Չինացի կիբեր լրտեսները հափշտակել են 40 երկրի գաղտնիքներ
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ «Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել է մի լրտեսական ցանց, որի զոհերն են դարձել աշխարհի 40 երկրների ավելի քան 350 պետական կազմակերպություն: Չարագործների գլխավոր գործիքը դարձել է NetTraveler ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հեռվից գաղտնի հետևել համակարգիչներին:
Չարագործների թիրախում են գտնվել դեսպանատներն ու դիվանագետները (բոլոր հարձակումների 32 տոկոսը), կառավարական կազմակերպությունները (19 տոկոս), ռազմական կառույցներ (9 տոկոս), անհատական օգտատերերը (11 տոկոս), ֆինանսական հիմնարկները (3 տոկոս), գիտահետազոտական հիմնարկները (4 տոկոս), ԶԼՄ-ները (1 տոկոս), ինչպես նաև քաղաքական ու հասարակական կազմակերպությունները (3 տոկոս):
Հարձակումների 7 տոկոսը բաժին է ընկել արդյունաբերական օբյեկտներին և ենթակառուցվածքներին, իսկ 6 տոկոսը՝ ավիացիոն ոլորտին: Ամենայն հավանականությամբ, NetTraveler լրտեսական ցանցն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին, սակայն հայտնաբերված վիրուսների մեծ մասը թվագրված է 2010-2013 թվականներին:
«Կասպերսկու լաբորատորիան» NetTraveler-ով վարակված ամենաշատ համակարգիչները հայտնաբերել է Մոնղոլիայում, Հնդկաստանում ու Ռուսաստանում:
Կիբեր լրտեսների զոհը դարձած երկրների թվում նշվում են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Հարավային Կորեան, Իսպանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Կանադան, Մեծ Բրիտանիան, Չիլին, Մարոկկոն, Հունաստանը, Բելգիան, Ավստրիան, Ուկրաինան, Լիտվան, Բելառուսը, Ավստրալիան, Հոնգկոնգը, Ճապոնիան, Իրանը, Թուրքիան, Թաիլանդը, Կատարն ու Հորդանանը:
Կիբեր հանցագործներին ամենաշատը հետաքրքրել են տիեզերքի հետազոտությունները, նանոտեխնոլոգիաները, էներգետիկան, այդ թվում նաև միջուկային, լազերները, բժշկությունը և հաղորդակցային ուղիները: Կիբեր ցանցի օպերատորների մեծ մասը (նրանց ընդհանուր քանակը կազմել է մոտ 50) որպես մայրենի լեզու է օգտագործել չինարենը և որոշակիորեն նաև անգլերենը: