«Այդպիսի դատավարական սոփեստությունը, հարգելի՛ դատարան, անթույլատրելի է». Վարդան Սեդրակյանի պաշտպան
Պարույր Հայրիկյանի վրա մահափորձի գործով դատական նիստն այսօր շարունակվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ դատավարության առաջին իսկ օրվանից իրենք մեղադրող կողմից չեն կարողացել ստանալ իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքերը.
«Այսինքն՝ այն ապացույցները, որոնք ընկած են հենց Սեդրակյանի, շեշտեմ՝ Սեդրակյանի, այլ ոչ թե՝ բոլոր մեղադրյալների մեղադրանքի հիմքում, ինչը կոնվենցիայի 6-րդ հոդվածով արգելված է»: Ըստ Սիրունյանի՝ մեղադրողը պարտավոր է հանգամանալից և մատչելի նշել մեղադրանքի հիմքերը. «Տվյալ դեպքում, մեր կարծիքով, հատուկ և դիտավորյալ, որովհետև այլ պատճառ չենք գտնում, մեղադրող կողմը մեղադրական եզրակացությունում շարադրել է բոլոր մեղադրյալներին բերող ապացույցները, այն էլ՝ խառը հերթականությամբ դրանց անունը դնելով՝ Սեդրակյանի, Հարությունյանի և Պողոսյանի մեղքը հիմնավորող ապացույցներ: Այդպիսի դատավարական սոփեստությունը, հարգելի՛ դատարան, անթույլատրելի է»: Պաշտպանը նաև նշեց, որ Վարդան Սեդրակյանը, արդեն 4-րդ դատական նիստն է՝ զրկված է պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ դատարանն, ըստ նրա, հետազոտում է մեղադրողի կողմից ներկայացված ապացույցները, մասնավորապես՝ տարատեսակ վկաների իրարամերժ, հակասական ցուցմունքները, իսկ իրենք այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչ կապ ունեն այդ ապացույցները Սեդրակյանի հետ:
Ըստ Սիրունյանի՝ մեղադրանքի հիմքում ընկած են վկաների ցուցմունքները, «որոնցով իբր ապացուցվում է Հայրիկյանի նկատմամբ կրակոցներ արձակելու և դեպքի ժամին վնասվածք ստանալու հանգամանքը», որը կապ չունի Սեդրակյանի հետ:
«Մեղադրանքի հիմքում ընկած են մեղադրյալ Հարությունյանի ցուցմունքը, համաձայն որի՝ Սեդրակյանը պատվիրել է Հայրիկյանին վախեցնել, սակայն վախեցնելուն ուղղված կրակոցով անզգուշաբար վնասվածք է պատճառվել Հայրիկյանին: Մեկը հարցնի, թե վախեցնելը Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածով է նախատեսված: Մեղադրյալ Պողոսյանի ցուցմունքը, համաձայն որի՝ Հարությունյանը նրան ասել է, որ Սեդրակյանն էլ իրեն է ասել, որ Հայրիկյանին վախեցնել է պետք, որը Պողոսյանը փորձել է իրագործել, սակայն արձակված գնդակները պատահաբար կպել են Հայրիկյանին: Եվ չորրորդ խումբ ապացույցները, որոնք ներկայացվել են, դա փորձագետի եզրակացություններն են տարաբնույթ»,- ասաց Սիրունյանը: Նա նշեց, որ դեպքից 1 ժամ անց հիվանդանոց ընդունվելու ժամանակ Հայրիկյանի արյան ճնշումը եղել է 100/60, իսկ պուլսը՝ 70 զարկ, ինչը չի լինում արյան կորուստ ունեցած մարդու մոտ. «Հատակից հայտնաբերված երկրորդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, իր վրա արյան հետքեր չի պարունակում: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ կապ ունի Սեդրակյան Վարդանի հետ: Հատակից հայտնաբերված երկրորդ գնդակը, որով իբր պատճառվել է երկրորդ վնասվածքը, չի պարունակում նաև ածխածնի հետ շփման հետքեր, թեև կրակվել է: Հայրիկյանի կարճաթև վերնաշապիկի և անթև շապիկի վրա հրազենային վնասվածք չկա: Ձեր բերված ապացույցն է (դիմում է մեղադրող Արամ Ամիրզադյանին): Երկրորդ կրակոցի հետևանքով հագուստի աջ մասում 7.62 մմ տրամաչափի գնդակի ներթափանցման արդյունքում առաջացել է գնդակից անգամ մեծ անցք, էլ չենք ասում, որ Պողոսյանի կնոջ կողմից հանձնված 5 փամփուշտներն ատրճանակում երբեք չեն գտնվել, իսկ Պողոսյանի վերարկուի, թևերի վրա կրակոցի արգասիքներ չկան»,- գործից որոշ մանրամասներ ներկայացրեց Վարդան Սեդրակյանի պաշտպանը: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանն էլ ի պատասխան նշեց, որ իր մոտ տպավորություն ստեղծվեց, թե պաշտպան Սիրունյանը շփոթել է դատավարության փուլերը և անցել ճառերի:
Դատական նիստի ընթացքում Ալեքսանդր Սիրունյանը հանդես եկավ միջնորդությամբ, որտեղ նշվում էր, որ Արամ Ամիրզադյանը գործով պատշաճ դատախազ չէ: Ուստի Սիրունյանը միջորդեց Գլխավոր դատախազությանն առաջարկել ապահովել դատախազ Հովսեփ Սարգսյանի մասնակցությունը գործի քննությանը: Վերջինս նախաքննության սկզբնական շրջանում իրականացրել է գործի հսկողությունը, այնուհետև նրան փոխարինել է դատախազ Արամ Ամիրզադյանը: Դատարանում դատախազը կրկին անգամ ասաց, որ ինքը գործով պատշաճ դատախազ է: Դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 12-ին. նիստի ընթացքում նախատեսվում է հարցաքննել գործով տուժող Պարույր Հայրիկյանին: