Բաժիններ՝

Կառավարության «բռնի բարությունը» պատային դրության մեջ է դրել տնտեսվարողներին

2013թ. հուլիսի 1-ից ներդրվող «սուպեր» հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը հարուցել է գործարարների դժգոհությունը: Հիշեցնենք, որ հունիսի 27-ի նիստում կառավարությունը հաստատեց նոր ՀԴՄ-ների գինը՝ 369 հազար 600 դրամ:

168.am-ի հետ զրույցում գործարարներից մեկը փաստեց, որ դա 2-3 համակարգչի գին է: Այն, որ սարքավորումների համար նախապես հայտարարվել էր 180 հազար դրամ, հավանաբար, որոշակի հաշվարկի հիմք ուներ, այսինքն՝ պատվերի արժեքը և հավելյալ  ծախսերը կազմել են 180 հազար և ոչ թե 369 հազար դրամ: Նշանակում է՝ կառավարությունը նոր գին սահմանելով՝ փորձում է ուղղակի իր գրպանը հաստացնել: Վաճառքի է ենթակա 7500 հատ նոր ՀԴՄ, յուրաքանչյուրը՝ մոտ 900 ԱՄՆ դոլար արժողությամբ: Այսինքն՝ շատ կարճ ժամանակահատվածում, ընդամենը մի քանի օրերի ընթացքում բյուջեն կհարստանա 7 մլն դոլարով:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը նոր ՀԴՄ-ները պատվիրել էր թայվանական «ՄիԹԱՔ Ինֆորմեյշն Թեքնոլոջի» ընկերությունից («MiTAC Information  Technology Corp»):

ՀԴՄ-ների բարձր գինը պատճառաբանվում է նրանով, որ դրա վրա, բացի ձեռք բերված ՀԴՄ-ների խմբաքանակի սահմանափակ լինելուց, ազդել է  մեքենաների բացմաֆունկցիոնալությունը՝ բացի դրամական հաշվարկների կատարումից, դրանք պոս-տերմինալներ են, կարող է գեներացնել խաղարկության թվեր, հանդես գալ՝ որպես հաշվարկային փաստաթուղթ ձևավորող սարք, տեղեկություններ Հարկային մարմին ուղարկող ու ստացող սարք, հնարավորություն է տալիս դուրս գրել էլեկտրոնային փաստաթղթեր, և այլն:

Կարդացեք նաև

Բացի սարքավորումների գերթանկ լինելուց, գործարարները պարզապես «պատային» իրավիճակում են հայտնվել: Այսպես՝ սարքերի գինը հաստատվեց անցած հինգշաբթի, իսկ կիրառության մեջ դրանք պետք է լինեն արդեն այսօր՝ հուլիսի 1-ին, ընդ որում՝ շաբաթ-կիրակի բանկերը չեն աշխատում և գումար փոխանցելու հնարավորություն չկա: Փաստորեն, մեկ ուրբաթ օրվա ընթացքում բոլոր 500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողները պետք է հասցնեին կատարել փոխանցում, ձեռք բերել սարքավորումը, ծրագրավորել այն, որպեսզի երկուշաբթի չհայտնվեն տուգանքի ենթարկվելու վտանգի առջև: Էլ չասած այն մասին, որ կառավարությունը, չգիտես ինչու, հարկային վերահսկողության ծախսերը կրկին բարդում է ՀԴՄ շահագործող հարկ վճարողների ուսերին:

Գործարարները կառավարության կողմից այս պարտադրանքը որակում են՝ որպես հերթական «բռնի բարություն»՝ ի բարօրություն հարկ վճարողների:

Ի դեպ, կառավարության որոշման հիմնավորման մեջ գրված էր, որ սարքավորումներն արտադրվել են առաջին անգամ: Այսինքն՝ դրանք, շատ հնարավոր է, աշխատանքի ընթացքում անակնկալներ մատուցեն տնտեսվարողներին ու ՊԵԿ աշխատակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս