
«Թե ե՞րբ կավարտվի Հայաստանի կենսագրությունը` կախված է Սուրեն Խաչատրյանի պես «քաջագործներից»». Զոյա Թադևոսյան

«Մենք սովոր ենք նրան, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց կարող են օրենքից վեր դասել, կարող են գործել այնպիսի հանցանքներ, որոնք այլ երկրներում ոչ միայն պաշտոնից կամավոր հրաժարվելու առիթ են հանդիսանում,, այլև` անպայման այդ մարդիկ քրեական պատասխանատվության են ենթարկվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցներին:
ՀԱԿ անդամը նշեց, որ Հայաստանում, ցավոք, հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկողները ևս հանցագործ են, ինչի արդյունքում՝ «նմանը նմանին կպաշտպանի ու ոչ թե կքարկոծի, օրենք կկիրառվի»: Զոյա Թադևոսյանի խոսքով` այս հարցը ու նման բազմաթիվ այլ հարցեր, օրինական դաշտում դիտարկելու պարագայում, Բաղրամյան 26-ից սկսած` բոլոր նախարարներին, պաշտոնյաներին անհապաղ ձերբակալել է պետք: «Մեր երկիրը շատ կարճ կենսագրություն է ունենալու: Թե ե՞րբ կավարտվի Հայաստանի կենսագրությունը` կախված է Սուրեն Խաչատրյանի պես «քաջագործներից»»,- նշեց Զ. Թադևոսյանը:
Անդրադառնալով շրջանառվող տեսակետներին, թե Սուրեն Խաչատրյանը կօգտագործվի Սերժ Սարգսյանի PR-ի համար, Զ. Թադևոսյանը նկատեց. «Չեմ կարծում, թե PR-ի համար կարելի է նման անարժան գործիք օգտագործել: Ս. Խաչատրյանն այնքան վարկաբեկված անձնավորություն է, որ նրան որևէ առումով օգտագործել չի կարելի: Նրան պարզապես պետք է վնասազերծել հասարակությունից, օտարել հնարավոր բոլոր միջոցներով: Անկեղծ ասած` Սերժ Սարգսյանին ոչինչ էլ չի օգնի: Նա անհույս դեպք է, քննարկումից դուրս… Ի՞նչ PR-ի մասին կարող է խոսք գնալ, երբ իշխանությունները մերժված են հասարակության կողմից, երբ վստահություն, հավատ մարդիկ նրանց նկատմամբ չունեն: Եթե մենք շարունակենք նման անտարբերությամբ վերաբերվել փաստերին, մեր պատմությունը շատ շուտով ավարտին կհասնի»:
Այսօր ֆեյսբուքում բացվեց մի նախաձեռնություն՝ «Պահանջում ենք Լիսկային ազատել մարզպետի պաշտոնից և պատասխանատվության ենթարկել», որին արդեն բավական թվով մարդիկ են միացել: Այս առնչությամբ Զոյա Թադևոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք իշխանությունները կդրսևորեն քաղաքական կամք` հաշվի առնելու հասարակական արձագանքը, պահանջը: Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նշեց. «Իշխանությունները, քաղաքական կամք ունենալ-չունենալուց բացի, ցանկություն չունեն. նրանք վախենում են այդ հրաժարականից: Իշխանությունը որ պահին թողեց իր ձեռքի ունեցած լծակները՝ հաջորդ պահին կկալանավորվեն»:
Զ. Թադևոսյանը հույս հայտնեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կձերբակալի Ս. Խաչատրյանին, ու հիշեցրեց Սասուն Միքայելյանի կալանավորման պատճառը. «Մեծաթիվ քանակությամբ զենք-զինամթերք պահելու պատրվակով շինծու գործ սարքվեց Ս. Միքայելյանի վրա, ու նրան ձերբակալեցին, իսկ այդ դեպքում փաստացի զենք հանեցին, զինամթերք, ու հույս ունեմ, որ կձերբակալվի: Եթե Վովա Գասպարյանն օրենքի պաշտպան է, նա պարտավոր է ձերբակալել Սուրեն Խաչատրյանին»: