Գազի պատճառով կաթնամթերքը չի թանկանա. Խոստանում են արտադրողները
Չնայած հուլիսից գազի և էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ կաթնամթերքի գնային փոփոխություն, ամենայն հավանակությամբ, չի լինի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Բիոկաթ» ընկերության փոխտնօրեն Ավագ Դանիելյանը, արտադրողների վրա այդ թանկացումն, իհարկե, կազդի:
«Իչնքան գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են, այդքան դա ազդում է մեր վրա, սակայն ինչքան հնարավոր է՝ թանկացում չի արվի, և այդ հավելյալ ծախսը կլինի ընկերության շահույթի հաշվին»,- ասաց Ա. Դանիելյանը: Նա նշեց, որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ գազի ծախսը մոտ 10-15% է:
Մեզ հետ զրույցում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Չանախ» ընկերության հիմնադիր և ղեկավար Ղուկաս Բունիաթյանը նշեց, որ դեռ հաշվարկներ չեն արել, թե գազի և էլեկտրաէներգիայի թանկացումն ինչպես կազդի արտադրության վրա:
Արտադրանքի թանկացում չի սպասվում նաև «Բոնիլատ» ընկերությունում: Վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ առայժմ նման հրահանգ չի եղել: