
Իրանը պատրաստ է հետ վերցնել Ռուսաստանի դեմ ներկայացրած հայցը

Irib News-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը կարող է խուսափել Իրանի հայցից, եթե կատարի C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ պայմանագրի կետերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ Ռեզա Սաջադին.
«Ներկայումս Շվեյցարիայի դատա-իրավական ատյաններում անցկացվում են դատական գործընթացներ: Ջանքեր են գործադրվում ռուսական կողմի հետ հաշտեցման պայմանագրի ստորագրման ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ C-300-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրն Իրանի ու Ռուսաստանի միջև կնքվել է 2007 թվականին և գնահատվել է 800 միլիոն դոլար, 2010 թվականի հոկտեմբերին Ռուսաստանը չեղյալ հայտարարեց այն՝ դա պատճառաբանելով Իրանի դեմ ՄԱԿ ԱԽ-ի սահմանած պատժամիջոցներով և Իրանին հետ վերադարձրեց նրա տված 167 միլիոն դոլար կանխավճարը:
Դրանից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ ընդդեմ Рособоронэкспорт-ի և պահանջեց 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: