Օբաման, Պուտինը և Օլանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ԼՂ հակամարտության կարգավորման հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան խոր ափսոսանք են հայտնել՝ կապված նրա հետ, որ հակամարտող կողմերը չեն կարողացել բանակցային գործընթացի ընթացքում հասնել խնդրի լուծմանը.

Այդ երեք երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի ու Ֆրանսուա Օլանդի տարածած համատեղ հայտարարությունում նշված է. «Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում՝ կապված նրա հետ, որ բանակցային գործընթացի ժամանակ կողմերը, փոխադարձ շահերի հաշվի առնման վրա հիմնված (խնդրի) լուծումը գտնելու փորձի փոխարեն, շարունակել են ձգտել միակողմանի օգուտ ստանալուն:

Մենք վստահ ենք, որ անընդունելի է դեպի համապարփակ խաղաղ կարգավորում տանող հավասարակշռված շրջանակային պայմանավորվածության հետագա ձգձգումը, և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում թարմ էներգիայով կենտրոնանալ հարցերի լուծման վրա, որոնք դեռ մնում են բաց»:

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան վստահություն են հայտնել, որ վերջին չորս տարիներին այդ կապակցությամբ արած իրենց հայտարարությունները պետք է ծառայեն որպես հիմք՝ Ղարաբաղյան հակամարտության արդար ու ամուր կարգավորման համար:

Երեք երկրների առաջնորդների կարծիքով՝ տվյալ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից մեկին մյուսի հանդեպ գերապատվություն տալու յուրաքանչյուր փորձ բացառում է հավասարակշռված որոշում ընդունելու հնարավորությունը:

Նախագահների համատեղ հայտարարության վերջնամասում ասվում է. «Մենք վճռականորեն կոչ ենք բոլոր կողմերի ղեկավարներին ևս մեկ անգամ հաստատել Հելսինկյան սկզբունքներին և մասնավորապես ուժի չկիրառման կամ ուժ կիրառելու սպառնալիքի, տարածքային ամբողջականության, իրաավահավասարության ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքներին հավատարիմ գտնվելը»:

Տեսանյութեր

Լրահոս