Բաժիններ՝

Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր փակել էին մայրուղին

Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր փակել էին մայրուղին` բողոքելով ծիրանի մթերման գներից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բողոքավորները պնդում էին, թե արտահանող այդ կազմակերպությունները ծիրանը գնում են կիլոգրամը 270 դրամով, ինչը «թալան է»:

Այգետերերից մեկը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է.  «Եթե այս մարդիկ չլինեն, ես 30 հեկտար ծիրանանոց ունեմ, հաստատ մեր ծիրանը կդառնար ջրի գին»:

Նա նշել է, որ ինքը ծիրանը վաճառում է 400 դրամով, մեկ արկղը` 4000 դրամով:

Կարդացեք նաև

Բողոքավորներից մեկը, սակայն, վրդովված պնդել է, թե մեկ արկղում 12 կիլոգրամ ծիրան է տեղավորվում, ինչը նշանակում է, որ կիլոգրամի գինը շոշափելիորեն ցածր է: Նա ասել է, որ իրենք կհամաձայնեն վաճառել ծիրանը կիլոգրամը 400 դրամով, բայց ոչ մեկ արկղը 4000-ով:

Բայց անգամ այս գինը շատերի համար ցածր է, քանի որ ծախսերը շատ են, իրենք ի վիճակի չեն սեփական ուժերով սպառողին հասցնել բերքը, ուստի պահանջում են, որ մեկ կիլոգրամի դիմաց իրենց վճարեն առնվազն 500 դրամ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. «Հիմնական դժգոհությունն այն է, որ մթերող ընկերությունները, հատկապես երկու ձեռներեցներ արկղով են վերցրել: Արկղը գնահատել են 10 կիլոգրամ եւ 10 կիլոգրամի արժեքը 4000 դարմ: Գյուղացիները պահանջում էին, որ կշռեն, նոր վերցնեն: Իրենց պահանջը արդարացի է, և մենք այդ խնդիրը լուծում ենք: Հիմա արդեն «Սպայկա» ընկերությունն այնտեղ զբաղված է մթերման գործերով, խնդիրը լուծված է: Գնորդ եւ վաճառող. իրենք են պայմանավորվում և գները, և պայմանները»:

ՀՀ գյուղատնտեսության աշխատանքային խումբը արարատցի այգետերերին առաջարկել է ծիրանը 500 դրամով վաճառել «Սպայկա» ընկերությանը:

Գյուղացիներից շատերը, սակայն, թերահավատ էին, ասում էին` թե չի տանելու «Սպայկա»-ն այդ գնով:

Ընկերության ներկայացուցիչները, մինչդեռ, պնդում էին, թե պատրաստ են նշված գնով գնել ծիրանը: Իսկ գյուղացիներն ասում էին, թե այդ գնով պահանջում են «սուպերմարկետի անթերի ծիրան», մինչդեռ կարկտահարությունից հետո այդպիսի ծիրանը շատ քիչ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս