ՌԴ-ը սկսել է Ադրբեջանին 1 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարումը. Независимая газета
Ռուսական Независимая газета թերթի փոխանցմամբ՝ մեկնարկել են Ռուսաստանից Ադրբեջան գրեթե 1 միլիարդ դոլար արժողությամբ ցամաքային սպառազինության խոշոր մատակարարումները:
Milkavkaz.net ինտերնետային ռեսուրսի ֆորումում հունիսի 15-ին լուսանկարներ են տեղադրվել, որոնցում պատկերված է նավահանգստում տվյալ բեռան դատարկումն ու փոխադրումը:
Խոսքը գնում է տանկերի և ցամաքային զորքերի համար նախատեսված այլ սպառազինության մասին, որոնք ֆորումի այցելուների պնդմամբ՝ կարող են ցուցադրվել հունիսի 26-ին (այդ օրն Ադրբեջանում նշելու են զինված ուժերի կազմավորման 95-ամյակը) Բաքվում կայանալիք զորահանդեսում:
Ռուսական պաշտպանական արդյունաբերությունում Ведомости թերթի երկու աղբյուրները հաստատել են, որ լուսանկարներն իրական են և արտացոլում են դեռևս գարնանը սկսված Ադրբեջանին ցամաքային ռազմական տեխնիկայի մատակարարման գործընթացը, ինչն իրականացվում է 2011 և 2012 թվականներին կնքված պայմանագրերին համապատասխան:
Ведомости-ի զրուցակցի խոսքերով՝ այդ պայմանագրերով խոսքը գնում է Т-90С տանկերի երեք գումարտակի (94 միավոր), БМП-3 հետևակի մարտական մեքենայի մոտ 3 գումարտակի (մոտ 100 միավոր), Мста-С ինքնագնաց հրետանային սարքի 1 դիվիզիոնի (18 միավոր), Смерч համազարկի ռեակտիվ համակարգերի մեկ դիվիզոնի (18 արձակման սարք), Вена ինքնագնաց հրետանու 1 դիվիզիոնի (18 միավոր), ТОС-1А Солнцепек ծանր հրնետ համակարգերի 1 մարտկոցի (6 միավոր) միավորման մասին:
Տանկերի հետ կոմպլեկտի մեջ են մտնում նաև БРЭМ-1М զրահապատ վերանորոգման-տարհանման մեքենաներն ու ИМР-3М ինժեներային մեքենաները: Նշվում է, որ տանկերը գնվում են ներկա դրությամբ առավելապես կատարելագործված զանգվածային կոմպլեկտավորմամբ:
ՌԴ ՊՆ-ում եղած աղբյուրի գնահատմամբ՝ վերոնշյալ համակարգերի ու դրանց զինամթերքի ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 700 միլիոն դոլար: Նա չի բացառել, որ այդ ցուցանիշը կարող է հասնել մոտ 1 միլիարդի: Ведомости-ն նշում է, որ սա ռազմական տեխնիկայի մատակարարման շուրջ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքված առաջին խոշոր փաթեթը չէ:
2010-2011 թվականներին կնքվել և գործանականում իրականացվել են Ադրբեջանին С-300ПМУ-2 զենիթա-հրթիռային համակարգերի երկու դիվիզիոն, Тор-2МЭ զենիթա-հրթիռային համալիրների մի քանի մարտկոցներ, 60 միավոր Ми-17 տրանսպորտային ուղղաթիռներ և 24 միավոր Ми-35М հարվածային ուղղաթիռներ մատակարարելու մասին պայմանագրեր՝ ընդհանուր գրեթե 3 միլիարդ դոլար արժողությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, հայտնել էր, որ հունիսի 26-ին Բաքվում կայանալիք զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրվելու են Ռուսաստանից գնված Т-90С տանկեր: