ՎՊ-ն հակադարձում է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հայտարարությանը
ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը, այսօր խոսելով 2012 թ.-ի ՎՊ հաշվետվության մասին, հայտարարել է. «Ես համաձայն չեմ Վերահսկիչ պալատի ֆինանսական գնահատականին, ես համամիտ կլինեմ, եթե ջրանցքների անորակ աշխատանքը մետրով գնահատեն, ոչ թե ֆինանսական գնահատական տան: Ճիշտ մոտեցում չէ դա»:
Վերոհիշյալի կապակցությամբ, ըստ «Փաստինֆոյի»՝ ՀՀ ՎՊ լրատվական ծառայությունը տեղեկացնում է .
«ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկում ՀՀ ՎՊ կողմից իրականացված Արմավիրի և Թալինի մայր ջրանցքների բետոնացման աշխատանքների ստուգումների ընթացքում հայտնաբերվել են 2 մլն 608.75 հազար դրամ ծավալային հավելագրում և 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանք:
Նշենք, որ ստուգումների արդյունքում կազմված բոլոր արձանագրությունները ստորագրվել են վերահսկվող օբյեկտի պատասխանատուների կողմից և որևէ առարկություն չի ներկայացվել:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեսյանը` ՎՊ նախագահ Ի. Զաքարյանին ուղղված 2013թ.-ի ապրիլի 10-ի 01/ 06/617 -13 գրությամբ տեղեկացնում է, որ 2մլն 608 հազար դրամի չափով գումարը կվերականգվնի մինչև 2013 թ.-ի ապրիլի 20-ը, իսկ ջրանցքի շեպերում առկա ճաքերն արդեն վերացված են և կազմված են համապատասխան ակտեր:
Ավելին, ի կատարումն ՀՀ վարչապետի 2013 թ.-ի մայիսի 20-ի 02/23.6/6877-13 և 2013 թ.-ի մայիսի 22-ի 02/23.6/7047-13 հանձնարարականների, Ա.Անդրեսայանը ներկայացրել է, որ «Արարատշին» ԲԲԸ-ի և «Սահակյանշին» ՓԲԸ-ի կողմից 2 մլն 608.75 հազար դրամը փոխանցվել է պետական բյուջե, իսկ 47 մլն 158.19 հազար դրամի անորակ աշխատանքները վերացված են և ԾԻԳ-ի համապատասխան հանձնաժողովը արձանագրել է այդ անորակ աշխատանքի վերացումը»: