Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը չի ուզում նախագահ դառնալ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջին շրջանում իր հարցազրույցներում մի քանի անգամ հայտարարել է, որ չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի նախագահի ընտրություններում, բացառել է, որ կարող է նախագահ դառնալ, ասել է, որ նման ցանկություն, այդ մասին մտածելու ժամանակ չունի, և այլն: Իհարկե, 2018 թվականին դեռ բավական երկար ժամանակ կա, ու այս խոսակցությունները գուցե վաղաժամ են թվում: Բայց երբ մի կողմից՝ քաղաքական կյանքը բավական պասիվացել է, ու ընդդիմության գործողությունների բացակայության պայմաններում հիմնական գործընթացները տեղափոխվել են ներիշխանական հարթություն, մյուս կողմից՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանն առնվազն գործող Սահմանադրությամբ չի կարող առաջադրվել երրորդ անգամ, միանգամայն արդարացված կարելի է համարել Տիգրան Սարգսյանի անվան շրջանառումը՝ որպես հաջորդ նախագահի հավանական թեկնածու: Համենայնդեպս, քաղաքական տրամաբանությամբ, 5 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո այդ պաշտոնում վերանշանակվող՝ իշխող կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդիսանալ հաջորդ նախագահի եթե ոչ՝ հիմնական հավակնորդը, ապա՝ նրանցից մեկը:

Ուրեմն ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանը համառորեն բացառում, որ կարող է լինել իշխանության նախագահի թեկնածուն 2018 թվականին: Այս հարցը կարող է մի շարք հնարավոր պատասխաններ ունենալ, որոնք բոլորն էլ իրականությանը կարող են մոտ լինել՝ միասին կամ առանձին վերցված:
Օրինակ՝ բացառված չէ, որ Տիգրան Սարգսյանը գործող նախագահի առկայության պայմաններում իր անունը որպես հաջորդ նախագահ դիտարկելը կոռեկտ չի համարում, մտածում է, որ դա կարող է դուր չգալ Ս. Սարգսյանին: Իհարկե, սա պրիմիտիվ տարբերակ է, սակայն՝ ոչ Հայաստանում, որտեղ իշխանական համակարգում գրեթե ամեն ինչ հիմնված է պրիմիտիվ նորմերի, անձնական համակրանքների-հակակրանքների, քծնանքի, շողոքորթության վրա: Մյուս տարբերակը կարող է լինել այն, որ Տիգրան Սարգսյանին ուղղակի տեղեկացվել է, որ անգամ տեսականորեն նա չի կարող լինել հաջորդ նախագահի հավակնորդ, ու չպետք է այդ մասին անգամ մտածի ոչ միայն անձամբ, այլ նաև պետք է այնպես անի, որ հանկարծ դա չանցնի որևէ մեկի մտքով: Սա ևս հավանական տարբերակ է այնքանով, որ 2013 թվականի նախագահի ընտրության հաջորդ օրվանից Հայաստանի քաղաքական վերնախավը լծված է 2018 թվականի մասին սցենարներ մտածելով, ու այդ սցենարներում իրենց նախագահ են պատկերացնում իշխանության մեջ երևացող ու ոչ այնքան երևացող այնպիսի դեմքեր, որոնց հետ Տիգրան Սարգսյանը չի կարող «ոտք մեկնել»: Ընդ որում, բացառված չէ նաև, որ վերջին շրջանի իրադարձությունները՝ օֆշորային սկանդալը, ՎՊ բացահայտումները, Տ. Սարգսյանին այդ շրջանակների կողմից ուղղված ազդանշան էին ոչ միայն ու ոչ այնքան՝ ներկայի, այլ՝ հենց ապագայի մասով: Ու գուցե նաև պատահական չէ, որ հենց այդ իրադարձություններից հետո Տ. Սարգսյանը սկսեց նկատելիորեն ավելի ջանադրաբար բացառել, որ կարող է առաջադրել իր թեկնածությունը 2018 թվականի ընտրություններում:
Թե վերը նշված պատճառներից հատկապես որը կամ որոնք են Տիգրան Սարգսյանին ստիպում այդչափ հոռետեսորեն վերաբերվել սեփական քաղաքական ապագային, դժվար է միանշանակ ասել: Սակայն, անկախ դրանից, բոլոր այդ պատճառներն էլ վկայում են Հայաստանի քաղաքական համակարգի ապաքաղաքական բնույթի, նույն Տիգրան Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ապաքաղաքական դրդապատճառների մասին: Եթե Հայաստանը նորմալ քաղաքական համակարգ ունենար, Տիգրան Սարգսյանը պետք է համարվեր հաջորդ նախագահական ընտրություններում իշխանության ամենահավանական թեկնածուն: Խոսքը ոչ թե Տիգրան Սարգսյան անձի, այլ նրա պաշտոնի մասին է, որը նա, իշխող կուսակցության ներկայացուցիչը լինելով՝ զբաղեցնում է 5 տարուց ավելի (այդ պաշտոնում վերանշանակվելով գործող նախագահի պաշտոնավարման երկրորդ ժամկետում):
Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե իր հիմնական առաքելությունն ամենօրյա տքնաջան աշխատանքն է, որը, ենթադրաբար, առնվազն իրեն ու իրեն նշանակած նախագահին գոհացնում է: Այս պայմաններում, ուժերի «ծաղկման շրջանում» գտնվող վարչապետը պետք է որ մտածեր «ամենօրյա տքնաջան աշխատանքն» ավելի մեծ լիազորություններով իրականացնելու հնարավորության մասին: Իսկ Հայաստանում նման հնարավորություն տալիս է միայն նախագահի պաշտոնը: Սակայն Տ. Սարգսյանը համառորեն չի ուզում մտածել այդ մասին՝ այդպիսով հերթական անգամ ապացուցելով, որ ընդամենը վարչապետի պաշտոնի տեղապահ է՝ առանց քաղաքական հենարանի ու քաղաքական ապագայի: Բացառված չէ, որ հենց դա է այդ պաշտոնում նրա երկարակեցության գաղտնիքը: Քանի որ, ինչպես ցույց է տվել կյանքը, հակառակ պարագան՝ սեփական թիմով ու հավակնություններով վարչապետը, Հայաստանում հանգեցնում է իշխանափոխության կամ ավելի տխուր հետևանքների:

Հ.Գ. Որոշակի շրջանակներում խոսում են, որ իրականում Տիգրան Սարգսյանը ոչ միայն ցանկանում է նախագահ դառնալ, այլև ամենօրյա գործողություններով պատրաստվում է դրան՝ ամրացնում է իրեն հավատարիմ համարողների դիրքերը իշխանական կառույցներում ու քաղաքական համակարգում, ազդեցության լծակներ է ձեռք բերում լրատվական ու քարոզչական դաշտում, աշխատում է իր իմիջի վրա, և այլն: Ըստ այդ տեսակետի՝ Տ. Սարգսյանը միտումնավոր հերքում է իր նախագահական հավակնությունները՝ հնարավոր մրցակիցներին չեզոքացնելու և 2018 թվականին անսպասելի էֆեկտ թողնելու համար:  Այս տարբերակը, սակայն, կարող է գործել միայն մի դեպքում, եթե Տ. Սարգսյանին հաջողվի վարչապետի պաշտոնը պահպանել ընդհուպ մինչև 2018 թվականի նախագահի ընտրությունները: Գուցե նա համարում է, որ դրան հասնելու համար պետք է հնարավորինս հաճախ ու արժանահավատ հավաստիացնել, որ չի ուզում նախագահ դառնալ:

Տեսանյութեր

Լրահոս