«Մենք հավերժ պետք է լինենք Ռուսաստանի հետ»,- ասաց Կոմկուսի առաջնորդը, և հնչեց նրա հեռախոսի ձայնը. «Вставай, страна огромная» (տեսանյութ)
«Այդ նույն Եվրոպան, որը 116 օրում ծնկի իջավ Հիտլերի առջև, այսօր բոլորին խրատ է տալիս, նույնիսկ զենք է տալիս Սիրիայի ահաբեկիչներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը` խոսելով հունիսի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մի քանի եվրոպացի պատգամավորների կողմից Հայաստանը որպես ագրեսոր երկիր ճանաչելու վերաբերյալ քննարկման դրված բանաձևի մասին:
Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին` Կոմկուսի առաջնորդն այն բնութագրեց ծանր` նշելով. «սկսվել է մի տեսակ քաղաքական սեզոն է, որտեղ բոլորս լռել ենք, չգիտենք` ինչի մասին խոսել, որովհետև ինչ ասում ես, ինչպես ասում են, «Васька слушает, да ест», ոչինչ բանի տեղ չեն դնում»:
««Кукушка хвалит петуха, за то что петух хвалит кукушку», իրար գովելով ման են գալիս»,- ավելացրեց Ռուբեն Թովմասյանը:
Ընկեր Թովմասյանը խոսեց նաև վերջին շրջանում ամենաքննարկված հարցերից մեկի` գազի խնդրի մասին` կարծիք հայտնելով, թե այդ կապակցությամբ Հայաստանում բաձրացավ «հակառուսական հիստերիա»:
«Ես խնդրում եմ ԶԼՄ-ներին, որ ինչպիսի մեկնաբանություններ էլ բանախոսը տա, դուք միշտ մտածեք, որ մեր հիմնական ռազմավարական կասեք, եղբայրական կասեք, դա եղել և մնում է Ռուսաստանը և մենք հավերժ պետք է լինենք Ռուսաստանի հետ»,- կոմունիստին վայել խորհրդային տոնով ասաց Կոմկուսի առաջնորդը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը 1 մլրդ դոլլար արժողությամբ զենք-զինամթերք վաճառում Հայաստանի հակառակորդ պետությանը` Ադրբեջանին, որից հետո այդ զենքը կարող է օգտագործվել հենց Հայաստանի դեմ:
Ի պատասխան այս հարցին` Կոմկուսի ղեկավարը հիշեց այդ հարցի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի տված պատասխանը, և նշեց, որ չի ուզում կրկնվել: Միաժամանակ Ռ. Թովմասյանը խոսեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հունիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հայտարարության մասին` նշելով, որ ուրախ կլիներ, եթե եռանախագահները նախ դատապարտեին Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան:
«Դա պետք է դատապարտվեր եռանախագահների կողմից: Կամ ինչո՞ւ չարծարծվեց Ստեփանակերտ թռչող ինքնաթիռի հարցը, ի՞նչ է, ինքնորոշվե´լ է Ղարաբաղը: Մեկ է, Ղարաբաղն այլևս Ադրբեջանի կազմ չի´ վերադառնա, ղարաբաղցին չի ապրի նրա հետ համատեղ, ուզում է Ղարաբաղի արտաքին գործերի նախարարը հայտարարի, թե ով, միևնույն է»,- շեշտեց Ռ. Թովմասյանը:
Իսկ ռուսական զենքի վերաբերյալ Կոմկուսի առաջնորդը նշեց, որ Ռուսաստանը միայն Ադրբեջանին չի վաճառում զենք, այլ ամբողջ աշխարհի երկրներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանին զենք մատակարարելու վերաբերյալ նմանատիպ պատասխան էր տվել նաև .Ն. Պատրուշևը, ով մասնավորապես նշել էր. «Գիտեք, Ռուսաստանը առևտրային հարաբերություններ ունի բոլոր երկրների հետ և ցանկացած երկիր, ով զենք գնելու ցանկություն կունենա, հնարավորություն կստանա օրենքի սահմաններում Ռուսաստանի Դաշնությունից զենք գնել»:
Ի դեպ, չմոռանանք հիշեցնել, որ Կոմկուսի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը գրեթե բոլոր հարցերի քննարկման ժամանակ լրագրողների հուշերում փորձում էր արթնացնել Խորհրդային Միության մասին հին ու բարի հիշողությունները, և նույնիսկ արտագաղթի խնդրի համատեքստում կարդաց ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի` 1945 թ. նոյեմբերի 21-ի ներգաղթ կազմակերպելու մասին հրամանը:
Սակայն առավել տպավորիչ էր, երբ մինչ ասուլիսի սկիզբը Ռուբեն Թովմասյանը կոմունիստական և խորհրդային մթնոլորնտ ամբողջական դարձնելու համար բավական երկար ժամանակ միացրած թողեց իր հեռախոսի զանգը, որի վրա դրված էր Հայրենական մեծ պատերազմին նվիրված հայտնի «Священная война» երգը: Սրանով Կոմկուսի առաջնորդը կարծես ակնկալում էր, որ, լսելով խորհդային խրոխտ երգը, բոլորը ոտքի կկանգնեն, ինչպես ընդունված էր խորհրդային հասարակարգում:
«Ես չեմ ուզում խնդրել, որ ոտքի կանգնեք»,- ակնարկեց նա: