Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյան. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ, այո, Սուրեն Խաչատրյանը մարզպետ էր, այլ ոչ թե գողական»

Սյունիքի աղմկոտ միջադեպի կապակցությամբ NEWS.am-ը հարցազրույց է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ։ Լրատվամիջոցը խնդրել է գնահատական տալ Սյունիքի մարզպետին՝ նկատի ունենալով, որ Վ. Գասպարյանը օրեր առաջ հայտարարել էր, թե Սուրիկ Խաչատրյանը գողական չէ, մարզպետ է: Հարցին ի պատասխան՝ ոստիկանապետը պատասխանել է.

«Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ, այո, Սուրեն Խաչատրյանը մարզպետ էր, այլ ոչ թե գողական, բառերի իմաստը պետք է ճիշտ ընկալել: Գողական ասելով՝ ես այլ բան եմ պատկերացնում. այսպես ասեմ, դա մի ուղի է, որ մարդն ընտրում է ու դրանով առաջնորդվում: Իսկ ձեր պատկերացմամբ, ինչպես հասկացա, մարդ է, որն օգտագործում է որոշակի բառապաշար: Դուք քաղաքացի եք, կարող եք նման հայտարարություններ անել՝ մարդը կրիմինալ է, կրիմինալ չի, իսկ ես իրավաբան եմ, եւ դրա իրավունքը չունեմ: Անմեղության կանխավարկած կա: Բայց իմ ասածներից շատ մարդիկ պետք է հետեւություններ անեն…»։

Նա կրկնել է նախկինում արված իր պնդումը, որ այս երկրում այլևս  արյամբ հարցեր չեն լուծվելու։ «Իհարկե, մեր երկրում զոռբայությամբ, զենքով, արյամբ հարց չի լուծվում: Իսկ եթե որոշ բթամիտներ չեն հասկանում՝ կհասկանան: Դա չի նշանակում, որ այլեւս հանցագործություններ չեն լինելու մեր երկրում: Ոչ մի տեղ ոչ մի երկրում, ոչ մի հասարակությունում ապահովագրված չեն վեճերից, կռիվներից եւ այլ երեւույթներից: Խնդիրն այն է, թե ինչպես է աշխատում ոստիկանությունը, ինչպես է բացահայտում եւ ինչպես է հասարակությունը օժանդակում դրան եւ  այլն, եւ այլն… Այնպես որ, պետք չէ մակերեսային նայել: Երանի այդպես լիներ, ու բոլորը մի խոսքից ընկալեին ու հանցանք չկատարեին: Երանի այդ օրերը գան, բայց՝ ավաղ… Այնպես չի, որ ասեցինք, գրեցիք, էլ չի լինի հանցանք: Ես համոզված եմ, որ ոստիկանությունը կդառնա պրոֆեսիոնալ, սկզբունքայնությունն էլ ոչ թե՝ ժամանակավոր, այլ՝ անդառնալի, եւ հասարակությունն էլ, ակնկալում եմ, կօգնի այդ հարցում: Կարծում եմ, որ դուք՝ լրագրողներդ էլ մեր կողքին կլինեք»,- ասել է Վ. Գասպարյանը:

Նա նաև ավելացրել է, որ կատարվում է քննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները և հավաստիացրել՝ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն:

Կարդացեք նաև

Ամբողջական հարցազրույցը՝ NEWS.am կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս