Ինչո՞ւ են բանկերը խուսափում վարկավորել տեխնոլոգիական ընկերություններին
Հայաստանում գործող բանկերը խուսափում են վարկ տրամադրել Տեղեկատվական տեխնոլոգիաների և Ինովացիոն ոլորտի ընկերություններին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Վահան Հովսեփյանը: Նրա խոսքով` ֆինանսավորվելու մատչելիության (Acces to finance) խնդիրն այս ոլորտի համար բավական առարկայական է, իսկ այս առնչությամբ Հայաստանում առկա է մի քանի խնդիր: Դրանցից մեկն, ըստ մեր զրուցակցի, այն է, որ պետությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծմանը ՓՄՁ ԶԱԿ-ի (Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոն) միջոցով, այսինքն` կենտրոնն ընկերություններին վարկեր է տրամադրում` իր հետ համագործակցող բանկերի միջոցով: Բացի դրանից, կան նաև ունիվերսալ վարկային ընկերություններ, որոնք նույնպես իրականացնում են վարկավորման գործառույթներ, սակայն հաշվի առնելով ինովացիոն ոլորտի յուրահատկությունները, ըստ Վ. Հովսեփյանի` դրանք աշխատում են «չմտնել» ՏՏ ոլորտ:
«Մասնավորապես, դրանք ցանկանում են վարկավորել առևտրի կամ գյուղատնտեսության ոլորտը. այդ վարկով գյուղացին կարող է կով գնել, այդ կովից, օրինակ` 50 լիտր կաթ ստանալ, այսինչ գնով այդ կաթը վաճառել, և այլն: Այսինքն` շատ հեշտ են կատարվում այդ հաշվարկները, իսկ տեխնոլոգիական ոլորտում այդ ամենն այդքան էլ հեշտ չէ»,- ասաց Վ. Հովսեփյանը: Նրա խոսքով` դրա համար պետք է փորձագետ ունենալ, ով համապատասխան գիտելիքներ կունենա, որպեսզի կարողանա հասկանալ և գնահատել, թե արդյոք այդ տեխնոլոգիան, որն առաջարկում է տվյալ տեխնոլոգիական ընկերությունը, իրակա՞ն է, թե՞ ոչ, ինչքանո՞վ է դրա իրականացումը հնարավոր, որքա՞ն շահույթ այն կարող է բերել, և այլն:
«Տեխնոլոգիական զարգացումը շատ արագ տեմպերով է ընթանում, և այն չես կարող համեմատել, ենթադրենք` կով կթելու տեխնոլոգիայի հետ: Ստացվում է, որ միշտ տվյալ փորձագետի գիտելիքները պետք է արդիական (up to date) լինեն, որպեսզի նա կարողանա փորձագիտական եզրակացություն տալ: Այդ ամենը նշանակում է, որ բանկը կամ ունիվերսալ վարկային կազմակերպությունը պետք է շատ ավելի բանիմաց փորձագետ ունենա, ինչը, բնականաբար, ավելի ծախսատար է տվյալ բանկի կամ վարկային կազմակերպության համար»,- ասաց Վ. Հովսեփյանը` նշելով, որ այդ իսկ պատճառով շատերն աշխատում են խուսափել տեխնոլոգիական ընկերություններին վարկեր տրամադրելուց: Վ. Հովսեփյանը ենթադրում է, որ նմանատիպ մասնագետներ ունեցող համապատասխան կազմակերպությունները Հայաստանում կամ քիչ են, կամ էլ ընդհանրապես բացակայում են: «Այս ոլորտը տարբեր տեսակի լուծումներ է առաջարկում` սարքավորումներից (Hardware) մինչև ծրագրային ապահովման (Software) տարբեր տեսակներ, վեբ հավելվածներ և այլն: Իսկ վերջիններից հասկացող մասնագետ դժվար թե այդ կազմակերպություններում գտնվի: Արդյունքում`փորձագիտություն իրականացնելու խնդիր է առաջանում»,- ասաց Վ. Հովսեփյանը:
Երկրորդ խնդիրն, ըստ նրա, տեխնոլոգիական ոլորտի հարստության կամ արժեքի գնահատումն է, քանի որ դրանք հիմնականում, այսպես ասած, նյութական չեն, ուստի դրա գնահատումը պրոբլեմատիկ է: «Մեր ոլորտի հիմնական հարստությունը ոչ թե ֆիզիկական օբյեկտներն են, օրինակ` շինությունները, այլ մարդկանց խելքն է կամ ինտելեկտուալ կարողությունը, իսկ դա մարդիկ չեն կարող գրավ դնել: Այսինքն` գրավի առարկան տվյալ դեպքում շատ ավելի պրոբլեմատիկ է լինում»,- ասաց Վ. Հովսեփյանը` նշելով, որ, օրինակ, ծրագրերի վաճառքով զբաղվող ընկերության իրական արժեքը գնահատելու համար շատ լուրջ փորձ պետք է ունենալ: Փաստորեն` վարկը տրամադրելուց բանկը պետք է գնահատի այդ մարդկանց ինտելեկտուալ կարողությունները, ինչը շատ դժվար է:
Վ. Հովսեփյանի խոսքով` ներկայումս USAID/EDMC Project-ը մի ծրագիր է իրականացնում, որով փորձում է մեր հայկական բանկերին դրդել տեխնոլոգիական ուղղությամբ աշխատել, այսինքն՝ վարկավորել ինովացիոն ոլորտի և սկսնակ ընկերություններին։ «Մասնավորապես` DigiTec բիզնես-ֆորումում մենք երկու բանկից` «Ամերիաբանկից» և «Առէկսիմբանկից», մասնակից ենք ունենալու, ովքեր ներկայացնելու են, օրինակ` էլ. առևտրի ոլորտում վարկավորման հնարավորությունը, սակայն, սրանք դեռևս կիսատ-պռատ լուծումներ են իրականում: Տեխնոլոգիական ոլորտի աջակցության համար փորձագիտական լուրջ փորձ է անհրաժեշտ, որպեսզի բանկերը գնան այդ ուղղությամբ»,- ասաց Վ. Հովսեփյանը: Նա նշեց նաև, որ բիզնես-ֆորումին մասնակցելու է նաև Crimson Capital միջազգային ընկերությունը, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում տարբեր երկրներում, մասնավորապես` Մակեդոնիայում և Ալբանիայում, որտեղ հատուկ ստեղծված հիմնադրամների միջոցով թիրախային ֆինանսավորում է տրամադրվում հենց միայն ինովացիոն և տեխնոլոգիական ոլորտին: «Հայաստանում նմանատիպ հիմնադրամներ չկան, իսկ եթե նրանք աշխատում են միայն տեխնոլոգիական ոլորտի հետ, բնականաբար, նրանց փորձագետները գնալով խորանում են այդ թեմաների մեջ, և նրանք միշտ արդիական գիտելիքներ ունեն և կարողանում են ճիշտ գնահատականներ տալ տեխնոլոգիական ոլորտի նախագծերին»,- ասաց Վ. Հովսեփյանը` նշելով, որ այդ ոլորտը մի կողմից` արագ տեմպով զարգացող ոլորտ է, իսկ մյուս կողմից` ռիսկային է, որովհետև դժվար է ճիշտ գնահատել ու հասկանալ այդ նախագծերը և ֆինանսական աջակցություն ցուցաբերել հենց տեխնոլոգիական ընկերություններին: