Բաժիններ՝

Հայաստանը «Կոնտուր Գլոբալի» համար տրամաբանական և բավական հետաքրքիր շուկա է

168.am-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, ՀՀ ԱԳՆ ռազմաքաղաքական վարչության նախկին պետ, վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:

– Լուրեր են տարածվել, որ «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը բանակցում է ՀՀ կառավարության հետ՝ «Որոտան» հիդրոկասկադի բոլոր ակտիվների գնման հարցի շուրջ: Ձեր կարծիքով՝ այդ գործարքն ինչպե՞ս կազդի ՀՀ էներգահամակարգի վրա:

– Հաշվի առնելով Հայաստանի էներգետիկ համակարգում ռուսական գերակշիռ ներկայությունը՝ ամերիկյան ընկերության մուտքն այս ոլորտ մասնակի հավասարակշռող ազդեցություն կունենա։ Այդ ազդեցությունը թեև որոշիչ չի լինի, սակայն կլինի ուղենշային, և դրական փորձի դեպքում՝ կարող է նաև նախադեպային դառնալ արևմտյան ընկերությունների ավելի լայն ներկայություն խրախուսելու համար։ Հավանական է, որ նոր սեփականատերն իր հետ բերի կառավարման առաջատար փորձ, որոշակի ներդրումներ և տեխնոլոգիական արդիականացում։ Ակնկալիքների ծավալն ու արդյունավետությունը պայմանավորված կլինեն գործարքի բանակցման և իրականացման որակով։

– Ամերիկյան այս ընկերությանն ի՞նչը կարող է հետաքրքրել շուրջ 40 տարվա մաշվածություն ունեցող կասկադում:

– Մուտքը հայաստանյան էներգետիկ շուկա և դրա հեռանկարայնությունը։ Թվում է նաև, որ գործընթացը համահունչ է Էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ 2012 թ․ հոկտեմբերին ստորագրված հայ-ամերիկյան փոխըմբռնման հուշագրի նպատակներին և, ըստ այդմ, վայելում է երկու երկրների պետական աջակցությունը։ Պետք է հաշվի առնել նաև, որ թեև «Կոնտուր Գլոբալը» համեմատաբար նոր ընկերություն է, և ունի ընդամենը վեց տարվա պատմություն, սակայն դրա ղեկավար կազմում են ԱՄՆ-ի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի՝ AES կորպորացիայի նախկին առաջատար աշխատողներ, իսկ AES-ը ժամանակին ներկայություն ուներ Վրաստանի էներգետիկ ոլորտում, և 2000-ական թվականների սկզբին մեծ հետաքրքրություն էր հանդես բերում նաև Հայաստանի էներգետիկ ցանցի նկատմամբ: Այսինքն՝ «Կոնտուր Գլոբալի» ղեկավար կազմն ունի Հարավային Կովկասում աշխատանքի փորձ, և տարածաշրջանի խնդիրներին քաջատեղյակ է։ Միաժամանակ, «Կոնտուր Գլոբալը» սերտ համագործակցություն ունի Coca Cola Hellenic Bottling Co. ընկերության հետ, որի համար այն մշակել և շահագործման է հանձնել էլեկտրաէներգիայի արտադրության նորարարական լուծումներով հագեցված հզորություններ։ Հաշվի առնելով Coca Cola Hellenic Bottling Co.-ի արդեն տևական ներկայությունը Հայաստանում՝ կարելի է ենթադրել, որ այդ հանգամանքը ևս դեր ունի հայկական էներգետիկ շուկայի նկատմամբ «Կոնտուր Գլոբալի» հետաքրքրության մեջ։ Վերջապես, «Կոնտուր Գլոբալն» ընդլայնվող ընկերություն է, որի եվրոպական պորտֆելն ընդգրկում է Իսպանիան, Իտալիան, Բուլղարիան, Ուկրաինան, և մասամբ՝ նաև Ռուսաստանը, իսկ ծրագրերի շրջանակը՝ փոքր ու միջին ծավալի էներգաարտադրության ոլորտում նորարարական կոմբինացված լուծումները։ Այս ամենը հաշվի առնելով՝ թվում է, թե Հայաստանը «Կոնտուր Գլոբալի» համար տրամաբանական և բավական հետաքրքիր շուկա է։

– Հաշվի առնելով վերջերս տարածված լուրերը, որ գազի գնի դիմաց Ռուսաստանից զիջումներ ստանալու դիմաց ՀՀն կարող է զիջել էներգահամակարգի միակ պետական կառույցը՝ «Որոտանի ՀԷԿ»-ը, ամերիկյան ընկերության հետաքրքրությունը կարելի՞ է ավելի շատ որպես քաղաքական գնահատել: Քաղաքական ուժերի հավասարակշռման տեսանկյունից ի՞նչ կփոխի կասկադն ամերիկյան կողմին վաճառքի կամ կառավարման հանձնելը:

– Քաղաքական գնահատական չեմ ցանկանա տալ այս զարգացմանը, քանի որ դրա հիմքում ավելի շատ միջազգային առաջատար փորձ ունեցող ընկերության՝ Հայաստան մուտքի խնդիր եմ տեսնում, ինչը վաղուց պետք է արվեր։ Հայաստանը կարիք ունի նման համագործակցության, և այն պետք է միանշանակորեն ողջունել՝ իբրև երկրի կարևորագույն ոլորտներից մեկում՝ էներգետիկայում, արտադրական կարողությունների  և կառավարման պրակտիկայի արդիականացման, կատարելագործման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման գրավական։

Ընդհանրապես ռազմավարական տեսանկյունից որքանո՞վ եք նպատակահարմար գտնում կասկադի վաճառքը:

– Գործարքի ռազմավարական նշանակությունն ի հայտ կգա, երբ այն իրոք կայանա, և նոր սեփականատերը գործնականում կարողանա ապացուցել իր առավելությունը՝ օբյեկտի շահագործման ու արդիականացման միջոցով։ AES-ն, օրինակ, Վրաստանում ժամանակին չկարողացավ տևական ներկայություն պահպանել, և իր հզորությունները (AES-Telasi էլեկտրական ցանցը) վաճառեց Ռուսական Интер РАО ОЭС-ին։ Հայաստանում էլ, ինչպես հիշում եք, էլեկտրական բաշխիչ ցանցի սեփականաշնորհման ժամանակ ասպարեզ եկավ Midland Resources Holding օֆշորային ընկերությունը, որն ի վերջո դարձավ ցանցի սեփականաշնորհման տենդերի միակ մասնակիցն ու շահողը, սակայն կարճ ժամանակ անց Հայաստանի ցանցը ևս հայտնվեց РАО ОЭС-ի սեփականության տակ։ Թեև Հայաստանի ու Վրաստանի հանգամանքներն ու շարժառիթները զգալիորեն տարբեր էին, սակայն երկու դեպքում էլ արդյունքը հակասում էր հայտարարված նպատակներին։ Այսօր հիմքեր չկան կասկածելու, թե «Կոնտուր Գլոբալի» միջոցով Միդլենդի կարգի գործարք է կատարվում, սակայն անհրաժեշտ է, որ հայկական կողմը հաշվի առնի թե՛ Հայաստանում, և թե՛ Վրաստանում 2000-ականների սկզբին էներգետիկ ցանցերի սեփականաշնորհման ընթացքում ձեռք բերված փորձը, և ապահովի անհարկի սխալներից զերծ, թափանցիկ գործընթաց։ Այդ պարագայում միայն վաճառքը կծառայի Հայաստանի ռազմավարական շահերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս