Հուլիսի 1-ից մայրաքաղաքում կգործի վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու նոր ընթացակարգը
Երևանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են հուլիսի 1-ից մայրաքաղաքում վճարովի ավտոկայանատեղիներ կազմակերպելու գործընթացի մանրամասները: Ծառայությունը մատուցող «Փարկինգ Սիթի Սերվիս»ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը նշել է, որ ներկայում մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթևեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ: Տվյալ հատվածները կկահավորվեն նաև ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով, որոնց միջոցով էլ կվերահսկվեն տվյալ տարածքները: Կայանատեղիների վերահսկողությունը կիրականացվի նաև շրջիկ մեքենաների միջոցով, որոնք նույնպես կահավորված են տեսախցիկներով:
Նշված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչև 5 րոպե տևողությամբ կանգառ կատարելու դեպքում: Երևանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի մինչև մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար 500, մեկ շաբաթվա համար 1000, մեկ ամսվա համար 2000 դրամ, մեկ տարվա համար՝ 12000 դրամ: Ի դեպ, երեկոյան ժամը 24:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաև՝ SMS հաղորդագրության միջոցով: Կարճ հաղորդագրության դեպքում մեկ ժամվա կամ մեկ օրվա համար համապատասխանաբար անհրաժեշտ է հավաքել 1045 և 5045 համարները`տեքստում նշելով տրանսպորտային միջոցի լատինատառ պետհամարանիշը՝ առանց միջակայքի: Վարորդը պատասխան հաղորդագրությամբ կտեղեկացվի կայանման ժամի և ավարտի մասին:
Վճարումներ հնարավոր կլինի կատարել նաև բանկերում, վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների, կամ սպասարկող կազմակերպության էլեկտրոնային կայքի միջոցով: Բոլոր դեպքերում վճարման նպատակ դաշտում պարտադիր պայման է լինելու պետհամարանիշի ամրագրումը: Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ այս փուլում առայժմ կարգավորվում է գլխավոր և երկրորդական փողոցների բանուկ մասերում ավտոկայանատեղիների կազմակերպումը:
Հենրիկ Նավասարդյանն ընդգծել է, որ այսուհետ թևկապներով հսկիչները վարորդներից գումար գանձելու իրավունք չունեն: Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն էլ ընդգծել է, որ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը կիրառվելու է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում և հրապարակներում: Բակային, մշակութային, կրթական օջախների, պետական և համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում: Երևան քաղաքի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն էլ հավելել է, որ առևտրային գործունեություն ծավալող ընկերությունների հարակից տարածքները համայնքապատկան են և նույնպես կարգավորվում են տվյալ օրենքով, ընդգծելով սակայն, որ վճարովի կանգառների տարածքներում ևս վարորդները պարտավոր են պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ի մասնավորի`կանգառ կատարել գծանշմանը համապատասխան:
Արգելվում է նաև կանգառ կատարել կայանատեղիին հարակից 2-րդ երթևեկելի գոտում, հակառակ դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է: Վճարովի ավտոկայանատեղերի հսկողության ավտոմատացման և ավտոկայանատեղերի տուրքի անկանխիկ հավաքագրման հիմնական իմաստը մայրաքաղաքում ավտոկայանատեղիների քաղաքակիրթ գործունեության ծավալումն է: Հաշվի առնելով օրենքի իրազեկման համար անհրաժեշտ ժամանակահատվածը և նաև կայանատեղիները տեխնիկապես լիարժեք հագեցնելու անհրաժեշտությունը՝ քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որևէ տույժ կամ տուգանք չի գանձվելու:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն