Ի՞նչ պատիժներ են սահմանված Իրանում ընտրակեղծարարների համար. ԻԻՀ դեսպանը խոսեց կայանալիք նախագահական ընտրությունների մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին հայկական մամուլի ներկայացուցիչներին հրավիրել էր դեսպանատուն` հանդիպման, որի գլխավոր թեման ուրբաթ օրն Իրանում կայանալիք նախագահական ընտրություններն էին:

Հայ-իրանական դարավոր բարեկամության մասին

«Մենք հարևան երկրներ ենք և պետք է տեղյակ լինենք միմյանց խնդիրներին: Ավելի քան 3000 տարի իրար կողք ենք ապրել, և մեր միջև մշտապես գերիշխել է բարեկամությունը, իրանական և հայկական մշակույթները միմյանց շատ նման են, ես ինքս Հայաստանում օտարություն չեմ զգում և կարծես իմ հայրենակիցների շրջապատում եմ ապրում»,- այսպես սկսեց իր խոսքն Իրանի դեսպանը:

Ինչ ընտրություններ կան Իրանում, և ինչպես են դրանք անցկացվում

Կարդացեք նաև

Հունիսի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների մասին Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ, ըստ Իրանի օրենսդրության, ընտրությունների անցկացման նպատակով արտերկրում ևս ընտրատեղամասեր են ձևավորվում, և Հայաստանում ևս լինելու է այդպիսի մեկ ընտրատեղամաս` Իրանի դեսպանության շենքում, որտեղ, ի դեպ, ընտրությունները լուսաբանելու հրավիրեց նաև հայ լրագրողներին:

«Դուք գիտեք, որ ընտրությունները ժողովրդավարության ցուցանիշներից մեկն են, այսինքն` ժողովուրդը պետք է մասնակցություն ունենա իր ճակատագրի որոշման հարցում, և քաղաքական զարգացման ցուցանիշներից մեկն ընտրություններին ժողովրդի մասնակցությունն է: ԻԻՀ Սահմանադրության համաձայն` երկրի կառավարման բոլոր գործընթացները պետք է ժողովրդի մասնակցությամբ տեղի ունենան: Քաղաքացիները փակ գաղտնի և ուղղակի քվեարկությամբ ընտրում են իրենց նախընտրած թեկնածուին»,- ասաց Իրանի դեսպանը` նշելով, որ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո (1979 թ.) մինչ օրս անցկացվել են 28 համապետական ընտրություններ` նախագահական, իսլամական խորհրդարանի և հոգևոր առաջնորդների` «բանիմացների խորհրդի» ընտրությունները: Վերջին կառույցի մասին Մոհամմադ Ռեյիսին նշեց, որ դրա ֆունկցիաներից մեկն Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդի ընտրությունն է, այսինքն` եթե երկրի հոգևոր առաջնորդը մահանա  կամ ինչ-որ պատճառով դառնա անաշխատունակ, այդ դեպքում «բանիմացների խորհուրդը» պարտավոր է ընտրել նոր հոգևոր առաջնորդ: Այս խորհրդի անդամներն ընտրվում են 8 տարին մեկ անգամ, իսկ Իսլամական խորհրդարանը` 4 տարին մեկ:

Ինչ վերաբերում է երկրի նախագահին, ապա նա նույնպես ընտրվում է չորսամյա ժամկետով: Իրանում իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ նախագահական ընտրություններն անցկացվել են 1980 թ. հունվարի 25-ին, երբ նախագահ ընտրվեց Աբոլհասան Բանիսադրը, ով կառավարեց ընդամենը 6 ամիս և հեռացավ նախագահի պաշտոնից` Իսլամական մեջլիսի հայտարարած իմպիչմենտի հետևանքով: Իսկ ընդհանուր առմամբ` ԻԻՀ-ում տեղի են ունեցել 10 նախագահական ընտրություններ, որոնցից վերջինը` 2009 թ. հունիսի 12-ին (ընտրվեց գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը):

Ընտրությունների մասին Մ. Ռեյիսին նշեց, որ կան ընտրությունները վերահսկող մեխանիզմներ, ինչը, ըստ դեսպանի, բնորոշ է շատ երկրներին, այդ թվում` Հայաստանին: Սակայն Իրանի տարբերությունը մյուս երկրների նկատմամբ այն է, որ այլ երկրներում կուսակցություններն են առաջադրում թեկնածուներ, իսկ Իրանում չկան այդպիսի կուսակցություններ, այսինքն` թեկնածուներն առաջադրվում են քաղաքացիական նախաձեռնությունների, առանձին խմբերի կողմից կամ ինքնառաջադրվում են:

Ընտրակեղծարարները խստորեն պատժվում են

Հավանաբար հաշվի առնելով Իրանում շատ երևույթների նկատմամբ օրենքի խիստ բնույթը` լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք Իրանի համար արդիակա՞ն է ընտրախախտումների հարցը, և ի՞նչ պատիժ է սահմանված ընտրությունները կեղծողների համար:

«Ծանր պատիժներ կան, օրինակ` եթե ապացուցվի, որ ընտրախախտում է տեղի ունեցել, տվյալ ընտրատեղամասի բոլոր քվեատուփերի քվեներն անվավեր են հայտարարվում, իսկ ընտրախախտում կատարող անձինք նաև կարող են ազատազրկման ենթարկվել»,- ի պատասխան՝ ասաց Մոհամմադ Ռեյիսին` միաժամանակ նշելով, որ, իր կարծիքով՝ ընտրախախտումների համար սահմանված պատիժները բոլոր երկրներում էլ նույնատիպ են: Պարոն դեսպանը նաև բերեց կոնկրետ օրինակ, երբ անվավեր են ճանաչվել 800 քվեատուփերի քվեաթերթիկները և նշանակվել են նոր ընտրություններ, այսինքն` կան օրենքով սահմանված միջոցներ:

«Ցանկացած ընտրախախտում կատարող դավաճանում է իր ժողովրդին, և մենք ունենք օրենք այն մասին, որ նրանք, ովքեր մասնակցում են ընտրական գործընթացներին, չեն կարող լինել որևէ ուժի կամ թեկնածուի կողմնակիցը, իսկ քարոզչությունն ընտրատեղամասի շրջակայքում արգելված է»,- ասաց Մոհամմադ Ռեյիսին:

Ովքեր են առաջադրվել

Ավելացնենք, որ Իրանի նախագահական ընտրություններում առաջադրվել է 8 թեկնածու` Նավթի նախկին նախարար Մուհամմադ Ղարազին, ռեֆորմիստ Հասան Ռոհանին, պահպանողական համարվող Ղոլամ Ալի Հադդադ-Ադելը, անկախ թեկնածու Մոհսեն Ռեզային, Թեհրանի քաղաքապետ Մուհամմադ Բագեր Կազիբաֆը, նախկին փոխնախագահ, ռեֆորմիստների շարժման ներկայացուցիչ Մուհամմադ Ռեզա Արեֆը, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալին և ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայեթին,  որոնցից երկուսը` Ղոլամ Ալի Հադդադ-Ադելը, Մուհամմադ Ռեզա Արեֆը, արդեն  ինքնաբացարկ են հայտարարել:

Ով է ֆավորիտը

Ի դեպ, դեսպանի հետ առանձնազրույցում մենք հետաքրքրվեցինք, թե թեկնածուներից ո՞վ է համարվում ընտրությունների ֆավորիտը, ինչին ի պատասխան՝ Մոհամմադ Ռեյիսին, բնականաբար, չնշեց որևէ մեկի անունը` ասելով՝ «ում ժողովուրդը կընտրի»:

«Չգիտեմ, իսկապես մենք էլ չգիտենք` ով կարող է ֆավորիտ լինել, բայց մեծ հավանականություն կա, որ կլինի երկրորդ փուլ»,- ասաց Իրանի դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս