ԲՀԿ-ի դիրքորոշումը` Եվրամիության Ասոցիացման համաձայնագրի և Եվրասիական տնտեսական նախագծի վերաբերյալ
Այս տարվա նոյեմբերին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված երկրների երրորդ գագաթաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանը: Բանակցությունների մի քանի փուլերից հետո հենց այս գագաթաժողովում է նախատեսվում ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը: Ի՞նչ դիրքորոշում ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այս գործընթացի, ինչպես նաև՝ Եվրասիական կամ Մաքսային միության նախագծի հարցում:
168.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այս մասին ասաց. «Որպես Եվրամիության Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ և Եվրասիական ինտեգրացիոն նախագծին վերաբերող տարբեր ձևաչափերի բանակցությունների մասնակցող պատվիրակ` ես չեմ տեսել որևէ հակադրություն: Համենայն դեպս, այն շահերը, որոնք մենք փորձում ենք դիտարկել գործընկեր երկրների կամ միջազգային կառույցների հետ հարաբերություններում` մեր երկրին և քաղաքացիներին հուզող առաջնահերթությունների համատեքստում, դրանք այս պահի դրությամբ իմ կողմից դիտարկվում են՝ որպես միմյանց չհակադրվող»:
«Առհասարակ, մեր կուսակցության դիրքորոշումը միշտ հրապարակավ է հնչեցվել. Հայաստանի Հանրապետությունն այլ պետությունների և միջպետական-միջազգային միավորումների հետ կամ դրանցում մեր մասնակցությունը պիտի չլինի ի հաշիվ այլ պետությունների կամ այլ միավորումների հետ հարաբերությունների կամ դրանցում մեր մասնակցության»,- ավելացրեց Տիգրան Ուրիխանյանը:
ԲՀԿ մամուլի խոսնակը նաև կարծիք հայտնեց, որ Եվրասիական միության նախագծի շուրջ բանակցություններին և քննարկումներին մասնակցող երկրների հետ Հայաստանն արդեն ունի «լուրջ կապվածություն» և «բարեկամական, ընկերական հարաբերություններ, տնտեսական կապեր և ռազմավարական գործակցություն»:
Մենք նկատեցինք, որ թեև, ըստ Տիգրան Ուրիխանյանի, եվրոպական և եվրասիական գործընթացները չեն հակադրվում միմյանց, այնուամենայնիվ, եվրոպացի դիվանագետները և պաշտոնյաներն իրենց հայտարարություններում պնդում են, որ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացում գտնվող երկրները, այդ թվում` Հայաստանը, չեն կարող միաժամանակ անդամակցել Մաքսային միությանը: Մասնավորապես, այս շաբաթ այդ մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին` նշելով, որ Հայաստանը չի կարող լինել երկու տնտեսական տիրույթներում և պետք է ընտրություն կատարի:
Ի պատասխան` Տիգրան Ուրիխանյանը պնդեց, որ Լեհաստանը Եվրամիությանն անդամակցող միակ երկիրը չէ, իսկ Եվրամիությունն ունի իր համապատասխան կառույցները, և այդ կառույցներն են իրավասու Եվրամիության անունից անել պաշտոնական հայտարարություններ: Սակայն պետք է նշենք, որ Լեհաստանը հանդիսանում է ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրի համահեղինակը և առանցքային դերակատարություն ունեցող երկիրը, իսկ նմանատիպ` վերջնագրի տեսքով հայտարարություններ են արել նաև ԵՄ-ի պաշտոնական կառույցները, օրինակ` Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի գրասենյակը:
«Երկրորդը, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան և անկախ պետություն է, և արդեն վաղուց անհրաժեշտ է, որ բոլոր երկրները հասկանան` ՀՀ արտաքին քաղաքականությունը առաջնայնորեն պիտի իրականացվի սեփական երկրի ու ժողովրդի շահերի համատեքստում»,- ավելացրեց Տիգրան Ուրիխանյանը: