ՀԿԵ-ն տոնում է իր գործունեության 5-ամյակը
Հունիսի 1-ին լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 5-ամյակը: Ընկերությունից 168.am-ին տրամադրված հաղորդագրության մեջ նշվում է.
«Մի քանի օր առաջ՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնին, Գյումրիում շահագործման են հանձնվել երկու խոշոր կառույց՝ լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոները, որոնք հիմնվել են դեռ 1899 թ-ի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ էր ժամանել առաջին գնացքը:
Դեպոների վերակառուցումը տևեց մոտ 2 տարի: Օբյեկտների վերաբացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-պատվիրակ Սերգեյ Օվերչենկոն, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վրացական երկաթուղիների գլխավոր տնօրեն Մամուկա Բախտաձեն և այլ պաշտոնատար անձինք:
Անցած 5 տարիների ընթացքում մեծ գումարներ են ներդրվել երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման մեջ: «ՀԿԵ» ՓԲԸ ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմել է մոտ 90 մլրդ դրամ, իսկ 2013 թվականի ներդրումները կկազմեն մոտ 6 մլրդ դրամ:
Այս տարիներին Հայաստանում կառուցվեցին և վերակառուցվեցին բազմաթիվ երկաթուղային օբյեկտներ: Միայն 2012 թվականին շահագործման են հանձնվել 3 խոշոր երկաթուղային կամուրջներ, որոնց թվում նաև Հայաստանի ամենահին Զամանլուի երկաթուղային կամուրջը:
Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակներում, մասնավորապես, վերանորոգվել են 286.5 կմ գիծ, 52 գծանց, 35 կամուրջ, 132.2 կմ կոնտակտային ցանց:
Էական արդյունքներին Ընկերությունը հասավ նաև երկաթուղային բեռնա և ուղևորափոխադրումների ոլորտում: Օրինակ, բեռնափոխադրումների ընդհանուր ծավալում երկաթուղային բեռնափոխադրումների մասնաբաժինը 2012 թվականի արդյունքներով կազմեց 34.2%՝ 2008 թվականի 29.3% դիմաց:
Իսկ միջազգային ուղևորափոխադրումների ծավալը 2008-ի հետ համեմատ եռապատկվեց. միայն Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնող ուղևորների թիվն աճեց 6 անգամ:
2008-ի հետ համեմատ մերձքաղաքային ուղևորափոխադրումների ծավալը նույնպես աճեց՝ 29%-ով:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակելու է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացման իր ծրագրերի իրականացումը: 2013-2015 թթ. համար ընկերության գործունեության առաջնահերթություններն են լինելու Գյումրու դեպոների վերակառուցման ծրագրի ավարտը, վագոնների սպասարկման համակարգի ներդրումը և գծի ենթակառուցվածքի և թունելների արդիականացումը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով»: