Հին Երևանը՝ վիրտուալ տարածքում (լուսանկարներ)
Այսօր մեզ` երիտասարդ սերնդի ներկայացուցիչներիս համար, շատ դժվար է դարձել Երևանում գտնել մի այնպիսի շինություն, որը մեզ կհիշեցնի, թե ինչպիսի տեսք է ունեցել հին Երևանը, և որը մեզ հնարավորություն կընձեռի զգալ հին Երևանի համն ու հոտը: Քչերը գիտեն, որ, օրինակ, Եղիշե Չարենցի անվան դպրոցի տեղում նախկինում եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
2012 թվականի նոյեմբերի 20-ին ստեղծված HinYerevan.com կայքում տեղադրված լուսանկարները հնարավորություն են տալիս մի քանի վայրկյանով տեղափոխվել հին Երևան և զգալ տվյալ շրջանի Երևանի շունչը: Կայքի հիմնադիրները հայեր են, ովքեր այսօր բնակվում են Մոսկվայում:
HinYerevan.com կայքը, Oldmos.ru (Մոսկվա) և Oldsp.ru (Սանկտ Պետերբուրգ) կայքերի նման, տեղադրում է հին քաղաքը հիշեցնող լուսանկարներ:
168.am-ի հետ զրույցում HinYerevan.com կայքի համակարգող Գալուստ Նանյանն ասում է, որ իրենց կայքի առանձնահատկություններից մեկն այն է, որ եթե Oldmos.ru կայքն իր էջերում տեղադրում է 1835 թվականից մինչ 2000 թվականն ընկած ժամանակահատվածի լուսանկարներ, ապա HinYerevan.com–ում լուսանկարների տարեգրությունը սկսվում է 1828 թ.-ից և ավարտվում 2000-ին:
– Գալուստ, ովքե՞ր կարող են կայքում հին Երևանը հիշեցնող լուսանկարներ ներբեռնել:
– Կայքում լուսանկար կարող է տեղադրել յուրաքանչյուր HinYerevan.com-ի, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատեր, ով գրանցված է կայքում: Կայքում տեղ գտած լուսանկարների մեջ կան այնպիսիները, որոնք տրամադրել էր Երևանի պատմության թանգարանը (մոտավորապես 110 լուսանկար), ինչպես նաև «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանը, բայց մեծ մասամբ լուսանկարներ են տրամադրում մոսկովյան աղբյուրները:
Հետաքրքիր է, որ վերջին երկու ամիսներին HinYerevan.com կայքով սկսել են հետաքրքրվել նաև այլազգիները, հատկապես՝ նրանք, ովքեր գիտեն Հայաստանի և Երևանի մասին, և նրանք, ովքեր սովետական շրջանում եղել են Երևանում և լուսանկարներ արել: Օրինակ` մի գերմանացի օգտատեր ունենք, որը մոտավորապես 200-220 լուսանկար է ուղարկել: Հետաքրքիր է, որ դրանք առօրյա լուսանկարներ են, օրինակ` կանգառում կանգնած մարդիկ, խաղացող երեխաներ, և այլն: Այդ լուսանկարներն արդեն տեղադրվում են կայքում: Պարզվում է, որ դրսի աղբյուրները հին Երևանի լուսանկարներով ավելի հարուստ են, քան Երևանի աղբյուրները:
– Այս պահի դրությամբ կայքում քանի՞ լուսանկար կա տեղադրված:
– Այս պահի դրությամբ կայքում տեղադրված է մոտավորապես 1500 լուսանկար: Մենք միշտ կասկածում էինք, որ լուսանկարները 1000-ից չեն անցնի, բայց պարզվում է, որ մարդիկ իրենց պահոցները դուրս են բերում: Կայքում տեղադրվել են 1828 թվականից մինչև 2000 թվականն ընկած ժամանակահատվածի լուսանկարները, չնայած կա նաև 1796 թվականի լուսանկար, որը ստացվել է արճիճային տպագրությամբ:
– Ինչպիսի՞ն է մարդկանց հետաքրքրությունը:
– Մարդիկ բավականին հետաքրքրված են կայքով: HinYerevan.com-ը կոմերցիոն բնույթ չի կրում, այն ուսուցողական կայք է: Կայքում տեղադրված լուսանկարներին անդրադառնում են նույնիսկ կառավարության անդամները, ովքեր մեկնաբանում և գնահատում են լուսանկարները:
– Ըստ էության, կայքի նպատակը մարդկանց հին Երևան տեղափոխելն ու համակարգված լուսանկարներ ունենալն է, չէ՞:
– Այո: Կայքի նպատակը հին Երևանի լուսանկարների համակարգված պահոց ստեղծելն է: Մինչ այս չկար մի կայք, որը համակարգված կներկայացներ հին Երևանի լուսանկարները: Սա, ըստ իս, պետք է աներ Երևանի պատմության թանգարանը, որն ունի կայք և հարուստ ֆոտոդարան: Նրանք անընդհատ ասում են, որ պատրաստվում են մեր կայքի օրինակով լուսանկարներ տեղադրել, բայց դեռ ոչինչ չեն անում:
Կայքը, կարծես, հիշեցում է քաղաքային իշխանություններին, որ հին Երևանը ժամանակին համահունչ է զարգացել: Այսօր իշխանություններն ասում են, որ Երևանը զարգանում է, բայց ոչ մի զարգացում չկա, սա ուղղակի անճաշակության դրսևորում է: Նշեմ, որ կայքին Երևանի քաղաքապետարանը դեռևս չի արձագանքել:
Բոլոր հին քաղաքներն ունեցել են իրենց բերդաքաղաքները: Երևանն ունեցել է իր բերդը, որն այսօր չկա, որովհետև չենք պահպանել: Ես միշտ ասում եմ, որ տարիներ հետո Երևանը կնշի իր 2800-ամյակը, բայց այսօր հին Երևանը հիշեցնող 28 նմուշ էլ չունենք: Մենք չենք սիրում մեր հինը պահել:
– Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:
– Կան մի շարք նպատակներ, օրինակ՝ «Հին Երևան» օրացույցների, վերնաշապիկների, գրիչների տպագրություն, և այլն: Քանի որ հովանավորողներ չկան, երկարաձգվում է դրանց իրականացումը, բայց մինչև հոկտեմբեր կփորձենք իրականացնել: