Դավիթ Հակոբյան. «Արտգործնախարարը` «թռի, վռի մի ճպուռ»…բայց արդյունք չենք տեսնում»

«Իշխանությունները կարծում են, թե ընտրարշավները հետևում են և կարելի է հեշտությամբ ևս 5 տարի «սրոկ ատբիտ» անել` առանց որևէ վտանգների, չարաչար սխալվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

Վերջինս խոսեց հիմնականում Հայաստանի արտաքին խնդիրների և դիվանագիտության մասին` նաև նշելով, որ այսօր վտանգված է «ազգի և ժողովրդի կենսաբանական անվտանգությունը»:

«Որո՞նք են այն երկու գերագույն խնդիրները, որ իշխանություններն այդպես էլ անփութորեն, ծուլորեն անտեսում են և ուզում են ուղղակի 5 տարի ժամանակ անցկացնել, բայց թե չորրորդ նախագահի վրա ինչպիսի դիվանագիտական և տնտեսական բեռ կմատուցվի, դա նրանց հետաքրքիր չէ: Առաջին գերխնդիրը, որն այսօր արդիական է` հատկապես երկու հանրապետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և Քերրի հանդիպման արդյունքում, մնում է արցախյան հիմնահարցի դիվանագիտական հայեցակարգի խնդիրը»,- նշեց Հայաստանի գլխավոր մարքսիստը:

«Արցախյան հիմնահարցի դիվանագիտությունը, կարծում եմ, վերջնականապես տանուլ է տրված: Եվ սա ասում ոչ թե վայնասուն բարձրացնելու համար, իշխանություններին թքելու, մրոտելու համար, այլ մի անգամ ևս ուզում եմ զորավիգ լինել` ինչ անել, որովհետև քաղաքական գործչի խնդիրը պարսավելը չէ: Արտգործնախարարը` «թռի, վռի մի ճպուռ», «Фигаро там, Фигаро тут», գանձարանի վրա դա նստում է ահավոր գումարներ` միլիոններ և միլիարդներ, բայց արդյունքը չենք տեսնում: Անգամ տեսական առումով չեն ուզում կիսվել ժողովրդի հետ, թե ի՞նչ են անում, ի՞նչ են ուզում անել: Նախագահը` որպես գլխավոր դիվանագետ, ստրատեգ, իր բարձրության վրա չէ: Արտգործնախարարին ավելի շատ խորհուրդ կտայի զբաղվել ուսուցչությամբ, դասատու մի տեղ` անգլերեն, ֆրանսերեն, բայց ոչ դիվանագետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը` արցախյան հիմնախնդրի դիվանագիտությունը որակելով որպես «պարտվողական և պարտադրվող դիվանագիտություն»:

Կարդացեք նաև

Դ. Հակոբյանը ընդգծեց, որ 20 տարվա ընթացքում հայկական դիվանագիտությունը որևէ արդյունքի չի հասել այդ հարցում:

«20 տարի դիվանագիտությունը տեղում դոփում է, Մադրիդյան սկզբունքներ և ոչինչ ավելին»,- ասաց նա:

«Այսպես, թե այնպես կարծում եմ, որ անհրաժեշտ են նոր դիվանագիտական ուղեղներ, նոր արտաքին գործոց նախարար, եթե նախագահն իր դիվանագիտական գլխավոր ստրատեգի դերում չէ: Ուրեմն բարի եղեք լուրջ ուղեղներ համախմբել: Բանը հասավ նրան, որ արդեն մեր ռազմավարական գործընկերն է արդեն հրամցնում 5 շրջանները վերադարձնելու հարցը»,- ավելացրեց Դ. Հակոբյանը` որպես նոր հայեցակարգ առաջարկելով. «Հայաստանի դուրս է գալիս բանակցային գործընացից և իր տեղը` որպես գլխավոր կոնֆլիկտող, բանակցող, իր տեղը զիջում Արցախի հայկական հանրապետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս