EBRD-ն բանակցություններ է վարո՞ւմ «Deno Gold Mining Company»-ի կամ նրա սեփականատեր «Dundee Precious Metals»-ի հետ

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն «Global Greengrants Fund» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Թաքնված գումարներ և բաց հանքի» մոնիտորինգային ծրագիրը: Նախագծի նպատակն է բարձրացնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Deno Gold Mining Company» ընկերության հարաբերությունների թափանցիկությունը: Տվյալ նախագծի շրջանակներում մեր կազմակերպությունը պատրաստել է մի շարք հարցեր EBRD-ին:

2012թ. EBRD-ի կայքում տեղեկատվություն հայտնվեց «Deno Gold Mining Company» ընկերությանը վարկ տրամադրելու մասին: Նշված է, որը վարկը կարող է տարածվել նաև Հայաստանի վրա, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում Կապանում. փակ եղանակով շահագործում է Կապանի ոսկու բազմամետաղային հանքավայրը: Նաև ասված է, որ վարկը նախատեսված է «շրջակա միջավայրի, սոցիալական պայմանների, առողջության և  անվտանգության, ինչպես նաև գործունեության թափանցիկության վերաբերյալ ավելի բարձր չափանիշների և փորձառնության հաստատման համար» (Setting higher standards in terms of transparency and environmental, social and health and safety (ESH&S) practices):

Հայաստանի համար վարկի տրամադրումը որոշակի մեկնարկային պայմաններ ունի` պետք է ընդունվի և իրականացվի Բնապահպանական և սոցիալական միջոցառումների պլանը  (Environmental and Social Action Plan), որպեսզի DGMC-ի գործունեությունը համապատասխանեցվի բանկի պահանջների  կատարմանը, DGMC-ն պետք է հավատարիմ մնա «Հրապարակիր, թե ինչի համար ես ծախսում» (Publish what you pay) սկզբունքին, որպեսզի հետագայում երկրում բարձրացվի հանքարդյունաբերական ոլորտի թափանցիկությունը:

Այսպիսով, մենք խնդրում ենք պարզաբանել հետևյալը`

Կարդացեք նաև

1. EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան և հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է, որ դիմել է EBRD-ին վարկի համար:

Հարց` արդյո՞ք EBRD-ն բանակցություններ է վարում «Deno Gold Mining Company»-ի կամ նրա սեփականատեր «Dundee Precious Metals»-ի հետ Հայաստանում գործողություն իրականացնելու համար վարկ տրամադրելու ուղղությամբ: Մենք փորձեցինք բանկի ներկայացուցիչներից պարզել այս հարցը Կապանում և նամակ ուղարկեցինք հանդիպման խնդրանքով: Բայց, ցավոք, պատասխան չենք ստացել:

2. Հաշվի առնելով այն փաստը, որ «Deno Gold Mining Company»-ն բազմիցս հայտարարել է այն մասին, որ մտադիր է Շահումյանի հանքավայրի զարգացման համար անցնել հանքի բաց շահագործման, ապա առաջանում է հետեւյալ հարցը` արդյո՞ք Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հարցը ներառված է վարկի տրամադրման վերաբերյալ բանակցային գործընթացի մեջ:

3. 2013թ. հունիսի 17-ից «Deno Gold Mining Company»-ն փոխել է իր անվանումը` դառնալով «Dundee Precious Metals Kapan»: Արդյո՞ք դա նշանակում է, որ ընկերությունը կարող է վարկ ստանալ  EBRD-ից ուղղակիորեն` որպես բանկի հաճախորդ, ինչպիսին Կանադայում «Dundee Precious Metals»-ն է: Եւ արդյո՞ք դա մեղմացուցիչ պայման չէ հայկական ներկայացուցչության համար:

4. EBRD-ն արդեն վարկ տրամադրել է «Deno Gold Mining Company»-ին Գեղանուշի պոչամբարի վերակառուցման համար: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2008թ-ին: Հարց` արդյո՞ք EBRD-ն այդ նախագծի վերաբերյալ մոնիտորինգ անցկացրել է, եւ եթե անցկացրել է, ապա ինչպիսի՞ն են մոնիտորինգի արդյունքները: Մեր կողմից նշենք, որ նախագիծն իրականացնելիս` չեն պահպանվել սոցիալական պատասխանատվության սկզբունքները, քանի որ անտեսվել է Գեղանուշ գյուղի բնակիչների կարծիքը, ովքեր նախագծի դեմ 134 ստորագրություն են հավաքել: Պոչամբարը կառուցվել է խախտումներով եւ նախագծից շեղումներով: Այս մասին ասված է Փորձագիտությունների ազգային բյուրոյի 21.03.2013թ. թիվ 13-0016 եզրակացության մեջ, որը ներկայացվել է Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարան:

Մենք հույս ունենք, որ ընդունված սոցիալական եւ էկոլոգիական պատասխանատվության սկզբունքների համաձայն` EBRD-ն անուշադրության չի մատնի մեր նամակը եւ ստացված պատասխանները կբարձրացնեն Հայաստանում «Dundee Precious Metals Kapan»-ի գործունեության թափանիկությունը:

«Էկոլոգիական Անվտանգության Ապահովման և Ժողովրդավարության Զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Ռաֆայել Ասրյան

Տեսանյութեր

Լրահոս