաքարյանի կամ Աղվան Հովսեփյանի պաշտոնին մնալու հարցը չէ՞ որ որոշիչ է: Ամեն ինչ որոշում է Սերժ Սարգսյանի ցանկությունը` երբ կցանկանա` կհեռացվեն, երբ կցանկանա`կշարունակեն աշխատանքը: Եթե առողջ համակարգ լիներ, պաշտոնյաների աշխատանքից, պահվածքից ելնելով` նման եզրակացություններ կարող էինք անել: Բայց հիմա դուք ուզում եք մի չեղած բանի վերաբերյալ եզրակացություն անել: Հիմա կարող է չգիտեի՞նք` Իշխան Զաքարյանն ով ա, Աղվան Հովսեփյանը, Տիգրան Սարգսյանը… Շատ լավ գիտեն` ովքեր են, ոնց են ապրում, ոնց են շնչում: Հիմա պարզապես պետք էր այդ համակարգում մի փոքր աշխուժություն, ինտրիգ մտցնել, ինչն արվեց»: Վահագն Խաչատրյանի խոսքով` Ս. Սարգսյանի ելույթից հետո ոչինչ չի փոխվելու, հակառակը` վաղն ավելի վատ է լինելու, մյուս օրը` շատ ավելի վատ:
Ի վերջո, ՀԱԿԿ անդամը հակված է մտածել, որ Սերժ Սարգսյանը տեղեկացված է եղել ՎՊ 2012թ. տարեկան հաշվետվությանը. «Ո՞նց կարող ա Սերժ Սարգսյանը տեղեկացված չլիներ դրանից: Ո՞նց կարող ա Իշխան Զաքարյանը առանց տեղեկացնելու` նման ելույթներ ունենար»: Այս համակարգի գործունեության տրամաբանության մեջ, նրա համոզմամբ, տեղավորվում է նաև այն քաղաքականությունը, որ Սերժ Սարգսյանը տեղյակ լինի չարաշահումների հաշվետվության մասին, բայց խորհրդակցության ժամանակ Ի. Զաքարյանին ասի` «որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել, բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք Դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին»:
Ամեն ինչից անկախ` Վահագն Խաչատրյանի համար այս քննարկումներում ՀՀ քաղաքացու շահը տեսանելի չէ` բացակայում է, ավելին` մոռացված է. «Քաղաքացին իր տան մեջ նստած մտածում է` ո՞նց անի Հայաստանից գնա, սահմանը վրացական հեշտ անցնիգ Թե չէ` Իշխան Զաքարյան կամ մնացած, մնացածգ անհատով չէ, որ պայմանավորված է, որովհետև Սերժ Սարգսյանը իր համակարգի խաղի կանոններին համաձայն քայլեր է կատարում»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տեղի ունեցած քննարկումը` բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ, իշխանական ուժերի վերադասավորման շրջանակներում տեղի ունեցած խորհրդակցություն էր. «Այն, ինչի մասին խոսեց Սերժ Սարգսյանը, ներիշխանական հարաբերությունների մասին էր, և ակնհայտ էր, որ հարվածն այս անգամ ուղղված էր ՎՊ նախագահի ուղղությամբ և մի փոքր գլխավոր դատախազի հասցեին, իսկ վարչապետին պաշտպանության տակ առավ»: Եթե պատասխան քայլեր լինեն, դրանք, Ա. Մարտիրոսյանի խոսքով, կլինեն աշնանը` ՎՊ նախագահի ու գլխավոր դատախազի փոփոխությունների տեսքով:
«Ըստ օրենքի, նրանց պաշտոններն առաջարկում է նախագահը: Մենք, իմ կարծիքով, աշնանը կտեսնենք, որոշակի փոփոխություն` ներիշխանական տիրույթում, որովհետև հասարակության հետ կապ չունեցող քննարկում էր. մարդիկ այլ խոսքեր են սպասում` կշտացել են»,- ասաց նա` ավելացնելով, որ Իշխան Զաքարյանի փոփոխության հնարավորությունն ավելի մեծ է:
Մեջբերելով Ս. Սարգսյանի խոսքերն ուղղված ՎՊ նախագահին` «Դուք պարզ պետք է հասկանաք, որ որևէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք Դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին», Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե այսքանից հետո «ՎՊ նախագահն ո՞ւմ է հետաքրքիր»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, ՎՊ-ն կարևոր դեր պետք է խաղա կառավարման համակարգում ու նաև քաղաքական գնահատականներ տա, եթե հակակշիռ լինի իշխանությանը: Իսկ խորհրդակցությունը, ըստ նրա, ցույց տվեց, որ Հայաստանում անկախ որևէ մարմին չկա: Այնուամենայնիվ, մեզանում ՎՊ-ն «չքաղաքական» լինել, Մարտիրոսյանի գնահատմամբ, չի կարող, առավել ևս, երբ Իշխան Զաքարյանն էլ ոչ ֆորմալ, բայց քաղաքական անձնավորություն է: «Որքան էլ օրենքով ՎՊ-ն անկախ մարմին է, պարզ է, որ այն անկախ չէ: Դրա լավագույն ապացույցն այն է, որ Ի. Զաքարյանն ակտիվորեն մասնակցում է Նոր Նորքում ընտրական գործընթացներ կազմակերպելու երևույթին»,- նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ իր կարծիքով, Ս. Սարգսյանն, այնուամենայնիվ, տեղյակ եղել է չարաշահումների ներկայացման մտադրությանը` հիշեցնելով ԱԺ ամբիոնից Իշխան Զաքարյանի կրկնվող արտահայտությունները` «գ նախագահը տեղյակ է, նախագահը գիտի»: «Այնպես չէ, որ Իշխան Զաքարյանն ինքնագործունեությամբ է զբաղվել: Գուցե ինչ-որ բան այն չի արել, ինչ նախօրոք ասել է նախագահը, բայց այն, որ առանց նրա գիտության բյուջեն շատ չէր քրքրի, ակնհայտ է,- ասաց նա, ապա` կատակեց,- «Երևի «գծից» շեղվել է»:
«168 ԺԱՄ»