Պարոն Սահակաշվիլի, մեր քաղաքի քանդակների հեղինակը հայ է, և նա Արա Ալեքյանն է (լուսանկարներ)
Ռեժիսոր, օպերատոր Սուրեն Տեր-Գրիգորյանի նկարահանած «Կրակից ծնվածը» ֆիլմը 2005թ. Ֆրանսիայի Քոբուրգ քաղաքում կայացած «Էպոնա» փառատոնի ընթացքում արժանացավ գլխավոր մրցանակին: Ֆիլմը քանդակագործ Արա Ալեքյանի և նրա ստեղծագործության մասին է, որտեղ փայլուն ռեժիսորական, օպերատորական աշխատանքով ներկայացվում է արվեստագետի՝ նյութի հետ աշխատելու նրբությունները, երկաթի առանձնահատկությունը, քանդակի նախնական և վերջնական ֆորմաների հատկությունները:
Իսկ ֆիլմի ավարտին ծնվում է քանդակագործի հերոսը՝ նժույգը, որը կարծես Ա. Ալեքյանի ձեռքերով կերտված հրաշագործություն լինի: Ֆիլմում ներկայացվում է քանդակի (որի նախնական կառուցվածքը երկաթե թափոնն է) սկիզբն ու ավարտը, որն աննկարագրելի բարդ, բայց շատ արտառոց ու տպավորիչ գործողությունների շարան է: Ընդհանրապես իր ստեղծած քանդակների բացման արարողությունը Ա. Ալեքյանը մեկնարկում է կրակով՝ այրում է հերոսին՝ այդպիսով անշունչ երկաթե ջարդոններից կերտած հերոսներին տալով ապրելու, մարդկանց հետ հարաբերվելու կենդանություն:
Ա. Ալեքյանի մոնումենտալ քանդակներից երկուսը գտնվում են Բրյուսելում, մյուսները՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում և եվրոպական շատ երկրներում, որոնք իրենց ներկայությամբ իրենց շուրջը ստեղծում են նոր մշակույթ, քաղաքային նոր միջավայր: Ինքը՝ Ա. Ալեքյանը, վստահեցնում է, որ երկաթը մի աշխարհ է, որով ինքը հիվանդացել է: «Այդ երկաթե թափոնների մեջ այնքան հերոսներ կան: Ինձ առողջություն ու ժամանակ է պետք, որպեսզի կարողանամ այդ հերոսներին կերտել:
Երկաթի հետ աշխատելը տանջալից է, չեմ ուզում կյանքս պատմել, բայց հերոսները պետք է ստեղծվեն: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունն իմ քանդակներից իր սեփականությունն ունենար: Ես չգիտեմ, արդյոք առողջությունս կների՞ նման մեծ գործեր նորից ստեղծելու համար: Լավ է, որ մարդիկ կարծում են, թե իմ քանդակները քաղաքի սեփականությունն են, բայց վատ է, որ վաղը հուսախաբ կլինեն, որովհետև այդ աշխատանքները կգնեն ուրիշ քաղաքներ»,- ասում է Ա. Ալեքյանը, ով լինելով չափազանց համեստ մարդ՝ դժվարանում է իր ստեղծագործությունների գեղագիտական արժեքի մասին անձամբ խոսել: Ա. Ալեքյանի հետ փորձեցինք զրուցել իր քանդակների, քաղաքային միջավայրի և այլ հարցերի շուրջ:
– Ֆիլմի համար մրցանակ շահելու լուրը, բնականաբար, մեծ ցնծություն էր ինձ համար: Դրանից օրեր անց ՀՀ Մշակույթի նախարարությունն արձագանքեց՝ արդեն հասկանալով, որ «Էպոնա» մրցանակին արժանանալը մեծ ձեռքբերում է: Նախարարությունը փորձեց շնորհանդես կազմակերպել «Հայ արտ» մշակութային կենտրոնում: Այսինքն՝ դրսում կայացավ, որից հետո նոր մերոնք գնահատեցին:
– Ձեր քանդակները սփռված են աշխարհով մեկ: Այն, որ դրսում գնահատված եք, իսկ Հայաստանում ուշադրության արժանանում եք միայն դրսի գնահատականը ստանալուց հետո, Ձեզ վիրավորո՞ւմ է: Ստացվում է՝ մենք այնքան գրագետ չե՞նք մեր արժեքները վերաիմաստավորելու հարցում:
– Հավանաբար հայ ժողովրդի մենթալիտետն է այդպիսին, որովհետև մերոնք մշտապես փորձում են դրսի գնահատականից հետո իրենց արժեքները գնահատել, կարծիք արտահայտել: Նույն կերպ վերաբերվում են արվեստի ոլորտի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ: Բայց մի առանձնահատկություն կա. Եթե ժողովուրդն է այդ գնահատականը տվողը, ապա պետք է արդարացիորեն նշեմ, որ ժողովուրդն ինձ չտեսնված սիրում է: Ինչ վերաբերում է՝ պետական համապատասխան կառույցներին, ապա եկեք նայենք, թե ովքե՞ր են զբաղեցնում այդ պաշտոնները:
Կարո՞ղ են կամ իրավասո՞ւ են արդյոք նրանք գնահատականներ տալ, թե՞ պետք է սպասեն, որպեսզի վերևից ինչ-որ մեկն ասի, որից հետո միայն գնահատական տան: Ինքներդ լավ գիտեք, թե Հայաստանում այդ բյուրոկրատական ապարատն ինչ սկզբունքներով է աշխատում: Իրենք հասկանում են, որ արժեքավոր բան է ստեղծվել և գնահատվել է, բայց սպասում են՝ հասկանալու համար՝ ո՞ւմ ընկերն է, ո՞ւմ հորեղբոր տղան է, և այլն:
Հետո հասկանում են, որ դրսում գնահատվել է, որովհետև արժեքավոր է, ու քանդակագործն իրենց իմացած մարդկանցից որևէ մեկի հորեղբոր տղան չէ:
– Ի տարբերություն շատ արվեստագետների՝ Դուք ստեղծագործում ու ցուցադրվում եք Ձեր ստեղծած կոնցեպցիայով՝ քաղաքային տարածքներում բաց ցուցահանդեսներ եք իրականացնում: Հայ հասարակությունը կարծում է, թե «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում ցուցադրվող՝ մետաղյա հսկա սարդի, և այլ քանդակները քաղաքի սեփականությունն են, մինչդեռ քաղաքը Ձեր քանդակներից` որպես սեփականություն, չունի:
– Իրականում ես շատ հարցերի պատասխաններ չունեմ: Այս օրերին իտալացի հյուրեր ունեի: Նրանք Ժամանակակից արվեստի թանգարանում տեսել էին քանդակս ու խնդրել էին ինձ հետ ծանոթացնել, այցելել իմ արվեստանոց: Շատ տպավորված էին, նկարեցին արվեստանոցս, աշխատանքներս: Ինձ հարցրեցին, թե՝ ինչո՞ւ ինձ չեն ներկայացնում Վենետիկի «Բիենալեին»: Ես չիմացա՝ ի՞նչ պատասխանել, իսկապես ես դրա պատասխանը չունեի:
Հայաստանում հիմա ձգտում են ժամանակակից, մոդեռն ու եսիմինչգ Էնքան են մոդեռնի հետևից գնում, որ վերջում աշխարհին ցուցադրում են դատարկություն, ու իրենք էլ չեն հասկանում, որ էնտեղ ներկայանալիս` ծիծաղելի են դառնում: Անկեղծ ասած՝ ես սովորություն չունեմ դիմելու, առաջ ընկնելու, ես հպարտ մարդ եմ:
Առաջին անգամ 2003 թվականին բաց ցուցադրության ձևաչափն իրականացրեցի Նկարիչների միության բակում՝ գարնանային ցուցահանդեսի ժամանակ: Դա առիթ հանդիսացավ, որպեսզի մեծ գործերս սրահներում, գալերեաներում ցուցադրելու փոխարեն` դրսում ցուցադրեմ: Դրսում ցուցադրելու ժամանակ քանդակներից ցուլը գնեցին, շատ մեծ ոգևորություն ապրեցի: Այնուհետև ձին «Պոպլավոկի» տարածքում կրակի ակցիայով ներկայացրեցի, որից հետո «Մոսկվա» կինոթատրոնի տարածքում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ղեկավարության առաջարկով ևս մեկ քանդակի բացում իրականացրեցի: Բավական մեծ գործեր բերեցի այդ տարածք, և այն դարձավ բաց ցուցասրահ:
– Հասարակական հետաքրքրությունն ու սերը Ձեր քանդակների նկատմամբ կարելի է տեսնել ամեն րոպե դրանց շուրջը հավաքված մարդկանց արձագանքին հետևելով: Հետաքրքիր է, իսկ քաղաքային իշխանությունների կողմից եղե՞լ է առաջարկ` քանդակները քաղաքի սեփականությունը դարձնելու, գնելու վերաբերյալ: Ասում են՝ տարիներ առաջ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մոտենալով Ձեր քանդակներին՝ Երևանի նախկին քաղաքապետերից մեկին հարցրել է, թե ո՞վ է հեղինակը: Պատասխանը եղել է՝ իսպանացի քանդակագործ:
– Ո՛չ, քանդակներից գնելու խոսակցություն երբևէ չի եղել: Ինչ վերաբերում է Սահակաշվիլիի հետ կապված պատմությանը, ապա՝ այո, եղել է նման բան: Չեմ ցանկանում ինչ-որ մեկին վիրավորել ու անուն տալ, բայց քաղաքի ղեկավարներից մեկը Վրաստանի նախագահին ասել է, որ «Մոսկվա» կինոթատրոնի առջև տեղադրված քանդակների հեղինակն իսպանացի է: Վրաստանի նախագահը հիացմունքով մոտեցել է իմ աշխատանքներին, մասնավորապես` շատ հավանել է քանդակներից ձիերին: Նա հետաքրքրվել է, թե ո՞վ է քանդակագործը, և մեր քաղաքագլուխն ի պատասխան` ասել է՝ իսպանացի է: Չիմացության արդյունք է: Ես չեմ էլ մեղադրում, որովհետև իրենց հետաքրքիր չէ, թե իրենց ղեկավարած քաղաքում, «Մոսկվա» կինոթատրոնի բակում ո՞վ է բերել-տեղադրել այդ քանդակները:
– Երեկոյան ժամերին քանդակները գրեթե չեն երևում, մինչդեռ լուսավորության դեպքում դրանք աննկարագրելի գեղեցկություն կհաղորդեին քաղաքի այդ հատվածին: Ինչո՞ւ քանդակների մերձակայքում լուսավորություն չկա:
– Իմ այն քանդակները, որոնք այդքան սիրով բերել և ցուցադրում եմ հանրությանն, այս տարիների ընթացքում՝ չլուսավորվեցին: Մինչդեռ ես նկատել եմ, որ քաղաքային բոլոր քանդակները պետական միջոցներով լուսավորվում են: Եթե իմ քանդակների հարցը անփութության հետևանք է, ապա կխնդրեի, որ քաղաքային իշխանություններն ուշադիր լինեին, մանավանդ, եթե հասարակությունը ցերեկվա ժամերին այդքան հրապուրվում է, գիշերվա ժամերին լուսավորության պայմաններում քանդակներն էլ ավելի գեղեցիկ կդիտվեին, և քաղաքը կշահեր դրանից:
– Քաղաքային քանդակի ասպարեզում մենք կարծես թե զարգացում չունենք: Տպավորություն է՝ կարծես Հայաստանի քանդակագործներն այդ տխուր դիմաքանդակներից, մահարձաններից այն կողմ երևակայություն չունեն: Արդյունքում՝ Երևանն իր քանդակներով նմանվում է գերեզմանատան, իսկ աշխարհի քաղաքները ճանաչելի են դառնում իրենց ֆանտաստիկ քանդակներով: Որքան գիտեմ` ժամանակակից, մոդեռն հայացքներ ունեցող արվեստագետները հնարավորություն չունեն մասնակցելու քաղաքում տեղադրվող քանդակների գործընթացներին: Ինչո՞ւ մեր քաղաքում այլախոհական, նոր քանդակ տեղադրելու վախ կա:
– Այլախոհական քանդակներ կան, իմ աշխատանքները քաղաքի միջավայրում հաջողվել են: Կցանկանայի` երկաթի հետ աշխատող քանդակագործ Աշոտ Հարությունյանը նույնպես իր քանդակները բերեր քաղաքային միջավայր, քանի որ իր մոտ հաջողվել է նոր բան ստեղծել: Մարդկանց մոտ էլ նոր քանդակ տեսնելու պահանջ կա, ընդ որում՝ նոր, հետաքրքիր միջավայր է ստեղծվում: Համենայնդեպս, մարդիկ շատ համարձակ են և նոր, այլախոհական քանդակը մեծ սիրով են ընդունում:
Ինչ վերաբերում է քաղաքային քանդակին, ապա մենք քանդակի պատվեր իջեցնելու տեղն ու ձևը չգիտենք, որպեսզի մեր ձեռագրով քանդակ ստեղծելու առաջարկով հանդես գանք: Մենք միայն իմանում ենք, որ այսինչ փողոցում, այսինչ մարդու քանդակը հայտնվեց, այսինքն՝ իմանում ենք վերջում, երբ տեղադրվում է մի տհաճ քանդակ: Արդյունքում` այո՛, Երևանը դառնում է գերեզմանոց, որովհետև, ասենք՝ այն գուսանի, դերասանի քանդակը, որը տեղադրվել է քաղաքում՝ իրականում պետք է լիներ իր գերեզմանոցում:
Եթե դերասանի կերպարը չկա, այլ պորտրետն է, ապա այն պետք է տեղադրվի իր գերեզմանոցում, ոչ թե՝ քաղաքում: Քանդակի սպեցիֆիկան այն է, որ պետք է կերպարը կերտես, այլ ոչ թե՝ մարդու քիթն իրականին նմանեցնելով` քանդակ ստեղծես: Ես երկաթե թափոններից Փարաջանովի քանդակ եմ ստեղծել, որտեղ երկաթի կտորները ոչ իր քիթը, ոչ էլ բերանն են հիշեցնում: 30-40 կտորներ հավաքելով՝ Փարաջանովի կերպար եմ ստեղծել, ու նայողն անմիջապես ասում է, որ ինքն է:
– Չե՞ք կարծում, որ քաղաքային քանդակի ասպարեզում նույնպես մենաշնորհ կա: Օրինակ՝ Լ. Թոքմաջյանի «ձեռագիրն» ամենուր է, մինչդեռ քաղաքում ստեղծվող քանդակների համար պետք է հայտարարվեն մրցույթներ և ընտրվեն լավագույն նախագծերը: Նա կարողանում է «խցկվել» և իր քանդակները փաթաթել մեր բոլորիս վզին…
– Կա այդ տենդենցը: Ես ստեղծում եմ իմ քանդակները և ցուցադրում եմ: Չեմ սպասում, որ ինձ պատվիրեն: Այսինքն՝ ես այն մարդն եմ, ով առանց պատվերի կարող է 6-7 մետրանոց քանդակ ստեղծել, բերել Երևանում տեղադրել, ինչը չի համարձակվում անել որևէ քանդակագործ: Աբստրակտ քանդակ անելու համարձակություն ունի միայն Աշոտ Հարությունյանը, որի գործերը շատ ճաշակով են, և կուզենայի, որ նա քաղաքում ցուցադրեր գործերը: Ուրիշ մարդ Հայաստանում չգիտեմ:
– Բայց փաստ է, որ քաղաքային իշխանությունների և հասարակության ճաշակներ շատ տարբեր են: Նրանք ամեն թաղում, ամեն բակում կառուցում են մի դիմաքանդակ, որի բացմանը հասարակությունը ցուցաբերում է տոտալ անտարբերություն. փոխարենը` նույն հասարակությունը մշտապես խմբվում է Ձեր քանդակների շուրջ:
– Երբ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքից հավաքում էի ձիերի քանդակները, որպեսզի տեղափոխեմ, մի երեխա մայրիկի հետ քայլելով մոտեցավ ու մորն ասաց՝ «Մամա, մեր ձիերն ինչի՞ են տանում»: Ձիերը հիմա Բելգիայում են, այնտեղի հրապարակներն են գեղեցկացնում: Մի օր էլ կտեսնեն, որ սարդը, ցուլը չկան, որովհետև այլ քաղաքներ դրանք գնում են իրենց քաղաքում նոր մշակույթ ձևավորելու համար: Ես տեսնում եմ, որ քանդակներն այդ տարածքից դուրս բերելը մեր քաղաքացիներին ցավ է պատճառում, բայց քաղաքի ղեկավարներին՝ չեմ կարող ասելգ
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Քանդակագործ Ա. Ալեքյանի Հայաստանում դեռևս չցուցադրված նոր աշխատանքներից մի քանիսը կցուցադրվեն հուլիսի 11-ին, «Բարձր արվեստ» կենտրոնի կազմակերպած ցուցահանդեսում՝ Ժամանակակից արվեստի թանգարանում: