«Իրականում տգեղ է». Ստեփան Սաֆարյանը` Լեհաստանի նախագահի կողմից Սերժ Սարգսյանին հակադարձելու մասին
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 25-ին Լեհաստան կատարած պաշտոնական այցով մեկնել էր Լեհաստան, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ: Վարշավայում երկու նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր Հայաստանի եվրոպական ինտեգրացիային, մասնավորապես խոսել Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման գործընթացի մասին` միաժամանակ շեշտելով, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ, և Հայաստանը չի արել որևէ քայլ, որն ուղղված կլինի Ռուսաստանի դեմ:
«Մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի: Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք, և մեր նպատակն է՝ զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա: Հայաստանը Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է: Մենք մեր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա: Եվ ես այստեղ հակասություն չեմ տեսնում»,- նշել էր Սերժ Սարգսյանը:
Սակայն սրան ի պատասխան` Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին արել էր բավական ուշագրավ հայտարարություն:
«Դուք չեք կարող լինել երկու տնտեսական տիրույթներում միաժամանակ, Դուք պետք է ընտրություն կատարեք»,- ասել էր Լեհաստանի նախագահը: Նշենք, որ Լեհաստանի նախագահի պատասխանը դուրս էր մնացել Սերժ Սարգսյանի այցի վերաբերյալ պաշտոնական լրահոսից, սակայն այն լուսաբանել էին լեհական լրատվական կայքերը, այնուհետև` ռուսական Ռեգնում գործակալությունը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով վերոնշյալը, նշեց, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ չպետք է խոսեր մի խնդրից, որի պատասխանն արդեն տրվել է եվրոպացի բազմաթիվ դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:
«Այս վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ պաշտոնյաներ, մասնավորապես՝ Գերմանիայի, Լեհաստանի, Եվրամիության դեսպանները, հետագայում՝ նաև ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնի գրասենյակը, հստակ նշել էին, որ չի կարելի գտնվել իրար հակասող երկու մաքսային ռեժիմներում, և Հայաստանը պետք է կողմնորոշվի»,- հիշեցրեց Ստեփան Սաֆարյանը:
Ս. Սաֆարյանը նշեց, որ այս հայտարարությունները կատարվում էին առավելապես նախորդ տարի, երբ Հայաստանը նոր էր սկսել Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի և Խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ:
«Ընդ որում, եվրոպական այդ պաշտոնյաների հայտարարություններին հետևում էին Սերժ Սարգսյանի թիմակիցների նմանատիպ հայտարարությունները, թե եվրոպական ինտեգրացիան չի հակասում եվրասիական ինտեգրացիային: Թե´ տեղացի փորձագետները, թե´ քաղաքական գործիչները, թե´ նաև եվրոպական դիվանագետները բազմաթիվ անգամներ հասկացրեցին, որ այդպիսի բան չի կարող լինել, սա այլ երկրի հետ հարաբերությունների խնդիր չէ, որ տարբեր երկրների հետ ունենաս տարբեր որակի հարաբերություններ: Դու արդեն գրեթե մուտք ես ունենում եվրոպական տնտեսական տարածություն, և, բնականաբար, եթե ուզում ես ունենալ այդ մուտքը, պետք է նաև հասկանաս, որ դրանից դուրս այդ տարածություններում չես կարող լինել»,- նշեց նա:
«Հետևաբար, անհասկանալի էր, թե ինչու այս բավական հասկանալի պատասխաններից հետո Սերժ Սարգսյանը հերթական անգամ Վարշավայում պիտի կրկներ մի բան, որի պատասխանը հնչել էր, որովհետև իրականում տգեղ է: Եթե այդքան հաճելի պահ լիներ, Սերժ Սարգսյանին ուղեկցողներն իրենք կտային այդ դետալը, որ Սերժ Սարգսյանն ասել է այսպես, իսկ Կոմորովսկին հակադարձել է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
«Ճիշտ չէ և լուրջ վրիպում է երկրի ղեկավարի համար»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ իշխանություններն անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (կամ Մաքսային միությանը) դիտում են որպես փոխլրացնող` վերոնշյալ «և-և» սկզբունքի շրջանակներում: Այս մասին մայիսին Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը խոսել էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ «Երևանի դիրքորոշումը հստակ է, և ոչ մի կասկած չկա»:
Մեր հետաքրքրվեցինք պարոն Սաֆարյանից` եթե ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիրը հակասում է Մաքսային միությանն անդամակցելուն, ապա ո՞րն է ելքը:
«Ես, իհարկե, կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում ռիսկեր կան, բայց վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունը վերջապես կհասկանա, որ, այնուամենայնիվ, Հայաստանի համար առաջնահերթ է եվրոպական տնտեսական տարածությունը»,- ի պատասխան՝ ասաց Ստեփան Սաֆարյանը:
Իսկ մեր հարցադրմանը, թե ամեն դեպքում նորմալ չէ՞, որ երկրի ղեկավարը փորձում է հավասարակշռման քաղաքականություն վարել, և արդյոք օտար դիվանագետնե՞րը պետք է թելադրեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը, «Ժառանգության» անդամ Ս. Սաֆարյանն այպես պատասխանեց. «Սա նման է մի վիճակի, երբ հայտ ես ներկայացնում միասին ապրել կոմունալ բնակարանում` այլ ազգերի ներկայացուցիչների հետ, և, եթե նրանք արդեն սահմանել են այդ խաղի կանոններն իրենց տարածքում, այդ դեպքում դու չես կարող փոխել նրանց պահանջները, հատկապես, երբ այդ պահանջները հակասության մեջ են, այսպես կոչված, Եվրասիական միության խաղի կանոնների հետ: Հետևաբար, նորմալ է, որ նրանք անընդհատ հիշեցնում են»:
Մեր հարցին, թե արդյոք Հայաստանն արդեն այդ «կոմունալ բնակարանո՞ւմ» է, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Եվրոպան չի պարտադրում կողմնորոշվել, Հայաստանն ինքը պետք է հասկանա: Դա մեծ շուկա է, որտեղ մարդկանց և ապրանքների տեղափոխման համար խոչընդոտներ չկան, և Հայաստանը, լինելով շրջափակման մեջ գտնվող փոքր շուկա, որտեղ մեծ իրացումներ հնարավոր չեն, ինքը պետք է կողմնորոշվի` իրեն պե՞տք է մեծ շուկա, թե՞ ոչ»: