ՆԱՏՕ-ն շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. Ջեյմս Ափաթուրայ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն մտադիր է ամրագրել իր հարաբերությունները Հարավային Կովկասի երկրների հետ և հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի շուտափույթ:

Այս մասին այսօր Պյատիգորսկ-Բրյուսել հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը.

«Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար և Ռուսաստանի համար շատ կարևոր ուղղություններ են: Այդ երկրները ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Ռուսաստանի հետ: Դա հատկապես վերաբերում է խաղաղապահ ակտիվությանը: Ընդգծում եմ, որ խաղաղապահ գործունեության հարցում մենք որևէ մրցակցություն չենք տեսնում Ռուսաստանի հետ:

Հայաստանը ներկայումս փորձում է միավորել միջազգային տարբեր կազմակերպությունների՝ Ադրբեջանի հետ խնդրի կարգավորման համար: Ադրբեջանը Ռուսաստանից ավելի անկախ է իր արտաքին քաղաքականությունում, և մենք նրա հետ ունենք համագործակցության ընդարձակ ծրագիր:

Դա նախկին ռազմադաշտերի ականազերծումն է, էներգետիկ ոլորտում համագործակցությունը: Կարծում եմ, որ կարող ենք անել նաև ավելին: ՆԱՏՕ-ն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուտափույթ կարգավորմամբ:

Չի կարելի թերագնահատել երկար ժամանակ քողարկված այդպիսի հակամարտություններից բխող վտանգը: Փորձը ցույց է տալիս, որ դա որևէ լավ բանի չի հանգեցնում: Եթե իրավիճակը թողնվի այդպիսին, ապա բնակչությունը կապաինտեգրվի, կշարունակի թշնամանքը:

Դրա հետևանքով կարող են շփման գծում գրանցվել փոխհրաձգություններ: Լարվածությունն աճում է, հետո անկում է ապրում, երբեմն են բռնկումներ են լինում: Այդ շատ վտանգավոր իրավիճակը մենք անվանում ենք «սառեցված հակամարտություն»:

Այդպիսի հակամարտությունները լուրջ հետևանքներ ունեն հարակից երկրների, տվյալ դեպքում ասենք Ռուսաստանի համար, Եվրոպայի համար նույնպես: Այդպիսի հակամարտությունները շատ վատ են ազդում էներգետիկ ոլորտի վրա, այդ պատճառով էլ տվյալ խնդիրը պահանջում է միջազգային հանրության համակ ուշադրություն»:

Տեսանյութեր

Լրահոս