Թուրքական ոստիկանության ունեցած արցունքաբեր գազի պաշարները սպառվելու վրա են
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում երկու շաբաթից ավելի ընթացող բողոքի ակցիաների չդադարեցումը և ցուցարարների խանդավառությունը հանգեցրել են անսպասելի արդյունքի. ոստիկանությունը գրեթե սպառել է արցունքաբեր գազի իր պաշարները՝ նախատեսված ցուցարարներին ցրելու համար:
Երկրի անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ոստիկանության պաշարները գրեթե սպառվել են: Բողոքի ակցիաների ընթացքում կիրառվել է մոտ 130.000 գազային նռնակ:
Կազմակերպվել է մրցույթ՝ ոստիկանությանը պաշտպանության ու անկարգությունների դեմ պայքարելու հատուկ միջոցներ մատակարարելու համար: Կառավարությունը նաև որոշել է մեծացնել ջրցան մեքենաների քանակը: Որոշվել է գնել Scorpion ոչ մեծ զրահապատ «ջիպեր»:
Ամենայն հավանականությամբ, ոստիկանության կոմպլեկտավորման համար Թուրքիայի կառավարությունը երկրի բյուջեից հատկացնում է հավելյալ միջոցներ: ՆԳՆ-ը սուբսիդիաներ է խնդրելու Ֆինանսների նախարարությունից, սակայն անհայտ է, թե որքան գումար է դեռ անհրաժեշտ նրան, քանի որ անհայտ է նաև այն, թե երբ կավարտվեն բողոքի ակցիաները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի հայտարարել է, թե երկրում իրավիճակը գտնվում է ոստիկանության ամբողջական վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին թուրքական Sözcü թերթը գրեց, որ վերջին 12 տարում Թուրքիայի կառավարությունը 21 միլիոն դոլար է հատկացրել արցունքաբեր գազի և պղպեղի աերոզոլի գնմանը: