Գյուղացին նաև օլիգարխ է
Վերջին օրերին մեր մամուլում պարբերաբար փաստաթղթեր են հրապարակվում: Փաստաթղթեր, որոնք նախընտրական շրջանում «կոմպրոմատ» են կոչվում: Դա մի քիչ տարօրինակ է, որովհետև առաջիկայում ընտրություններ չկան, իսկ «կոմպրոմատները» շրջանառվում են: Ընտրությունների բացակայությունն, իհարկե, իշխանություններին չի ազատում դրանց մասին հոդաբաշխ պատասխաններ տալու պարտականությունից:
Ամեն տարի գարնան շեմին մեր կառավարությունը հրապարակում է գյուղատնտեսության աջակցության հերթական ծրագիրը: Այն համարյա չի փոխվում` գյուղացիներին ցածր գնով դիզվառելիք, պարարտանյութ ու այլ անհրաժեշտ բաներ են խոստանում: Խոստացան նաև այս տարի: Դիզվառելիքի մեկ լիտրի գինը ներքին շուկայում 450 դրամ է: Կառավարությունը գյուղացիներին խոստացավ յուրաքանչյուր լիտրի դիմաց 100 դրամ փոխհատուցում տալ: Լուրջ աջակցություն է` 22 տոկոսի չափով:
Բայց հայ գյուղացին գյուղամեջ դուրս չեկավ ու արևագալի առաջին շողերի հետ չերգեց մեր կառավարիչների փառքը: Քաղաքաբնակ ու անտեղյակ հասարակությունը մինչև անցած շաբաթ չէր հասկանում, թե ինչու: Իրավիճակը պարզ դարձավ, երբ մամուլում հայտնվեց 22 տոկոս բյուջետային զեղչից օգտվողների ցուցակը` մեկ առանձին գյուղում վերցրած:
Արարատի մարզի հայտնի Մխչյան գյուղին 70 հազար լիտր վառելիք էր հատկացվել: Այդ խմբաքանակի մոտ 70 տոկոսը ստացել էր նույնքան հայտնի Աբրահամյան ընտանիքը: Բարդ չէ ենթադրել, որ սա եզակի օրինակ չէ: Գյուղացիներին աջակցելու անվան տակ մեր բյուջետային փողերը մեր իսկ կառավարությունը փաստորեն հատկացնում է մեծահարուստներին:
Փաստն այնքան արտառոց էր, որ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթին բացատրություններ էր տվել:
Բացատրություններ, որ կառավարման ոլորտի գիտական մտքի գոհարներ են: Պարզվում է, որ մեր կառավարիչների տրամաբանության համաձայն` այդպես էլ պիտի լինի: Պետական բյուջեից մենք պիտի աջակցենք օլիգարխներին: Մշտապես: Որովհետև մեր կառավարիչների տրամաբանությամբ` զարմանալի չէ, որ սուբսիդավորվող վառելիքի ամենախոշոր չափաբաժինը ստանում է ամենախոշոր հողատերը:
Բայց, չգիտես թե ինչու, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերում քրեական գործ է հարուցվել: Հասարակությունն, իհարկե, լուրջ սպասելիքներ չունի քրեական այս գործերից: Որովհետև հստակ գիտի, թե որ մարզում ովքեր են խոշոր հողատերերը:
Գիտի` հականե հանվանե: Հետևաբար տեղյակ է նաև, թե ում է բաժին ընկել բյուջետային աջակցությունը: Միակ նորությունն աջակցության չափաբաժնի փաստացի թվերն են:
Գյուղատնտեսության ու գյուղացուն խոստացվող աջակության 70 տոկոսը տրվում է մեծահարուստներին: Լավատեսները կարող են ենթադրել, որ մնացած 30 տոկոսից օգտվում է պարզ գյուղացին: Բայց միշտ կմնա կասկածը, որ այդ 30 տոկոսանոց մասնաբաժնի մեջ էլ իրենց «փայը» կունենան մեր չինովնիկները: Եվ ոչ միայն դիզվառելիքի բաշխման, այլև պարարտանյութերի, բուժանյութերի ու «աջակցության» խոստացվող մյուս ծրագրերի պարագային: Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն առաջին անգամ հայտարարեց, որ այս մեթոդով է պատրաստվում «աջակցել» գյուղացուն, շատերն ընդդիմացան: Բարդ չէր հասկանալը, որ սա կոռուպցիոն ռիսկեր պարունակող մեթոդ է: 35 տոկոս աղքատություն ունեցող և համեստ սոցիալական ծրագրեր իրականացնող կառավարությունը, բնականաբար, պիտի անդադար խոսի այս կամ այն ոլորտին տրվող աջակցության մասին: Բայց պարզ չէր, թե ինչու կառավարությունը չի մշակում գյուղացուն հասցեական աջակցելու ծրագիր:
Ի վերջո, ինչո՞ւ հենց գյուղացուն չի տրվում աջակցության գումարը: Այդ դեպքում գյուղացին ինքը կընտրեր` ումից և ինչ արժեքով գնել դիզվառելիքը, պարարտանյութը, և այլն: Քիչ չէին փորձագետներն, ովքեր կարծում էին, որ կառավարության աջակցության ծրագրերը հնարավորություն էին տալիս այս կամ այն գործարարին պետպատվերի շրջանակներում փող աշխատել:
Մինչդեռ հրապարակված փաստերն ավելի դաժան պատկեր բացեցին: Ակնհայտ դարձավ, որ այս յուրօրինակ պետպատվերից օգտվում են միայն օլիգարխները: Առնվազն 70 տոկոսի չափով: Արարատի մարզպետի ու մեր կառավարության տրամաբանությամբ` այս տարվա կարկուտից ու այլ աղետներից տուժած գյուղացիների աջակցության հիմնադրամի փողն էլ է անհրաժեշտ տալ խոշոր հողատերերին: Հավանաբար:
Պարզապես կարիք չկա անդադար խոսել գյուղացուն աջակցելու մասին: Կախվածի տանը պարանից չեն խոսում: Բոլորը գիտեն, որ հարուստներից փող խլողին ու աղքատներին բաժանողին Ռոբին Հուդ են անվանում: Կհուշե՞ք` ի՞նչ են անվանում աղքատներից փող խլողին ու հարուստներին բաժանողին: Անկեղծ ասած` ես պատմական նման դեպք չեմ հիշում:
«168 ԺԱՄ»