Վերահսկիչը հաստատեց. Բիոզուգարանների համար հատկացված 100 միլիոն դրամի ծախսը անարդյունավետ է

Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկմամբ: Նախ խորհրդարանական ամբիոնից ՀՀ ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը հանդես եկավ հիմնական զեկույցով և ներկայացրեց իրենց կողմից հայտնաբերված խախտումները, ապա անդրադարձավ ոլորտներին առանձին ուսումնասիրության արդյունքներով: ՎՊ-ն, համաձայն իր 2012թ. տարեկան հաշվետվության, խախտումներ է հայտնաբերել նաև ՀՀ էկոնոմիայի նախարարությունում իրականացված վերահսկողության արդյունքում: Մասնավորապես հայտնաբերվել է.

– «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին» ծրագիրն իրականացվել է թերություններով և խախտումներով: 2010թ. վարկային փաթեթից օգտված 30 սուբյեկտից գործում է 8-ը, 2011թ.` 17 սուբյեկտից` 8-ը, իսկ 2012 թ. վարկավորված 130 սուբյեկտից 11-ն արդեն իսկ լուծարվել կամ դադարեցրել է գործունեությունը: Մի շարք դեպքերում վարկերն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ ֆինանսական աջակցությունը տրամադրվել է ոչ հավաստի ցուցանիշների հիման վրա, ֆինանսական աջակցության միջոցները բավարար չափով չեն նպաստել բիզնեսի ընդլայնմանն ու աշխատատեղերի ավելացմանը:

– Ռիսկային է նաև արդեն տրամադրված վարկային միջոցների վերադարձելիության խնդիրը, մասնավորապես ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով «Կոնսեր» ՍՊԸ-ին եւ «Վայք գրուպ» ՓԲԸ-ին հատկացված համապատասխանաբար` 395.000.0 և  164.000.0 հազ. դրամի ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարելու արդյունքում վերականգնվել է ընդամենը 85,825.1 հազ. դրամը:

– ՀՀ հասարակական վայրերի զուգարաններով ապահովման հայեցակարգի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարության արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք բերված 2 բիո զուգարանները մինչ օրս չեն շահագործվում, որի հետևանքով կատարված 100,000.0 հազ. դրամի ծախսը անարդյունավետ է:

Կարդացեք նաև

– ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որակավորման պատշաճ վերահսկողություն չի իրականացրել զբոսաշրջության բնագավառում  հյուրանոցային տնտեսության օբյեկտների նկատմամբ:

– «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի  կողմից շուկան ուսումնասիրվել է կամայականորեն՝ առանց սահմանված կարգի և մեթոդական ցուցումների, իսկ ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելուց հետո կողմնորոշիչ գները նույնպես որոշվել են առանց սահմանված ընթացակարգերի: Թողարկած տեղեկագրերում ընդհանրապես չի ներառվել աշխատանքների եւ ծառայությունների արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը: Բացարձակապես դուրս է մնացել նաեւ պետական կարիքների համար բոլոր ապրանքների մասով կողմնորոշիչ գների  սահմանման բնագավառը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս