Բաժիններ՝

Ո՞ր ոլորտներում էր գործունեություն ծավալում ԲԱՄՕ-ն

168.am-ի տեղեկություններով՝ Մոսկվայում սպանված հայազգի գործարար, ԲԱՄՕ ընկերության համասեփականատեր Հովիկ Մուրադյանի հուղարկավորությունը տեղի կունենա Հայաստանում: Վաղը նրա դին կտեղափոխվի Հայաստան:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Lotte Plaza հյուրանոցի մոտ սպանվել էր հայ գործարար, «ԲԱՄՕ» ընկերության համասեփականատեր Հովիկ Մուրադյանը: Ռուսաստանյան «Lifenews» լրատվական կայքը հրապարակել էր մի տեսանյութ, որում  երևում էր, թե ինչպես է երեկ Մոսկվայի Lotte Plaza հյուրանոցի մոտ սպանվել գործարարը: «Lifenews»-ին  տեսագրությունը տրամադրել է հյուրանոցի անվտանգության ծառայությունը: Տեսախցիկները չեն ֆիքսել Հովիկ Մուրադյանի մահվան պատճառը դարձած դանակի հարվածը, սակայն պարզ երևում է, թե ինչպես է սևազգեստ մարդասպանը հարձակվում և այնուհետև դիմում փախուստի:  Հովիկ Մուրադյանը «ԲԱՄՕ Մետալ» ընկերության համասեփականատեր, «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետեր, Իրաքում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի եղբայրն է:

Մուրադյան եղբայրները ծնունդով Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Ծակքար գյուղից են, և տարիներ շարունակ գործունեություն են ծավալում հիմնականում Ռուսաստանում, վերջին տարիներին գործունեություն էին ծավալում շինարարության ոլորտում: ԲԱՄՕ ընկերության անվանումը Մուրադյան 4 եղբայրների՝ Բորիսի, Հակոբի, Մուրադի ու Հովիկի  անունների սկզբնատառերի հապավումն է:  ԲԱՄՕ-ն մեծ ծավալի շինաշխատանքների մրցույթ էին շահել ոչ միայն Մոսկվայում, այլև Սոչիում՝ 2014 թվականի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների հետ կապված ծրագրերում: ԲԱՄՕ-ն, սակայն, չնայած այդ մրցույթներում շահած նախագծերին՝  նաև ֆինանսական լուրջ խնդիրների առջև էր կանգնել:  Որոշ խնդիրներ էին առաջացել նաև Մուրադյան եղբայրների միջև՝ ընկերության մասնաբաժինների հետ կապված, որի մասին մամուլում բազմիցս է գրվել: Որոշ ընկերությունների և անհատների հետ դատական գործընթացներ էին սկսվել՝ գումարային պարտավորությունների պարտք ու պահանջի հետ կապված:

ԲԱՄՕ ընկերությունը նաև Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերն էր: Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրը 5 միլիոն 700 հազար դոլարով ԲԱՄՕ ընկերությանը մասնավորեցվել էր 2005 թվականի օգոստոսին: ՀՀ կառավարության 2009-ի հոկտեմբերի 26-ի որոշման համաձայն` 2005թ. սեպտեմբերից մինչև 2008թ. սեպտեմբերը ԲԱՄՕ-ն Համալիրում ներդրել է 4 միլիարդ 275 միլիոն դրամ, որն այն ժամանակվա փոխարժեքով կազմել է մոտ 14 միլիոն դոլար:

Սակայն, գրեթե երկու տարի է՝  «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Ըստ շրջանառվող լուրերի` ընկերության սեփականատերերը` Մուրադյան եղբայրները, ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսը: Լուրեր էին շրջանառվում նաև, որ կառավարությունը գումարը հատկացրել էր Սոչի քաղաքում հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով: Ժամանակին Մուրադյաններից Բորիս Մուրադյանը հաստատել էր նման գործարքի գոյության փաստը: 2009 թվականին, սակայն, Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար էր տրամադրվել ԲԱՄՕ ընկերության սեփականատերերին, և 2011 թվականից սկսած վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ էին առաջացել: Մեր տեղեկություններով, այդ հարցում տարաձայնություններ էին առաջացել սեփականատեր եղբայրներից հատկապես` Մուրադ և Բորիս Մուրադյանների միջև:  Նշվում էր, որ ֆինանսական այդ խնդիրները լուծելու նպատակով Բորիս Մուրադյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել էր գնել Մարզահամերգային համալիրի որոշակի բաժնեմասը, ինչին դեմ էր արտահայտվել եղբայրը` Մ. Մուրադյանը: Խոսակցություններ կային, որ երկու եղբայրներն, ունեցվածքի բաժանման հետ կապված, դիմել էին դատարան: Համալիրի կառավարման հարցերի շուրջ եղբայրների միջև ծագած տարաձայնությունների մասին 168.am-ի հետ զրույցում դեռևս անցյալ տարի նշել էր նաև Մուրադ Մուրադյանը՝ ասելով, որ  «Մարզահամերգային համալիրի վրա ԲԱՄՕ ընկերությունը 40 մլն դոլար ինվեստիցիա է կատարել: Ընկերությունը վարկը վերցրել է, գրավադրել է իր ինվեստիցիան: Դե, հիմա չի ստացվել, պրոբլեմներ են առաջացել կամպանիայի մոտ: Ինքը (եղբայրը՝ Բորիս Մուրադյանը.- հեղ.) տվել է իր բաժնետոմսերը պետությանը, որոնք էլ գրավ են դրել: Մոտակա ժամանակներում ինքը կլուծի այդ հարցը» (տես հղումը):  Վերջինս նաև նշել էր, որ Մարզահամերգային համալիրի հիմնական բաժնետերը Բորիս Մուրադյանն է. «Ինքն իր ողջ կարողությունը գրավ է դրել ու ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա»,- ասել էր նա:

Ավելացնենք նաև, որ անցյալ տարի Կապանի բնակիչները և բնապահպաններն ահազանգել էին Կապանի Նոր Աստղաբերդ համայնքի տարածքում  «ԲԱՄՕ Մետալի» կողմից հանքավայրի կառուցման, ինչպես նաև ոսկու որոնողական աշխատանքների հետևանքով առաջացած ջրի աղտոտվածության մասին, որի արդյունքում նաև վտանգվում էր քաղաքի ողջ ջրամատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս