Բաժիններ՝

Ինչու տեղի ունեցավ պոռթկումը Թաքսիմում, և դեպի ուր է գնում Թուրքիան

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ

 

– Պարոն Տեր-Մաթևոսյան, այն, ինչ տեղի ունեցավ մի քանի օր առաջ Թուրքիայում, արդյոք սպասելի՞  էր փորձագետների կողմից: Այդ ընդվզումներն ավելի շատ բխում էին ներքաղաքակա՞ն տրամաբանությունից, թե՞ նաև տարածաշրջանային իրավիճակից:

– Նմանատիպ պոռթկում սպասում էի, որ վաղ թե ուշ լինելու էր: Եթե նայում ենք բողոքի ցույցերի մասնակիցների կազմին, նրանց պահանջներին, ապա միանշանակ պարզ է դառնում, որ դրանք գերազանցապես Էրդողանի կառավարության քաղաքականությունից դժգոհ և երկրի կառավարման լծակներից հեռու շարժումներն են: Այդուհանդերձ, ժամանակային առումով այն մի փոքր անակնկալ էր: Եթե նայենք ցույցերի աշխարհագրությանը, իհարկե, այն ամբողջ Թուրքիան է ընդգրկել, բայց ավելի ակտիվ են երկրի այն հատվածները, որտեղ ժամանակին հաղթանակ են տարել ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը, այսինքն` Թուրքիայի արևմտյան և հարավային ափերը` Էգեյան և Միջերկրական ծովեր: Այս հատվածը, հատկապես՝ մի քանի քաղաքներ, ավանդաբար համարվում են Հանրապետական-ժողովրդական կուսակցության վստահելի հենակետերը, խոսքը  հատկապես վերաբերում է Իզմիր քաղաքին, որը երբեք չի անցել իսլամականների ձեռքը: Կա նույնիսկ մի անեկդոտային ասացվածք այդ մասին, որը պատմում են ծովափնյա շրջանների բնակիչները. ասում են, որ ծովափնյա շրջանների բնակիչները շատ են ձուկ ուտում, այդ պատճառով խելացի են, հետևաբար` իրենք Էրդողանին երբեք ձայն չեն տա:

Կարդացեք նաև

Վերջին զարգացումներում առկա է նաև խորհրդանիշերի պատերազմ, քանի որ Թաքսիմի հրապարակի խորհրդանշական կարևորությունը չափազանց մեծ է, բայց դրան նաև գումարվում է այն, որ իսլամականները մշտապես փորձում են Թաքսիմում կամ դրա շրջակա տարածքում կառուցել իրենց խորհրդանիշերից մեկը, քանի որ այն Հանրապետական Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի «անքննելի տարածքն» է համարվում, քեմալիզմի էպիկենտրոնը: Գեզի այգին անմիջապես հրապարակի տարածքում է գտնվում, այստեղ պետք է նշել, որ այդ տարածքում գտնվող զորամասը քանդվել էր 1940 թ., և դա արվել էր կանաչ տարածք ստեղծելու նպատակով: Բայց այժմ Էրդողանը, փաստորեն, երկու խնդիր է փորձում լուծել. վերականգնել օսմանյան ժամանակաշրջանին հարիր խորհրդանիշը, այն դարձնել պատկերասրահ, և երկրորդը` Թաքսիմի հրապարակից ոչ հեռու կառուցել մզկիթ: Եթե ուսումնասիրենք Թաքսիմի հրապարակը, այնտեղ իսլամին հարիր որևէ խորհրդանիշ չկա. հրապարակում 1927 թ. կառուցված, Աթաթուրքին նվիրված հուշարձանն է, դրա ետևում գտնվում է Աթաթուրքի մշակութային կենտրոնը, աջ մասում մի հսկայական, չքնաղ կաթոլիկ եկեղեցի է, և շրջակայքում որևէ մզկիթ կամ մինարեթ չի երևում: Դա մշտապես հուզել է իսլամականներին, և 1994 թ., երբ Էրդողանը նոր էր ընտրվել Ստամբուլի քաղաքապետ, ձգտում էր դա անել, և անգամ հիմա այն մզկիթը, որն ուզում է կառուցել, հետևյալ նպատակն է հետապնդում, որ Ստամբուլի տարբեր հատվածներից երևան այդ մզկիթի մինարեթները: Այսինքն` խորհրդանշական էին այն տարածքները, որտեղ տեղի ունեցան ցույցերը:

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա ես հակված չեմ այստեղ աշխարհաքաղաքական ենթատեքստ փնտրել, թեև Էրդողանը տեղի ունեցած վերջին մամուլի ասուլիսում ակնարկեց այդ մասին` Հետախուզական ծառայությանը հրահանգելով փնտրել օտարերկրյա հետքեր: Այնպես որ, նայելով ընդհանուր պատկերին` կարող ենք մի բան նշել` եթե անգամ աշխարհաքաղաքական գործոնը կա, ապա այն նվազագույնն է և ընդհանուր բողոքի մաս է կազմում: Երկրորդը` տեղի ունեցածը որոշակի առումով սպասելի էր, ժամանակային առումով` ոչ:

– Պետք է նկատել, որ նման բռնկումների ժամանակ, ինչպես եղավ արաբական երկրներում, այնպես էլ արդեն այսօր Թուրքիայում միշտ քննարկվում է, այսպես ասած, դավադրության տեսությունը` հատկապես Արևմուտքի միջամտության առումով:  Որքանո՞վ սա կարող է իրատեսական լինել:

Թուրքերը դավադրության տեսության չգերազանցված մասնագետներ են. Թուրքիայի թե՛ ակադեմիական, թե՛ գիտական, թե՛ քաղաքական շրջանակներն այդ առումով նախանձելի են և ապրել են այդ դավադրության տեսություններով, սկսած Հանրապետության հիմնադրումից` մինչև մեր օրերը: Եվ դավադրության տեսություններին դիմում են նրանք, ովքեր այս կամ այն կերպ սպառել են ներքին լուսաբանման ռեսուրսները, հետևաբար` ամենահեշտ միջոցն օտար պատճառ փնտրելն է: Գուցե ինչ-որ տեղ Սիրիայի հետ կապված հանրային ընդվզման կապ կարող ենք տեսնել, որովհետև Ռեհանլիում տեղի ունեցած զույգ պայթյունները, դրանից առաջ ռմբակոծիչների կործանումը, պարբերաբար տեղի ունեցող սահմանային հրետակոծություններն, ընդհանուր առմամբ` Թուրքիայի մոտ 100 քաղաքացու կյանք են խլել, այսինքն` Թուրքիայի հասարակության ներսում նաև որոշակի կուտակված դժգոհություն կա ընդդեմ վարչապետ Էրդողանի և արտգործնախարար Դավութօղլուի գերագնահատված արտաքին քաղաքականության, բայց դա՝ խիստ խորը վերլուծության դեպքում: Ցուցարարները չունեն մեկ միասնական պահանջ, ամեն ինչ շատ խառնիճաղանջ է, գերազանցապես պահանջում են, որ հրաժարական տա Ստամբուլի նահանգային ոստիկանապետը, Ոստիկանության կողմից արցունքաբեր գազ չօգտագործվի, և նմանատիպ պահանջներ: Իհարկե, շարժման մեջ կան շերտեր, ովքեր պահանջում են Էրդողանի հրաժարականը, բայց, կարծում եմ, դա բավական անիրատեսական է, և դրանք մարգինալ պահանջներ են, որոնց Էրդողանը դժվար թե տուրք տա:

– Կա նաև կարծիք, որ այս իրավիճակում ամենից շատ շահեց Թուրքիայի նախագահ և Էրդողանի կուսակից Ա. Գյուլը, ով ճիշտ կեցվածք ընդունեց և դատապարտեց ցուցարարների նկատմամբ բռնության գործադրումը:

– Ա. Գյուլը մշտապես առանձնացել է իր քաղաքական ձեռագրով: Էրդողանը, ի տարբերություն Գյուլի, ճգնաժամերի կառավարման յուրօրինակ ձեռագիր ունի, թեև ոմանք ասում են` Էրդողանն այս ճգնաժամից շատ ավելի ուժեղ դուրս կգա` միևնույն ժամանակ մատնանշելով, որ Գյուլն էլ իր ավելի հանգիստ ու չափավոր հայացքներով ու վարքագծով իր դերն է կատարում: Եվ այս երկուսն իրար փոխլրացնում են: Գյուլ-Էրդողան հակասությունները, որոնք ժամանակ առ ժամանակ սրվում են, կամ փորձ է արվում այդպես ցուցադրել, այս անգամ էլ երևացին, որովհետև Գյուլն, ըստ էության, հանգստության կոչ է անում, մինչդեռ Էրդողանը բացեիբաց հայտարարում է. «Եթե ցուցարարները շարունակեն, ես Թուրքիայի բնակչության 50 տոկոսին դուրս կբերեմ նրանց դեմ»: Այսինքն` հրահրիչ, գրգռող կոչեր են, որոնք, բնականաբար, հղի են վտանգներով: Մինչդեռ շատերն էլ կարծում են, թե հենց այդ կոչերից հետո հնարավոր եղավ ցուցարարների ալիքը մեղմել: Այդ ցույցերի մեջ մի վտանգավոր շեմ կա, և եթե նրանք այդ շեմն անցան, հնարավոր է` նաև Էրդողանի աջակիցները թեքվեն նրա դեմ, և այդ շերտն իսլամականներն են: Օրինակ` ցուցարարների մեջ գլխաշորով կանայք շատ քիչ էին, այսինքն` այնտեղ գերազանցապես ձախ կողմնորոշման` սոցիալիստական ուղղության ուժեր էին, ցուցարարների մեջ են  նաև քրդական ուժերը, ինչպես նաև Հանրապետական-ժողովրդական կուսակցության ներկայացուցիչներ, որոնք, ի դեպ, ժամանակին կողմ էին քվեարկել Գեզիի այգում վերոհիշյալ շենքի կառուցմանը, բայց հիմա հանդես են գալիս ցուցարարների կողմից:

– Հայտնի է,  որ իսլամական շարժումները Թուրքիայում սկսեցին վերելք ապրել դեռևս 1950-ականներից, որի արդյունքում՝ 1996 թ. նախ իշխանության եկավ Նեջմեթին Էրբաքանի առաջնորդած «Բարօրություն» կուսակցությունը, իսկ մի քանի տարի անց` դրա գաղափարական ժառանգորդ «Արդարություն և զարգացումը»: Այսօր ընթացող զարգացումները որքանո՞վ են արտահայտում աշխարհիկ և իսլամական գաղափարախոսությունների պայքարը Թուրքիայում:

Այս հարցադրումը ևս առաջին հարցի պատասխանն է իր մեջ պարունակում: Ի՞նչ նկատի ունեի, երբ ասացի, որ նման պոռթկումը սպասելի էր, դա գերազանցապես աշխարհիկ քեմալականների ընդվզման վերջին փորձերից մեկն է, որովհետև նրանք հասկանում են, որ Էրդողանն իսլամականություն-աշխարհիկություն բախումը շահել է, երկիրն ինտենսիվ ձևով գնում է դեպի պահպանողական արժեքներ, դեպի իսլամականացում, իսլամական խորհրդանիշերի գերակայություն հանրային վայրերում: Դրա օրինակները բազում են, հետևաբար` այստեղ տեսնում ենք քաղաքական, գաղափարախոսական պայքարի ինչ-որ նոր շերտ: Բայց քեմալականները չափազանց թուլացած են, նրանց միջուկը` զինվորականները, բանտերում են, ազատազրկված են տասնամյակներ շարունակ քեմալիզմի ջատագովները եղած լրագրողները, իսկ ԶԼՄ-ները հսկողության տակ են: Այսպիսով, ստեղծվել է հսկայական ցանց, որի դեմ աշխարհիկներն անկարող են համահունչ կերպով պայքարել: Եվ Էրդողանն այս իրավիճակում առավել, քան վստահ է իրեն զգում: Նրա համար կարևոր է, որպեսզի ցույց տա, որ ինքը Թուրքիայի անգերազանցելի ղեկավարն է:

– Նախորդ շաբաթ Հայաստան այցելած ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը, կոպիտ ասած` հայերին վախեցնելով Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ համագործակցող իսլամիստներով` հայտարարեց, որ Թուրքիան արդեն վաղուց հեռացել է քեմալականությունից և գնում է դեպի խալիֆայություն: Որքանո՞վ է այս տեսակետն արժանահավատ:

– Տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանի քաղաքական էլիտային կից որոշ ակադեմիական շրջանակներ իրենց հացն ու ջուրը վաստակում են նմանատիպ սուտ, երկրագիտական գիտելիքներից զուրկ ապատեղեկատվության կամ սխալ վերլուծության տարածմամբ: Գիտեք, նման հայտարարություն անելու համար առնվազն երկու որակներ պետք է ունենաս` համապատասխան երկրագիտական և պատմաքաղաքական գիտելիքներ: Այդ հայտարարության մեջ ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեմ տեսնում, հետևաբար` դա անգամ չի կարելի լուրջ ընդունել: Դա Կուրղինյանի անձնական կարծիքն է` պրոֆեսիոնալիզմից զուրկ, ուստի թողնենք, որ նա զբաղվի իր գործով, և եթե խալիֆայության մասին դիտարկումներով շատ է մտահոգված, թող մտահոգվի Հյուսիսային Կովկասի խալիֆայություններով, որովհետև նրանք են անմիջական սպառնալիքը Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությանը, այլ ոչ թե Թուրքիայի` խալիֆայության վերածման հնարավոր հեռանկարը:

– Այսպիսով, դեպի ո՞ւր է գնում Թուրքիան, Թուրքիայի քաղաքականությունը, և ո՞ր ուժերի հաղթանակն է հավանական 2014 թ. նախագահական ընտրություններում, մասնավորապես` ավելի լիբերալ համարվող Գյուլի և պահպանողական Էրդողանի պայքարի շրջանակներում: Ո՞վ է ավելի շահեկան Հայաստանի և Հայկական հարցի համար:

Եթե դիտարկենք հարցը Հայաստանի համար, պետք է խոսենք ինչ-որ իդեալիստական սցենարների մասին, սակայն, եթե ավելի իրատեսականորեն դատենք Թուրքիայի ներքին իրավիճակը, ապա պետք է նշենք, որ ընդդիմությունն առավել պառակտված է, քան երբևէ, այսինքն` ակնկալել, որ ընդդիմության շարքերից ինչ-որ մեկը կարող է գալ իշխանության, այս պահին պարզապես անիրատեսական է հնչում: Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը` նրա ղեկավար Քըլըչդարօղլուի հետ միասին, բավական թույլ վիճակում են գտնվում, հեղինակազրկված, Քըլըչդարօղլուն ինքն ունի խնդիրներ կուսակցության մեջ, և նա ունակ չէ նման դեր ստանձնել: Ազգայնականներն ընդհանրապես թույլ են: Հաջորդ երկու տարիներին` 2014-15 թթ., Թուրքիայում տեղի են ունենալու երեք ընտրություններ և առնվազն մեկ հանրաքվե: Այսինքն` Էրդողանին և նրա կուսակցությանը բավական լուրջ քննություն է սպասվում: Ըստ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կանոնադրության` Էրդողանն այլևս իրավունք չունի ընտրվելու վարչապետ, սա նշանակում է, որ նա ցանկություն ունի նախագահ դառնալ, և դրա մասին առնվազն մի քանի անգամ ուղղակի կամ անուղղակիորեն ակնարկել է: Գյուլը ևս իրավունք ունի առաջադրվելու: 9 ամիս անց կկայանան ՏԻՄ ընտրությունները, և վերջին 10 տարիների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ԱԶԿ-ն ՏԻՄ ընտրություններում շատ ավելի վատ է հանդես գալիս, այսինքն` նրա քաղաքական աջակցությունն ավելի թույլ է, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և ենթադրում եմ, որ այս անգամ ևս էականորեն կնվազեն նրան տված քվեները: Հաջորդ օգոստոսին տեղի են ունենալու նախագահական ընտրությունները, և Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդն ուղղակի քվեով է ընտրելու երկրի նախագահին: Կարծում եմ, որ Գյուլը և Էրդողանը երբեք չեն առաջադրվի միմյանց դեմ, և, եթե այս գործընթացները տանեն այնպիսի ուղղությամբ, որ Էրդողանը զգա, որ իր առաջադրումը հղի է մի շարք այլ ներքաղաքական ցնցումներով, նա հետ կկանգնի իր նախագահական ծրագրից, իր կուսակցության մեջ կանոնադրական փոփոխություն կանի և նորից կառաջադրվի վարչապետ: Բայց եթե նկատի ունենանք նրա քաղաքական գործունեությունը, նա հետընթացներ չի անում, գիտի, որ դա հղի է քաղաքական հետևանքներով, և կարող է պարզապես իր համար քաղաքական գերեզման փորել: Բացի այդ` 2014 թ., ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նաև Սահմանադրության հանրաքվե: Էրդողանը մեծ վստահություն ունի, որ իրեն կհաջողվի համոզել բնակչությանը` հանրաքվեի դնել Սահմանադրության այն նախագիծը, որն ինքն է ցանկանում, իսկ 2015 թ. հունիսին կկայանան խորհրդարանական ընտրությունները, որոնք, կարծում եմ, այս անգամ ևս հետաքրքիր կլինեն. շատ բան կախված է նրանից, թե ինչպես դրան կկարողանա պատրաստվել ընդդիմությունը: Սա ընդհանուր քաղաքական մասն է:

Վերադառնանք գաղափարախոսական ասպեկտին, քանի որ հարցի մեջ կար նման ակնարկ: 2011 թ. Թուրքիան մշակեց իր «Թիրախ 2023» ծրագիրը, որը երկրի մոտակա միջնաժամկետ ծրագիրն է` մինչև 2023 թ., այսինքն` 2023 թ. Թուրքիան նպատակ ունի դառնալ աշխարհի 10-րդ ամենամեծ տնտեսությունը, տարածաշրջանում դառնալ աշխարհաքաղաքական կարևորության կամրջող պետություն, իսկ ավելի հեռագնա նպատակը 2071 թվականն է` Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակի, այսինքն` Թուրքիայի իշխանությունն առաջարկել է պատմաքաղաքական տեսլական-թիրախ և փորձում է հասարակությանն ուղղորդել: Ընդհանրապես, Էրդողանն իշխանության գալու հաջորդող ժամանակաշրջանում իր նկարը մշտապես պատկերում էր Քեմալի հետ, որպեսզի այդ երկու կերպարների շուրջ հանրության ընկալումը լինի հավասարաչափ: Եվ այժմ որոշ շրջանակներ նշում են, որ Էրդողանը, Աթաթուրքից հետո, երկրի ամենամեծ քաղաքական գործիչն է, ավելին` կա կարծիք, որ եթե Էրդողանը մի քանի տարի էլ այսպես շարունակի, ապա շատ հավանական է` անգամ Աթաթուրքին գերազանցի իր պատմաքաղաքական կարևորությամբ:

Իսկ թե ներքին առումով ուր է գնում Թուրքիան, ապա կարելի է ասել` գնում է դեպի պահպանողականություն` ավելի մեծ քայլերով, քան մի քանի տարի առաջ էր: Դա երևում է թե՛ փողոցներում, թե՛ օրենսդրական դաշտում: Օրինակ` մի քանի օր առաջ ընդունվեց օրենք, որ ալկոհոլի վաճառքը սահմանափակվում է, և Էրդողանն ալկոհոլ օգտագործողներին անգամ ալկոհոլիկ անվանեց: Նույնը նաև վերաբերում է նրա հայացքներին` ընտանիքի պլանավորման հարցերում. մշտապես քարոզել է, որպեսզի ընտանիքում 3-ից պակաս երեխաներ չլինեն: Երբ երկրի ղեկավարը քաղաքացիների վարքագիծն է կարգավորում, ղեկավարում է նրա նիստուկացի բարոյական և հակաբարոյական ասպեկտները, ապա այդ ղեկավարը ժողովրդավարության ընկալումների հետ լուրջ խնդիրներ ունի:

Այսպիսով, անկախ նրանից, թե ինչ ավարտ կունենա այս ամենը, թեև ես կարծում եմ` գործընթացները դուրս չեն եկել իշխանությունների վերահսկողության շրջանակներից, հնարավոր են որոշակի փոխատեղումներ, որոնք ավելի շատ ռազմավարական բնույթի են, որովհետև սա ցույց տվեց, որ Էրդողանի իշխանության դեմ կա պայքարող մի զանգված, որում գերակշռում են երիտասարդները: Նրանք լավ կրթություն ստացած, 20-30 տարեկան մոբիլ երիտասարդությունն են ներկայացնում, նրանց բողոքն ամենևին էլ սոցիալական հիմքի վրա չէ, նրանք ավելի շատ քաղաքական և գաղափարական խնդիրներ են առաջ քաշում: Սա շատ բաների մասին է խոսում. այս զանգվածը` համապատասխան առաջնորդի առկայության դեպքում, կարող է էականորեն վտանգել Էրդողանի ծրագրերը: Բայց Էրդողանն էլ հեշտությամբ չի զիջի իր դիրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս