Ով պետք է որոշի ծիրանի գինը
Պետական մարմինը չպետք է ծիրանի գին հայտարարի ու դրանով սահմանափակի արտադրողի ու մթերողի միջև շուկայական հարաբերությունները: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Ագրարագյուղացիական միություն նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Բացի «Սպայկայից» ուրիշ շատ արտահանողներ էլ ունենք, դաշտը մենաշնորհային չէ, և գինը պետք է թելադրեն շուկայական հարաբերությունները: Պետական չինովնիկը գնագոյացման հետ գործ չունի, նախարարությունը չպետք է գին հայտարարի»,- ասաց Հ.Բերբերյանը՝ հավելելով, որ դրանով գներն արհեստականորեն իջեցվեցին:
Ըստ նրա՝ սկզբում ծիրանի գին հայտարարվեց 1 կիլոգրամը 500-600 դրամ, այնուհետև նվազեցվեց մինչև 300-400 դրամ: 1 արկղ (12-13 կգ) ծիրանը գյուղացուց գնում են 4000 դրամով: Միության ղեկավարի խոսքով՝ մթերողների կամայականություններից այսօր գյուղացին օրենքով պաշտպանված չէ և նախարարությունն այդ մասին պետք է մտածի:
Բերբերյանի գնահատականով՝ Արարատում ծիրանի բերքի վիճակը կայուն է, ինչը չի կարելի ասել Արմավիրի մասին: Նա նշեց, որ հայտարարվող թվերը, թե 1 հեկտարից սպասվում է 25 տոննա բերք, աբսուրդ է, քանի որ դասագրքային տվյալներով, լիարժեք այգուց լավագույն տարիներին կարելի է ստանալ 16-20 տոննա, մինչդեռ մեր այգիները լիարժեք չեն, թերի են:
«Խոսել ռեկորդային բերքի մասին աբսուրդ է, անցած տարվա ցուցանիշը դժվար թե հաղթահարենք»,- նկատեց Հ. Բերբերյանը:
Հիշեցնենք, որ գյուղատնտեսության նախարարության հաշվարկներով, այս տարի մթերման պահանջարկը կազմում է շուրջ 10,789 տոննա ծիրան: