Ինչո՞ւ մոռացվեց Սինգապուրի ֆենոմենը
Տարիներ առաջ Սինգապուրի հրաշքն անվերջ մատնացույց անող ՀՀ ղեկավարությունն այսօր չի էլ հիշում իր նախկին պնդումները: Այն ժամանակ մեծ մեր երկրի ղեկավարները ոգևորված Հայաստան հրավիրեցին Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յունին, իրենք այցերով մեկնեցին այնտեղ՝ փորձն ուսումնասիրելու համար: Սակայն կարճ ժամանակում ընկալեցին, որ Սինգապուրում առաջին հերթին՝ վերացվել է կաշառքը, ինչը մեր երկրում թրի մի հարվածով չի իրագործվի: Եվ կամաց-կամաց մարեցին Սինգապուրի փորձն ընդօրինակելու և Հայաստանում թռիչքային առաջընթաց արձանագրելու մասին խոսակցությունները:
Ազգությամբ կիսով չափ հայ՝ մոր կողմից ղարաբաղցի, ԱՄՆ-ում ծնված Պիեր Հեննեսն արդեն 10 տարի աշխատում է Սինգապուրում: Այս օրերին նա Հայատանում էր՝ «Դիջիթեք» Բիզնես-ֆորումին մասնակցելու նպատակով: 168.am-ի հետ զրույցում Պ.Հեննեսը կարծիք հայտնեց, որ սինգապուրյան փորձը Հայաստանի համար որոշ առումով հարմար է, որոշ առումով՝ ոչ:
«Հայաստանն իր ճանապարհը պետք է գտնի, թե որն է աշխարհում համեմատական առավելությունը: ՀՀ-ի համար շուկան Ռուսաստանն է, ԱՊՀ-ն: Այդ ռուսալեզու շուկան մեծ է և տարածվելու առումով առաջին փուլը դա պետք է լինի: Հարկավոր է օգտագործել նաև սփյուռքի ներուժը»,- ասաց Պ.Հեննեսը:
Թե ի՞նչ կարող է ՀՀ-ն արտահանել, Պ.Հեննեսը դեռ չի կողմնորոշվել. «Մենք ուզում ենք ինքներս գտնենք, թե որ արտադրանքը մրցունակ կլինի: Երբ գտնենք, ներդրումներ կանենք այդ ոլորտում: Այդ նպատակով ստեղծում ենք «Գրանատուս» վենչուրային հիմնադրամ, որը կգործի արդեն սեպտեմբերից: Այժմ այցելում ենք ընկերություններ, ուսումնասիրում ենք»:
Ըստ նրա՝ Հայաստանը ներկայում տեխնոլոգիայի ներդրման առաջնային փուլում է գտնվում: Պ.Հեննեսի խոսքով՝ գոյություն ունի տեխնոլոգիական զարգացման 4 փուլ՝ ռազմական զարգացվածություն, պետություն-մասնավոր հատված զարգացվածություն, միջազգային կապիտալի ներգրավում և ձեռներեցություն. «Մենք հիմա տեխնիկական զարգացման փուլում ենք, մարդիկ մեծ ընկերությունների համար են աշխատում, հետո դուրս են գալիս, ստեղծում իրենց ընկերությունները»:
Պ.Հեննեսը նշեց, որ Սինգապուրն ունի ազատ տնտեսական գոտիներ, բայց Հայաստանն ունի տրանսպորտային խնդիրներ և պետք է առավել ուշադրություն դարձնի այն ոլորտներին, որտեղ տրանսպորտային խնդիրները խոչընդոտներ չեն կարող ստեղծել: Օրինակ՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաները: