«Կարճամետրաժ ֆիլմերը հրաշալի միջոց են ռեժիսորների ճանապարհը հարթելու համար». Դիանա Կարդումյան
Օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դալիճում տեղի ունեցավ երիտասարդ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմի պրեմիերան: Ռոմանտիկ ֆիլմում գլխավոր դերերը վստահվել էին դերասաններ Նարինե Գրիգորյանին և Արմեն Մարգարյանին։ 30 րոպեանոց այս ֆիլմը երկուսի դիալոգն է, որին լուռ ուղեկցում է գիշերային Երևանը։
168.am-ի զրուցակիցը «Դիալոգներ» ֆիլմի ռեժիսոր Դիանա Կարդումյանն է։
– Դիանա, ֆիլմի ցուցադրության ժամանակ ողջ դահլիճը լեփ-լեցուն էր, նման արձագանքն ու հետաքրքրությունը Ձեզ համար սպասելի՞ էր:
– Ճիշտն ասած՝ ոչ, ես այդքան մեծ հետաքրքրություն չէի սպասում: Իսկապես շատ մարդ կար, որոնցից շատերին ստեղծագործական խմբից ոչ մեկը չէր ճանաչում: Այս առումով` դա անակնկալ էր, և շատ հաճելի էր, որ դահլիճն իսկապես այդպես լեցուն էր:
– Ֆիլմում, գլխավոր դերասանների կողքին, կարևոր կերպար է նաև Երևանը, որին ներկայացրել եք շատ լուսավոր, խորհրդավոր: Ի սկզբանե Երևանը նման ձևով պատկերելը կանխամտածվա՞ծ էր:
– Չէ, հատուկ կանխամտածված չէր, ուղղակի նյութը թելադրում է, թե ինչպիսին պետք է լինի արտաքին փաթեթավորումն ու ձևը: Ֆիլմի բովանդակությունից այդ տեսակի Երևանի կարիք էր զգացվում, և ես որոշեցի, որ Երևանը պետք է անսովոր ու անմոռանալի լինի, որովհետև, ինչպես գիտենք, ֆիլմում հերոսուհին լքում է Երևանը: Եվ վերջապես, մեր քաղաքն իսկապես գեղեցիկ քաղաք է, ուղղակի պետք է ուսումնասիրել և գտնել այն համապատասխան ռակուրսները, որոնք կարող են ընդգծել այս քաղաքի հմայքը: Ես շատ եմ սիրում Երևանը և փորձում եմ իմ սերն այդպես արտահայտել:
– Որքա՞ն ժամանակում ստեղծվեց այս ֆիլմը:
– Սցենարը վաղուց կար` 2008 թվականից, բայց ես երբևէ չեմ մտածել, որ այն կարող է ֆիլմ դառնալ: Դիալոգները գրել-դրել էի մի կողմ և չէի մտածում, որ մոտս ֆիլմ նկարելու միտք կառաջանա: Ուզում եմ հիշել, թե ինչպես ստացվեց, որ որոշեցի անդրադառնալ սցենարին: Հիշեցի… 2009 թվականին որոշեցինք մի քանի երիտասարդ ռեժիսորներով հավաքվել և «սեր, գիշեր, Երևան» կապող բառերով ֆիլմեր նկարել, կցել իրար, և, եթե պատրաստ լինի՝ կինոթատրոններում ցույց տալ: Սկսեցինք սցենարներ ընդունել, մի մասը գրեց, մյուս մասը` ոչ: Ճիշտ է, այս գաղափարը չիրագործվեց, իրար գլխի չհավաքվեցինք, բայց քանի նոր ես արդեն մտել էի գործընթացի մեջ, և այն հետաքրքրում էր ինձ, որոշեցի ամեն ինչ անել, որ ֆիլմը ստեղծվի: Ֆիլմը նկարահանել ենք 2011 թվականին, մի քիչ ձգձգվելով` հասցրեցինք այս օրերին:
– Ձգձգվելու պատճառը ֆինանսական միջոցների սղությո՞ւնն էր:
– Այո, ուրիշ որևէ պատճառ չկա:
– Իսկ պատրաստվո՞ւմ եք «Դիալոգներ» ֆիլմը փառատոների ուղարկել:
– Ռեժիսորները կարող են իրենց ֆիլմերը շատ փառատոների ուղարկել և, բնականաբար, ուղարկում են, բայց հարց է` արդյո՞ք կվերցնեն իրենց ֆիլմը, թե՞ ոչ։ Միայն սրանից հետո արժե խոսել այդ մասին: Շատերն ուղարկում են իրենց ֆիլմերը և հայտարարում, որ ուղարկել են, և այլն: Ռեժիսորն ազատ է, կարող է իր ֆիլմը շատ փառատոների ուղարկել, բայց դա ոչինչ չի նշանակում: Եթե քո ֆիլմն ընտրված չէ, այդպես հայտարարելը մի փոքր մանկամտություն է և ծիծաղելի:
– Ձեզ համար որքանո՞վ է կարևորվում միջազգային կամ տեղական փառատոներին մասնակցություն ունենալը:
– Փառատոներին մասնակցություն ունենալը ռեժիսորի արտադրանքներին մեծ հնարավորություններ է տալիս։ Եթե դու կարողանաս միջազգային դաշտում short lister-ի մեջ լինել, ապա այն քո պրոֆեսիոնալ կարիերայի համար մեծ աճ կլինի, որովհետև այն որպես փաստ կընկալվի, և քեզ կսկսեն ուրիշ աչքով նայել։ Եթե չես ընկնում այդ lister-ի մեջ, բնականաբար, փառատոնային կյանքից, աղմուկից հեռու ես մնում։ Եթե դու ընկնես այդ ամենի մեջ, հնարավոր է, որ պրոդյուսերները նկատեն քեզ, հետաքրքրվեն։ Հայաստանի դեպքում հնարավոր է, որ ոչ մի բան էլ չփոխվի, որովհետև ինչքան էլ ֆիլմերդ ցուցադրվեն, և դա քեզ համար հաճելի լինի, միևնույն է, քանի որ կինոարտադրությունը մեզանում այնքան էլ զարգացած չէ, փառատոնը չի կարող քո պրոֆեսիոնալ կարիերային զարկ տալ։
– Ի՞նչ եք կարծում` հայերը տեղական արտադրության ֆիլմերի նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք ունեն։
– Փորձը ցույց է տալիս, որ մեր հանդիսատեսը կարող է հետաքրքրվել տեղական արտադրանքով։ Եթե ֆիլմդ գրագետ գովազդված լինի, հանդիսատեսը միանգամից կգա։ Այլ բան է, երբ դու նկարում ես հեղինակային ֆիլմեր։ Գումար շատ չունես և չես կարող քեզ թույլ տալ ֆիլմդ գովազդել, քաղաքը ֆիլմիդ ցուցանակներով զարդարել, և այլն։ Մյուս կողմից էլ՝ մարդիկ մտայնություն ունեն, թե հեղինակային ֆիլմը բարդ է և անհասկանալի. ամեն մարդ չէ, որ նեղություն կքաշի և կգա այդ ֆիլմը դիտելու։
– Կարճամետրաժ ֆիլմերը հրաշալի միջոց են ռեժիսորների ճանապարհը հարթելու համար, բայց մեզանում կարծես թե այդ ընկալումը չկա։ Կարճամետրաժ ֆիլմերը մեզանում քիչ են ցուցադրվում, գովազդվում և այլն, ներդրողներն էլ իրենց հերթին՝ չեն ցանկանում գումարներ տրամադրել…
– Չկա մի համակարգ, որը համակարգի այդ բոլոր արտադրությունները։ Կարծում եմ, ամեն դեպքում, մինչև լիամետրաժ ֆիլմ նկարելը շատ կարևոր է կարճամետրաժ ֆիլմ նկարել, քանի որ այդ շրջանում ռեժիսորն իրեն փորձարկում է, փորձում է հասկանալ ինքն իրեն, և այլն։
Կարճամետրաժ ֆիլմերը դաշտում լուրջ չեն ընկալվում, ներդրողներն էլ ներդրումներ չեն անում, քանի որ, ինչպես ես միշտ ասում եմ՝ կարճամետրաժ ֆիլմերում ներդրումներ անելը ռեժիսորի կարողությունների և ոչ թե արտադրության մեջ ներդրումներ անել է նշանակում։ Ներդրողը դրանից օգուտ չի ունենալու, և, եթե նա հետաքրքրված չէ կինոյի զարգացմամբ, ապա ինչի՞ համար պետք է դրա մեջ ներդրում անի։ Պաշտոնական կառույցներից բացի, ոչ մի ներդրող հետաքրքրված չէ։ Այսօր մտքի ճգնաժամ չկա, կա արտադրության ճգնաժամ։
– Դիանա, մի քանի ֆիլմեր ունեք, բայց կա՞ ինչ-որ ֆիլմ, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեք։
– Շատ մարդիկ առանձնացնում են իմ «Աշնան արև» ֆիլմը, բայց ինձ համար տվյալ պահին ամենահետաքրքիրը «Դիալոգներ» ֆիլմն է թվում։ Հետաքրքիր է` երբ ֆիլմը նկարում-վերջացնում ես, մոռանում ես, թե ինչպես ես այն նկարել։ Պրեմիերայի օրը մտածում էի` արդյոք այս ֆիլմը ե՞ս եմ նկարել։ Ոչ թե հիացական վերաբերմունք ունեի, այլ մտածում էի` ինչպե՞ս է հաջողվել այսքանը կազմակերպել, տեխնիկական և ստեղծագործական խումբն իրար գլխի հավաքել, և այլն։ Ինձ միշտ դա զարմացնում է, և երբ ստեղծագործական գործընթացից դուրս եմ գալիս, չեմ հավատում, որ ես եմ դա արել։
– Լիամետրաժ ֆիլմ նկարահանելու ցանկություն չկա՞։
– Իհարկե, կա։ Լիամետրաժ ֆիլմի պատրաստի սցենար ունեմ, հիմա փորձում եմ ֆինանսավորում գտնել։ Դեռևս շոշափելի ոչ մի ներդրում չկա, այդ պատճառով էլ ֆիլմի նկարահանումը հետաձգվում է։ Պահ է գալիս, երբ մարդը վառվում է։ Ինչպե՞ս է փոքր երեխան սպասում, որ՝ հես ա ջուր կխմի, գնում է, հասնում, որ խմի, բայց արդեն այնքան է սպասել, որ ջուրն իր կարևորությունը կորցրել է։ Այս պահն է վախենալու, երբ դու պատրաստ ես, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվում։ Հույս ունեմ` ամեն ինչ կստացվի։