Հատուկ դպրոցի տնօրենի արձագանքը ՄԻՊ-ին. «Երեխաների նկատմամբ բռնություն չի կիրառվում»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 դպրոցի վերաբերյալ: Հայտարարությունում խոսվում է ՄԻՊ աշխատակազմի բացահայտած մի շարք խախտումների մասին: 168.am-ը պաշտպանի անձնակազմի արձանագրած խախտումների վերաբերյալ զրուցեց դպրոցի տնօրեն Լյովա Հովհաննիսյանի հետ: Ըստ ՄԻՊ-ի՝ թեև դպրոցը նախատեսված է մտավոր թերացում ունեցող երեխաների համար, այնուամենայինիվ, դպրոցում սովորող երեխաների մոտ 30 տոկոսը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից գնահատվել են որպես հանրակրթական դպրոցի սան: Տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցում նման 6 երեխա է սովորում: «Մեկ-մեկ նստեցինք, նայեցինք, համոզվեցինք, որ ընդամենը 6 աշակերտ են, որն ընդհանուր թվաքանակի 30 տոկոսը ոչ մի կերպ կազմել չի կարող: Նրանք հին աշակերտներ են, նոր ընդունվածներ չեն, որոնց ծնողների հետ աշխատանքները տարվում են, որ իրենք էլ գնան, բայց դուք գիտեք՝ «Հանրակրթության մասին» օրենքով ծնողն է միայն որոշում, թե երեխան որտեղ է ցանկանում սովորել, իսկ ես իրավունք չունեմ երեխա ազատելու դպրոցից: Դուք գիտեք՝ ըստ «Հանրակրթության մասին» օրենքի»:
Լյովա Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ՄԻՊ այն հայտարարությանը, որ դպրոցի ուսուցիչներին պարտադրում են յուրաքանչյուր տարի ապահովել գոնե մեկ երեխայի ներգրավում ուսման մեջ՝ աշխատանքից ազատման սպառնալիքով: Աբովյանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 դպրոցի տնօրենը նշեց, որ այդ դեպքում դպրոցում այժմ ընդամենը 49 աշակերտ չէր լինի. «Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Ենթադրենք, հենց այնպես նստենք, մի րոպե մտածենք՝ ինչ է դա նշանակում: Ինչպե՞ս կարող է տնօրենը պարտադրել մի երեխա բերել: Ինչպե՞ս բերի երեխա: Ի՞նչ է նշանակում երեխա բերել: Եթե մի երեխա բերի, այսօրվա դրությամբ դպրոցում ավարտողներից հետո ընդամենը 49 աշակերտ կմնա՞»: ՄԻՊ հաղորդագրությունում նաև ասվում է, որ դպրոցի որոշ ուսուցիչների որակավորումը չի համապատասխանում նրանց կողմից դասավանդվող առարկաներին. «Դեպքեր են արձանագրվել, երբ միևնույն ուսուցիչը դասավանդում է միաժամանակ իրար հետ կապ չունեցող երեք առարկա»: Մարդու իրավունքների պաշտպանի այս դիտարկմանը Լյովա Հովհաննիսյանն արձագանքեց, որ դպրոցում բոլոր ուսուցիչներն անցնում են վերապատրաստումներ, այնուհետև՝ ատեստավորում. «Նման բաները չեն կարող տեղի ունենալ դպրոցում: Խոսքը եղել է մի ուսուցչի վերաբերյալ, որն արդեն կարելի է ասել՝ թոշակային տարիքի ուսուցիչ է: Այս ուսուցիչը տարիներով պարապում է բնագիտություն, կենսաբանություն և աշխարհագրություն՝ բնագիտական հարակից առարկաներ: Ինչու՞ պետք է աշխարհագրություն պարապի, նրանք էին մեզ հարցնում: Որովհետև այդ ուսուցչուհին 3-4 տնօրենի օրոք աշխատել է այս դպրոցում, ամենահին աշխատողներից մեկն է, և այդ երեք առարկաների ընդհանուր ժամաքանակը, եթե գումարվում է իրար, ստացվում է 16 ժամ, որը 1 դրույք էլ չի անում: 1 դրույքը կազմում է 22 ժամ, իսկ որ ասում են՝ դա խախտում է, ես դա խախտում չեմ համարում, որովհետև հարակից բնագիտական առարկա է: Օրենքն էլ ասում է՝ եթե 5 տարի ուսուցիչը դպրոցում աշխատում է, նա իրավունք ունի դպրոցում աշխատելու: Ինձ հարցնում են՝ բա լավ՝ ինչու՞ աշխարհագրություն: Ասում եմ՝ որովհետև միշտ աշխարհագրություն է պարապել: Բա կարո՞ղ է 5 տարի աշխահագրություն պարապի, հետո գնա ֆիզկուլտուրա պարապի»:
Լյովա Հովհաննիսյանը անդրադարձավ նաև ՄԻՊ աշխատակազմի այն հայտարարությանը, որ ծնողների կողմից մի շարք բողոքներ են ստացվել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հետ կապված: Այս հայտարությունը հատուկ դպրոցի տնօրենը որակեց որպես ծայրից ծայր հերյուրանք. «Նման բան չի կարող լինել: Նման դեպքեր չի եղել դպրոցում և չի կարող լինել: Մենք երեխաների նկատմամբ ուշադիր և հոգատար ենք շատ ավելի, քան ընտանիքներում»:
«Մեր աշխատանքային խումբը տեղում արձանագրեց, որ չնայած վերանորոգված սանհանգույցների առկայությանը, դրանց դռները փակ են երեխաների համար: Երեխաները ստիպված են լինում օգտվել չվերանորոգված, ծայրահեղ վատ հիգիենիկ պայմաններով ապահովված սանհանգույցներից, որի հետևանքով ձեռք են բերում մի շարք հիվանդություններ»,- նշված էր ՄԻՊ հայտարարությունում: Դպրոցի տնօրենն ասաց, որ իրենք ունեն և´ վերանորոգված, և´ չվերանորոգված սանհանգույցներ. «Վերանորոգված սանհանգույցները գործում են միշտ և´ աշակերտների համար, և´աշխատակիցների համար: Երեխաները միշտ օգտվում են այդ սանհանգույցներից: Իրենց մայիսի 24-ին են եկել դպրոց: Աշխատակիցներից մեկն ասաց, որ ինքն է անձամբ ուղեկցել նրանց, տարել և ցույց տվել սանհանգույցները: Ասեցի՝ փա՞կ էին սանհանգույցները: Ասեց՝ ո´չ, ընկե´ր Հովհաննիսյան, փակ չէին: Այստեղ երեխաները միայնակ չեն մտնում սանհանգույց, միայն ուսուցչի, դաստիարակի ուղեկցությամբ: Գալիս են, վերցնում են երեխաներին, տանում են սանհանգույց, նույնիսկ օգնում են նրանց իրենց կարիքները հոգալ: Նույնիսկ դեպքեր են եղել, երբ երեխաները չհասկանալով ջարդում են սանհանգույցների ծորակները, այս են անում, այն են անում: Իսկ այն սանհանգույցը, որը վերանորոգված չէ, այնտեղ մենք հավաքած ջուր ունենք, քանի որ ջուրը մշտական չէ, ռեժիմով է: Հավաքարարները դա օգտագործում են լվանալու համար»: