Ումի՞ց է հրաժարականի թույլտվություն վերցրել Սուրեն Խաչատրյանը
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, ինչպես տեղեկացրել ենք, հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները:
Նա նշել էր, որ իր վերադաս մարմնից ստացել է թույլտվություն։
Նշենք, որ Սյունիքի մարզպետի անմիջական վերադասը ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն է։ Այսինքն՝ նրան թույլտվություն պետք է տրված լիներ կառավարությունից։
Սակայն, որքան էլ զարմանալի լինի, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում, ի պատասխան մեր այն հարցին, թե Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Կառավարությանը դիմում` պաշտոնից հրաժարվելու մասին ներկայացրել է՞, բացասական պատասխան տվեց՝ ոչ:
Այսինքն՝ կամ Սուրեն Խաչատրյանը մարզպետի լիազորություններից ժամանակավորապես հրաժարվելու մասին բանավոր է խնդրել, կամ էլ նրա վերադասը տեղյակ չէր դիմումի մասին։
Հիշեցնենք, որ հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: